Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ

Դեկտեմբեր 11,2001 00:00

ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ Կոմունիստական շրջանի «գաղափարաքարոզչական աշխատանքի» գլխավոր ուղղությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ հավելագրումներ /տՐՌտՌրՍՌ/: Այսինքն՝ թղթի վրա նկարվում են ինչ-որ թվեր կամ ինչ-որ «նվաճումներ», որոնք շատ հեռու են իրական կյանքից, եւ հենց այդ նկարած թվերն են հրամցվում որպես իրական: Օրինակ, իրենց կուսակցության երրորդ ծրագրում կոմունիստները գրել էին, թե 1980 թվականին ԽՍՀՄ-ում կոմունիզմ կկառուցվի: Եթե մինչեւ այդ թիվը Խրուշչովը ողջ լիներ ու իր պաշտոնին մնար, ապա 1980-ին կհայտարարվեր, որ կոմունիզմը հիմնականում կառուցված է, եւ բազմաթիվ թվեր կբերվեին, թե քանի տոկոսով է գերակատարվել հնգամյա պլանը եւ ինչպես է անշեղորեն աճում աշխատավորների բարեկեցությունը: Բնականաբար, այդ ոճը տարածված էր կոմունիստական հիերարխիայի բոլոր օղակներում: Օրինակ, եթե դու կոմերիտական ակտիվիստ ես գավառական քաղաքում, ապա ի պատասխան վերադաս մարմինների պահանջի՝ կհայտարարես, որ «լենինյան ստուգարք» են անցել կոմերիտականների 103,8 տոկոսը: Իրականում 30 տոկոսն էլ չի անցել, բայց ո՞ւմ էր դա հետաքրքրում: Կամ, եթե որեւէ կոմբինատի պարտկոմ ես, ապա կզեկուցես մարզկոմ, որ բոլոր արտադրամասերում ակտիվորեն քննարկվել է Բրեժնեւի «Մալայա զեմլյա» գիրքը՝ չնայած բանվորներն իրավամբ թքած ունեն այդ գրքի վրա: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչպիսի ծագում ունեն 40 հազար աշխատատեղի, 250 հազար զբոսաշրջիկի կամ 10 տոկոս տնտեսական աճի մասին հեքիաթները: Իհարկե, կբերվեն դրանք ապացուցող 100 տեսակի հաշվարկներ եւ փաստաթղթեր, բայց էությունը նույնն է՝ դրանք կոմունիստական հավելագրումներ են: Նույնը՝ աղետի գոտին: Խոստացվեց այն վերականգնել 2001 թվականին, հիմա ասվում է, թե «առկա են դրական մեծ տեղաշարժեր»: Իսկ մարդիկ /ովքեր մնացել են/ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում: Հիմա մեկ այլ ժամկետ է նշվում՝ 2003 թվական: Եվ 2003-ին, նախընտրական կամպանիայի ժամանակ, կհայտարարվի, որ աղետի գոտին հիմնականում կառուցվել է: Ճիշտ կոմունիզմի նման: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել