Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցյալ շաբաթ «Վարկած» վերլուծական կենտրոնը հերթական սեմինարն էր

Դեկտեմբեր 11,2001 00:00

Ահաբեկչությունն արդարացում չունի Անցյալ շաբաթ «Վարկած» վերլուծական կենտրոնը հերթական սեմինարն էր նախաձեռնել, որի քննարկման առարկան գլոբալիզացիան եւ ահաբեկչությունն էր: Քննարկմանը հրավիրվածների մի ստվար հատվածը եզրակացրել էր, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը գլոբալիզացիային եւ միաբեւեռ աշխարհակարգի դեմ ուղղված պայքար է: Եղել էին ահաբեկչությունը ծնող նաեւ այլ պատճառաբանություններ, որոնք, կամա թե ակամա, միտված էին, ըստ էության, ահաբեկչության արդարացմանը: Նման տեսակետներ էին հայտնել սեմինարի գրեթե բոլոր բանախոսները, մասնավորապես՝ Ի. Մուրադյանն ու Ա. Մանուչարյանը: Վերջինս նույնիսկ բեն Լադենին «խեղճ» որակելով, կարծիք էր հայտնել, թե մարդկության իմունային համակարգը փորձում է ահաբեկչությամբ պայքարել իրեն պարտադրվող մարդկային որակների նվազեցմանը տանող գլոբալիզացիայի դեմ: Երեկ մենք դիմեցինք «Հակաահաբեկչություն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հակոբյանին՝ իր տեսակետը հայտնելու կարեւորագույն մի խնդրի շուրջ՝ արդարացված կամ անարդարացի ահաբեկչություն, ընդհանրապես, լինո՞ւմ է, թե՞ ոչ: Վերջինս, անդրադառնալով «Վարկածի» կազմակերպած քննարկմանն ու այնտեղ հնչած տեսակետներին /այնքանով, որքանով հնարավոր էր եղել դրա մասին պատկերացում կազմել լրատվամիջոցներից/, նկատեց. «Կարծում եմ, խնդիրն այսօր ահաբեկչությունը «հասկանալը» կամ դրա պատճառների մասին խոսելը չէ: Ահաբեկչությունները, սպանությունները, դաժանությունները, պատերազմները միշտ էլ պատճառներ ունեն: Այսօր քաղաքակիրթ աշխարհի խնդիրն այլ է՝ մերժել ահաբեկչությունը՝ որպես արատավոր երեւույթների դեմ ուղղված պատասխան: Ահաբեկչությունն, անկախ իր ծնող պատճառներից, պետք է մերժվի, իսկ ահաբեկիչները պետք է պատժվեն: Հակառակ դեպքում կարելի է արդարացումներ փնտրել նաեւ Նաիրի Հունանյանի կատարած ոճրագործության համար՝ ասելով, թե դա պայմանավորված էր Հայաստանում ստեղծված իրավիճակով՝ սոցիալական անարդարություն, կոռուպցիա, աղքատություն եւ այլն: Ուրեմն նրանք, ովքեր փորձում են «հասկանալ» եւ «բացատրել» ահաբեկչությունը գլոբալիզացիայի համատեքստում, փաստորեն, արդարացնում են նաեւ Նաիրիին: Մինչդեռ, իմ կարծիքով, գործող կազմակերպություններն ու գործիչները երկարաշունչ «վերլուծությունների» փոխարեն պետք է բացատրեն հասարակությանը, որ ահաբեկչությունը ցանկացած պարագայում պետք է բացառվի, ահաբեկչության համար ոչ մի արդարացում չկա: Դա պետք է լինի ելակետը»: Սակայն, ցավոք, մեր հասարակությունը հակված է ահաբեկչությունը պաշտպանելու կամ արդարացնելու: «Հայաստանում քաղաքական շատ գործիչների գիտեմ, ովքեր այսօր արդարացնում են բեն Լադենին: Մենք դարձել ենք Պաղեստինին, Աֆղանստանին կամ Իրաքին նմանվող երկիր, որտեղ հասարակական կարծիքը հակված է հասկանալ բեն Լադենի գաղափարները եւ գործողությունները: Դա ցավալի է եւ վտանգավոր: Պետք է մի բան հասկանալ. ահաբեկչությամբ, միեւնույն է, ոչ մի խնդիր չի լուծվում: Բեն Լադենն իր գործողություններով, բացի այն, որ վտանգի ենթարկեց աֆղան ժողովրդին, իր ընտանիքն ու իր կյանքը՝ սպանելով հազարավոր անմեղ մարդկանց, միեւնույն ժամանակ ոչ մի խնդիր չլուծեց: Կարելի է բերել տասնյակ օրինակներ. 70-80-ականների ահաբեկչական ակտերը թուրքական պետության կամ գործիչների դեմ դարձյալ որեւէ արդյունք չտվեցին: Միայն այն ժամանակ, երբ ահաբեկչության ալիքը մարեց, երբ ստեղծվեց հայկական պետություն՝ աշխարհը սկսեց ճանաչել Եղեռնը: Յասիր Արաֆաթն էլ ահաբեկչությամբ ոչնչի չհասավ: Նա դատապարտեց ահաբեկչությունը, նստեց բանակցությունների սեղանի շուրջ՝ ստեղծվեց Պաղեստինի ինքնավարությունը: Վերջերս պաղեստինցիները նորից ահաբեկչություն կազմակերպեցին, նորից սրվեց վիճակը, մարդիկ զոհվեցին, բայց վտանգվեց հենց Պաղեստինի պետության ստեղծման հեռանկարը: Իռլանդական հանրապետական բանակին եւս ահաբեկչությամբ ոչինչ չհաջողվեց անել: Նա ստիպված եղավ քաղաքական թեւ ձեւավորել եւ բանակցել անգլիական իշխանությունների հետ: Այսինքն, աշխարհում ահաբեկչությամբ դեռ ոչ մեկն իր նպատակին չի հասել, չկա նման օրինակ: Միգուցե, ահաբեկչության, այսպես ասած, օգտակար գործողության գործակցի իսպառ բացակայության օրինակներով կարող ենք համոզել տարբեր տիպի ներկայիս եւ ապագա «ռոմանտիկներին» եւ «հայրենասերներին»՝ պայքարել միմիայն քաղաքական դաշտում, այլ ոչ թե սպանել, պայթեցնել, ոչնչացնել»,- նկատեց «Հակաահաբեկչություն» հասարակական կազմակերպության նախագահ Տ.Հակոբյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել