Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չարտոնված»

Դեկտեմբեր 11,2001 00:00

ՍՏԵՐԵՈՏԻՊՆԵՐԸ ՋԱՐԴՎՈՒՄ ԵՆ «Չարտոնված» երթի երեկվա փորձը ցույց տվեց, որ իշխանությունների կողմից մեր քաղաքացիների վզին մշտապես փաթաթվող, բայց ՀՀ Սահմանադրությունից չբխող ու չգրված օրենքը՝ հանրահավաքների, երթերի, ցույցերի թույլտվություն ստանալու մասին միայն հարմար պատճառաբանություն է ընդդիմության բերանը փակելու համար: Հասարակական կազմակերպությունը՝ խախտելով ամբողջատիրությունից մեզ ժառանգություն հասած սովորույթը, Երեւանի քաղաքապետից խաղաղ երթ կազմակերպելու թույլտվություն կամ համաձայնություն չէր հայցել: Այդուհանդերձ, իշխանություններն անգամ չփորձեցին խանգարել միջոցառմանը: Ավելին, Երեւանի Քաղաքային վարչության հասարակական կարգի պաշտպանության վարչությունն ավելի քան պատշաճ կարգով ապահովեց երթի մասնակիցների եւ փողոցային երթեւեկության անվտանգությունը: Այսինքն՝ եթե ուզում են՝ կարողանում են անգամ հանպատրաստից ե՛ւ մարդկանց անվտանգությունն ապահովել, եւ հասարակական կարգը: Մեր այն հարցին՝ ինչ եք ուզում ասել կազմակերպված ակցիայով, Աշոտ Բլեյանը պատասխանեց. «Չենք ուզում ասել, պարզապես ցուցադրում ենք այն, ինչ տեսնում եք: Ունենք չէ՞ խաղաղ երթի իրավունք: Ահավասիկ մի խումբ մարդիկ իրենց այդ իրավունքից օգտվում են, առավել եւս, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ես ուզում եմ, որ հայաստանցին, երեւանցին վախն իր միջից հանի, որովհետեւ ինքն իր համոզմունքներն, իր գաղափարները տարածելու իրավունք ունի՝ նաեւ երթերի, հանրահավաքների, ցույցերի միջոցով, եւ որեւէ իշխանություն իրավունք չունի միջամտել՝ թույլատրել կամ խանգարել դրան: Այսօր մենք ուզում ենք ասել, որ խաղաղ երթի դուրս գալը մեր անօտարելի իրավունքն է: Մենք այն ոչ մեկին չենք զիջում»: Ցավալի էր, բայց դատելով երթի մասնակիցների թվաքանակից՝ շուրջ 30-40 հոգի, պետք էր եզրակացնել, որ ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլեւ՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին ճամարտակող հասարակական եւ քաղաքական կազմակերպություններն ու գործիչները, այնքան էլ չէին կարեւորել Մարդու իրավունքների պաշտպանության օրը նշելու հանգամանքը: Կազմակերպված ակցիային չէին մասնակցում այն կազմակերպությունները, ում ժամանակին արգելել էին հանրահավաքներ անցկացնել, այն քաղաքացիները, ովքեր ՆԳ բաժիններ էին տարվել իբրեւ չարտոնված հանրահավաքների եւ երթերի մասնակիցներ: Ներկա էին միայն առանձին կուսակցությունների մեկ-երկու ներկայացուցիչներ եւ վերջ: Այդ իմաստով «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հարց է առաջանում՝ ո՞ւմ է ուղղված այսօրվա մեր ակցիան: Ոմանց կարող է թվալ, թե այս ակցիան ուղղված է իշխանություններին, ոստիկանությանը, դատախազությանը: Իրականում այդ ակցիան ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Սա ցույց է ՀՀ քաղաքացիներին այն մասին, որ ոչ մեկը՝ ոչ իշխանությունները, որ հասարակական, քաղաքական կազմակերպությունները, առավել եւս, իրավապաշտպան կազմակերպությունները սկուտեղի վրա մարդու իրավունքները իրենց՝ քաղաքացիներին չեն մատուցելու: Սա ցույց է ՀՀ քաղաքացիներին, որ եթե իրենք ուզում են իրավունքներ ունենալ՝ պետք է տեր կանգնեն այդ ՝ աշխատանքի, առողջության, սոցիալական ապահովության իրավունքին: Այսօրվա ակցիայի ոչ այնքան մարդաշատ լինելը մոտավորապես ցույց է տալիս ՀՀ այն քաղաքացիների թիվը, ովքեր պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքներին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն այսօր ծանր վիճակում է»: Այդուհանդերձ, կազմակերպված ակցիան, որ երթից հետո շարունակվեց մանկական այգում, բավականին հետաքրքիր էր: Այստեղ ներկայացված էին առանձին նկարիչների գործեր, ուսանողներն ու պատանիները մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրենց աջակցությունը հայտնեցին ասմունքով, պարով եւ այլն: Հասարակական խորհրդի նախագահ Ա.Բլեյանն իր կարճ ելույթում հատուկ կարեւորեց մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի անհապաղ վավերացման անհրաժեշտությունը ՀՀ խորհրդարանում: Դրա վավերացումն, ի դեպ, տարբեր պատճառաբանություններով շարունակվում է ձգձգվել նույնիսկ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունից հետո: «Դա հանգեցնում է նրան, որ մենք պետք է հերոսություն անվանենք այն, որ մի խումբ մարդիկ որոշել են այս օրը օգտվել խաղաղ երթի իրենց իրավունքից ու չեն վախեցել: Շատ ամոթ է»,- ասաց Ա.Բլեյանը: Մենք դիմեցինք նաեւ ակցիայի մեկ-երկու մասնակցի՝ փորձելով պարզել, թե ինչո՞ւ են որոշել մասնակցել դրան: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պ.Մակեյանն ասաց. «Միանշանակորեն կարելի է ասել, որ Հայաստանում մարդու իրավունքները որեւէ կերպ պաշտպանված չեն: Մեզ մոտ պաշտպանված է միայն իշխանությունների, իշխանական չինովնիկների իրավունքը: Որպես ակցիա մասնակցում ենք, բայց առանձնակի պատրանք չունենք, թե միայն դրանով ինչ-որ բան կփոխվի: Մենք գտնում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված կլինեն միայն այն դեպքում, երբ ձեւավորվեն օրինական իշխանություններ»: «Շամիրամ» կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանն իր հերթին նշեց. «Այսօր ոտնահարված են մեր իրավունքները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ: Դրանք ամենեւին էլ կարիք չունեն վերաշարադրման ինչ-որ չինովնիկների կողմից, ովքեր իրենց իրավունք են վերապահում մեզ թույլտվություն տալ՝ օգտվելու մեր սահմանադրական իրավունքներից: Ես այդ ակցիային մասնակցում եմ որպես ՀՀ քաղաքացի»: «Հայաստանում մարդու իրավունքները հիմնականում թղթի վրա են: Դրանք պետք է պաշտպանեն ոստիկանությունն ու դատական մարմինները, բայց դրանք իշխանությունների ձեռքի տակ են: Դրանից կարելի է եզրահանգումներ անել: Ասում են, չէ՞՝ շունը տիրոջն է նման: Դրանով ամեն ինչ եզրափակվում է՝ մենք իրավունքներ չունենք: Ես իմ համերաշխությունն եմ հայտնում ակցիայի կազմակերպիչներին եւ միանում եմ բոլոր այն տեսակետներին, որոնք այստեղ հնչեցին»,- ասաց նկարիչ Գրիգոր Խաչատրյանը: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել