Սոֆիա Գուբայդուլինայի երաժշտության տոնը «Կոմպոզիտորի ուղին, եթե նա ճշմարտացիություն է ուզում իր կյանքում եւ արվեստում, երբեք պատված չէ վարդերով»։ Սոֆիա Գուբայդուլինան այս կենսագրական խոսքերը արտաբերեց Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում այն փառատոնի օրերին, որը նվիրված էր իր 70-ամյակին։ Կազանում եւ Մոսկվայում անցկացված միջազգային փառատոնը վերածվեց կոմպոզիտորի շքեղ մեծարման, որի վաստակը երաժշտական արվեստի բնագավառում վաղուց միջազգային ճանաչում է գտել։ Փառատոնը կրկին հաստատեց, որ ի դեմս Գուբայդուլինայի, երաժշտական աշխարհն ունի ականավոր երաժիշտ, որի ինտելեկտը համեմատելի է գիտնական-մտածողի հետ, վսեմ ոգին՝ արեւելյան մարգարեների, իսկ երաժշտական ինտուիցիան՝ նախաստեղծ բնության հետ։ Սոֆիա Գուբայդուլինայի ստեղծագործությունը դժվար է վերագրել որեւէ կոնկրետ ուղղության, թեեւ արդիականության հետ կապերը բավականաչափ ակնհայտ են։ Նա զուտ էլիտար արվեստագետի կերպար է, որի համար արվեստի ճշմարտացիությունը ներդաշնակություն է ներաշխարհի, սեփական հոգու եւ գիտակցության հետ։ Այս առումով նրա կոմպոզիտորական ուղին իրոք եզակի է, հազիվ թե հնարավոր լինի 20-րդ դարի երկրորդ կեսին գտնել մի երաժիշտ, որն այնպիսի նվիրվածությամբ կատարելագործում է արվեստում իր անհատական դիրքորոշումը։ Ներկայումս Գուբայդուլինան բնակվում է Գերմանիայում (1992-ից), որտեղ նրա անհատականությունն ընդունվում է որպես երկրի բազմադեմ երաժշտական բնապատկերի մի մասը։ Կոմպոզիտորը Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի մի շարք խոշոր մրցանակների է արժանացել, որոնց հետեւում են նրա՝ տարբեր ժանրերի ու ձեւերի, լեզվով ու ոճով անհատական ստեղծագործությունները։ Կազանից սկսված եւ ինն օր Մոսկվայում անցկացված փառատոնի հովանավորներն էին երկու քաղաքների կառավարություններն ու վարչակազմերը, ինչպես նաեւ՝ տարբեր երաժշտական կազմակերպություններ։ Փառատոնն արժանացավ ամբողջ հասարակայնության սեւեռուն ուշադրությանը։ Մեր կոմպոզիտորներից քչերն են արժանանում նման ծանրակշիռ պատիվների եւ միաժամանակ այդպիսի համաժողովրդական սիրո։ Առանձնակի հիացմունք առաջացրեց փառատոնի կատարողական կազմը. ներկա էին ռուսաստանյան եւ արտասահմանյան լավագույն երաժիշտներ՝ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ փառաբանված դիրիժոր Վալերի Գերգիեւի գլխավորությամբ, ալտահար Յուրի Բաշմետը, թավջութակահար Վլադիմիր Տոնխան (նա միաժամանակ փառատոնի գեղարվեստական ղեկավարն էր), բայանահար Ֆրիդրիխ Լիպսը, ջութակահար Վլադիսլավ Իգոլինսկին, հարվածային գործիքների համույթը՝ Մարկ Պեկարսկու ղեկավարությամբ, Ռուսաստանի ազգային նվագախումբը (դիրիժոր՝ Պյոտր Մեշչանինով), Մոսկվայի կամերային երգչախումբը՝ Բորիս Տեւլինի ղեկավարությամբ, ճապոնուհի կոտոյահար Կազուե Սավային, Գետենաումին առընթեր բեմական համույթը (Դորնախ, Շվեյցարիա)։ Ցավոք, ձախողվեց Գիդոն Կրեմերի գալուստը, որին Գուբայդուլինան նվիրել էր իր «Օֆերտորիումը»՝ ջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտը։ Փառատոնի գերմանացի հյուրերի մեջ էին Հանս Ուլրիխ Դուֆեկը՝ Հանս Սիկորսկի հրատարակչության տնօրենը, որը տարածում է Գուբայդուլինայի երաժշտությունը, եւ բոխումցի երաժշտագետ Միխայել Կուրցը՝ կոմպոզիտորին նվիրված նոր գրքի հեղինակը։ Միավորելով մշակութային երկու ճյուղերի ծագումնաբանությունը (կոմպոզիտորի մայրը ռուս է, հայրը՝ թաթար), Գուբայդուլինան նոր երանգ տվեց Արեւելք-Արեւմուտք համադրության վերաբերյալ արդի պատկերացմանը։ Ռիթմի եւ իմպրովիզացիայի սուր զգացողությունը, ժողովրդական գործիքների բնույթի առանձնահատուկ ընկալումը, տարբեր կրոնների եւ հատկապես քրիստոնեության հանդեպ հետաքրքրությունը, 20-րդ դարի երաժշտական տեխնոլոգիայի եւ արդի կոմպոզիցիայի մետաֆիզիկական օրինաչափությունների ուսումնասիրությունը հանգեցրել են յուրօրինակ ստեղծագործական համադրության ստեղծման։ Հեղինակի բնորոշմամբ, «բինարային հակադրության» սկզբունքի վրա հիմնված ստեղծագործությունները տպավորություն են գործում ներքին կազմակերպման ուժով, որտեղ միտքն ու զգացմունքը, հաշվարկն ու ներշնչանքը, առօրեականն ու վերամբարձը անխզելի են՝ ճանաչողության գործընթացի միասնականության շնորհիվ։ Ստեղծագործություններից յուրաքանչյուրի տարբեր խնդիրները միավորում է այդ գործընթացի վերսկսումը, որը Գուբայդուլինայի երաժշտությանը տալիս է կենդանի օրգանիզմի հատկություններ։ Փառատոնում կատարվեցին վերջին տարիների առավել նշանակալի գործերը, այդ թվում՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը՝ մենակատարների, երկու երգչախմբի, երգեհոնի եւ նվագախմբի համար, ալտի կոնցերտը եւ բայանի, թավջութակի եւ լարայինների համար գրված «Քրիստոսի 7 բառը» ստեղծագործությունը, որտեղ Վալերի Գերգիեւի դիրիժորական հանճարը կերտում էր միայն իրեն հասու ոգու փոխակերպումներ։ Շատ վառ տպավորություն թողեց նաեւ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացած եզրափակիչ համերգը, երբ կատարվեցին «Այժմ ամենուր ձյուներ» քնարափիլիսոփայական կանտատը (խոսք՝ Գ.Այգիի) եւ զարմանալիորեն գեղեցիկ, հնչողության նոր ոլորտներ բացող «Ծառի տակի ստվերում» գործը, կոնցերտը կոտոյի, բաս-կոտոյի, շենի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Կամերային համերգի ծրագիրն նշանակալի ստեղծագործությունների ծաղկաքաղ էր. «Սկզբում ռիթմն էր», եւ «Յուբիլյացիա» հարվածայինների համար, «Կվատերնիոն» 4 թավջութակի համար, «Սպասելիս» գործը 4 սաքսոֆոնի եւ հարվածայինների համար, որոնք մոգական ազդեցություն ունեցան ունկնդիրների վրա։ Փառատոնի շրջանակներում Մոսկվայի կոնսերվատորիայում տեղի ունեցավ տեսական կոնֆերանս, որին ներկա էր ինքը՝ հոբելյարը։ Իմ «Ս. Գուբայդուլինայի կվարտետները որպես սոնորիսիտական տարածության յուրացման փորձ» զեկուցման թեման նվիրված էր սուֆիզմի փիլիսոփայության եւ ժողովրդական կատարողական արվեստի ազդեցությանը կոմպոզիտորի գործիքային գաղափարների վրա։ Պետք է ասել, որ Գուբայդուլինայի ստեղծագործության կրոնական պրոբլեմատիկան գերիշխում էր գիտնականների հաղորդումներում։ Օրինակ, Գուբայդուլինային նվիրված յուրօրինակ մենագրության հեղինակ Վալերիա Ցենովայի ելույթում։ Տվյալ խնդիրը համակողմանի լուսաբանում ստացավ կոնֆերանսի կազմակերպիչ, արվեստագիտության դոկտոր Վալենտինա Խոլոպովայի՝ Սոֆիա Գուբայդուլինայի բազմամյա գլխավոր կենսագրի, փառատոնի համերգներին նվիրված պատկերազարդ ու բովանդակալի գրքույկի հեղինակի «Գուբայդուլինայի ստեղծագործության հայեցակարգը» զեկուցման մեջ։ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ արվեստագիտության դոկտոր