Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս

Դեկտեմբեր 11,2001 00:00

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵՍ ՏԱԼ» Այս կարծիքին է Գալուստ Սահակյանը 2002-ը դառնալու է նախընտրական տարի, որին նախապատրաստվում են բոլոր կուսակցությունները, այդ թվում նաեւ այսօր գործադիր իշխանությունն իրականացնող Հանրապետական կուսակցությունը։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այն կարծիքին է, որ նախընտրական արշավը չպիտի ընթանա ժողովրդին սիրաշահելու ճանապարհով, դրանից ժողովուրդը երես կառնի, ճիշտ այնպես, երբ ընտանիքում որդուն երես են տալիս, զավակը դառնում է երես առած, ոչ մի բանի պետք չեկող մեկը։ Ըստ Գալուստ Սահակյանի, չի կարելի ժողովրդին ասել՝ ես քեզ շատ եմ սիրում, ժողովուրդ, երբ իշխանության գամ, «նասոսդ» (պոմպ- Մ. Ե.) էլ կսարքեմ, լավ բերք էլ կունենաս։ Իսկ ՀՀԿ-ն, պրն Սահակյանի ներկայացմամբ, նման «երես տվող» բաներ չի արել եւ չի անելու, քանի որ «բնույթով հանրապետականն այնպիսին չէ, որ մտածի, թե հանրապետականը պետք է անպայման պաշտոն ունենա»։ Իսկ այս դիրքորոշման համար շարքային կուսակցականները, կարծես թե, հաճախ են քննադատում կուսակցության ղեկավարությանը։ Որպես թարմ օրինակ՝ Գալուստ Սահակյանը մատնանշեց ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանի՝ կրթության եւ գիտության նախարար դառնալը այն դեպքում, երբ հրապարակի վրա էր նույն՝ Գալուստ Սահակյանի անունը։ Սակայն, ըստ խմբակցության ղեկավարի, կուսակցությունում որոշվել է, թե ծրագրերը լավագույնս պրն Մկրտչյանը կարող է իրականացնել (եւ բոլորովին կարեւոր չէ, որ նա հանրապետական չէ), եւ հետո՝ Գալուստ Սահակյանի գնալով՝ խորհրդարանում ավելորդ խառնաշփոթ էր ստեղծվելու։ Իսկ այն շարքային հանրապետականներին, ովքեր դժգոհում են, որ լինելով ՀՀԿ անդամ պաշտոն չունեն, Գալուստ Սահակյանը այսպես է պատասխանում. «Եթե ձեր շրջանում անասնապահությունը զարգանա, գյուղի հովիվ քեզ կընտրենք, բայց գյուղի դպրոցի տնօրեն հանրապետականը քեզ չի վստահի, ինչքան էլ որ դու հանրապետական ես»։ «Միասնություն» խմբակցության երեկվա նիստի մի մասը նվիրված է եղել մամուլին։ Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ մամուլի հարցը գնալով լուրջ է դառնում, եւ մամուլն այսօր այն վիճակում է, որ կարողանում է հասարակության վրա ներգործել։ Թերեւս այս միտքը շարունակելով է պրն Սահակյանը զգուշացրել խմբակցության որոշ անդամների, որ չի կարելի ժողովրդին սիրաշահելու ճանապարհով գնալ. «Ես մերոնց զգուշացրի, որ ամբիոնից կամ թերթից մրցույթ սկսելը, թե ինչքան շատ եք սիրում ժողովրդին, մեր պետության բնույթն ու մեր ազգի դիմագիծը կդարձնի շատ ծիծաղելի եւ անիմաստ»։ Գալուստ Սահակյանը մի դիտարկում եւս արեց, որին մասամբ ենք համամիտ։ Ըստ այդմ՝ մամուլի հիմնական նյութը խորհրդարանն է։ Որպես նման միակողմանիության պատճառ, պրն Սահակյանը նշում է ֆինանսական հնարավորությունները։ Որպես անհամաձայնություն՝ նշենք, որ մեր թերթի ութ էջերից միայն մեկ էջը, հաճախ՝ դրա կեսն է նվիրված խորհրդարանին։ Պրն Սահակյանն իրավացիորեն նկատում է, որ մամուլը պետք է ֆինանսավորվի (ինքն ասում է՝ պետության կողմից), որպեսզի լրագրողը հնարավորություն ունենա ամենահեռավոր անկյուններից նյութեր բերելու։ «Միասնություն» խմբակցության այսօրվա քաղաքական մթնոլորտի մասին մեր հարցին պատասխանելով, խմբակցության ղեկավարն ասաց, որ ինքը կարողացել է հասնել նրան, որ խորհրդարանի մթնոլորտը ստեղծվում է քաղաքական մեծամասնության կողմից։ Քննարկվող բյուջեն եւ հարկային փաթեթը, Գալուստ Սահակյանի դիտարկմամբ, քննարկվում է այնպես, ինչպես փաստորեն թելադրվում է «քաղաքական մեծամասնության» կողմից։ Այս բառակապակցությունը չակերտված ենք ներկայացնում, որովհետեւ ըստ որոշ կարծիքների, նաեւ՝ ըստ Շավարշ Քոչարյանի՝ դա «թվաբանական մեծամասնություն է»։ Խոսելով բյուջեի եւ հարկային փաթեթի քննարկումների մասին, պրն Սահակյանը իրավացիորեն նկատեց, որ զարմանալիորեն «շատ մարդիկ վնասով են աշխատում, վնասով են, բայց ամեն մեկը, ըստ երեւույթին, օրական մի հատ ջիպ է բերում Հայաստան, ու՝ վնասով են աշխատում։ Այսինքն, սա էլ մեզ համար որոշակի դիրքորոշման խնդիր դարձավ, որ սա էլ պիտի նայվի։ Կարծում եմ, լավ պահ է նաեւ ստեղծվել, հանձին վարչապետի։ Ինքը կարողացավ քննարկելի դարձնել յուրաքանչյուր հարկային կամ տնտեսության այդ խնդրին վերաբերող ամբողջ օրենսդրությունը կամ՝ ընդհանրապես գաղափարախոսությունը եւ կարողացավ նաեւ տնտեսվարող սուբյեկտների հետ քննարկի։ Պարզապես ամեն ինչ լավ չի, չի էլ կարող ամեն ինչ լավ լինել, որովհետեւ մի երկրում եթե հավատը պակաս է, շատ դժվար է ամեն ինչը լավ ձեւով ներկայացնել»։ Համենայնդեպս, պրն Սահակյանը կարծում է, որ հնարավորություն կստեղծվի բոլոր քաղաքական ուժերի համար առաջիկա ընտրություններում հանդես գալ իրենց ուժերի չափով։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի հետ է լինելու։ Գալուստ Սահակյանի կարծիքով, այս հարցի պատասխանը կախված կլինի ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական զարգացումներից. «Առայժմ մեր որոշումը միանշանակ է, որ մենակ ենք գնում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել