Նախնյաց «դուխով»՝ «Օսկարին» ընդառաջ Հայկական կինոյի ընտրողական հանձնախումբը 2001 թ. լավագույն ֆիլմ է ճանաչել Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» եւ ներկայացրել այն «Օսկարի» 74-րդ կինոփառատոնի մրցույթին։ Նախնական արդյունքները հայտնի կդառնան 2002 թ. փետրվարի 12-ին։ Իսկ մարտ ամսին կկայանա մրցույթի երրորդ փուլը, երբ հինգ լավագույն ֆիլմերից հաղթող կճանաչվի միայն մեկը։ Ֆիլմը նպատակ ունի մարդկանց մեջ արթնացնել հույս, հավատ, սեր եւ տալ այն հարցերի պատասխանը, թե «ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք ուզում այս աշխարհից, եւ ո՞րն է մեր առաքելությունն այս երկնի ներքո»։ Իսկ մեծ ասպարեզ դուրս գալու իր հանդգնությունը նա բացատրում է «նախնիների տված դուխով» եւ Հայաստանը դրսում «այլ կոնտեքստի մեջ» հիշատակելու ցանկությամբ։ Մանավանդ որ, ամերիկյան լրատվամիջոցներում քիչ չեն բանտերում հայտնված «հայերի 14 հազարանոց բանակի մասին» տեղեկությունները։ Նա տեղեկացրեց, որ «Օսկարի» են ներկայացվել եւս 77 ֆիլմեր, որոնք բոլորն էլ, ի տարբերություն «Լռության սիմֆոնիայի», ունեն հզոր պրոդյուսերներ, «կինոյի եւ մշակույթի դիվիդենտներ», «կինոյի եւ մշակույթի դիվիդենտները գիտակցող» նախագահներ ու կառավարություններ։ Իսկ ինքն անձամբ իր ողջ ունեցածն է ներդրել, թեեւ ամերիկյան հայտնի կինոգետներից թաքցրել է իրականությունը։ 2000 ԱՄՆ դոլարով օժանդակել է ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը, մշակույթի նախարարությունն էլ 1000 դոլարի սահմաններում հոգացել է ճանապարհածախսը։ Ըստ Չալդրանյանի, ներկայումս կնքված է պայմանագիր՝ շոու-բիզնեսում ներգրավված, ծագումով հրեա փաստաբանի հետ, որը «ձրի գովազդ շահելու նպատակով» նույն ֆիլմը ներկայացրել է նաեւ «Ոսկե Գլորիա» կինոփառատոնին։ Վերջինիս մրցանակաբաշխությունը կկայանա հունվարին։ Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Կարեն Ջանիբեկյանը, համոզված է, որ «Լռության սիմֆոնիան» այն ֆիլմն է, որն արժանի է «Օսկարի» ներկայացվելու երկարատեւ ընդմիջումից հետո, երբ «70 տարի շարունակ սովորեցրել են միայն թրիք ու ցեխ նկարել»։ Եվ հիմա «ազգովի մեծ հրապարակավ մազոխիզմին վերջ տալու» ժամանակն է։ Նա վստահ է, որ ամերիկացիները եւս ունեն «Լռության սիմֆոնիայի» խենթ հերոսների բարության կարիքը, քանի որ ֆիլմ են նկարում «սեքսի, ուտելիքը լափելու ու բռնաբարության մասին»։ «Լռության սիմֆոնիան» Արզնու երկու առողջարաններում նկարահանելուց առաջ դերասաններին քանիցս տարել են Նուբարաշենի հոգեբուժարան։ Նկարահանումների ժամանակ նրանք օգտվել են հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Սամվել Թորոսյանի եւ հանրապետության գլխավոր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի խորհուրդներից։ Վերջինիս կարծիքով, դերասաններն այնքան բնական են խաղացել հոգեկան հիվանդների դերերը, որ ցանկացել է «բոլորին միանգամից հավաքել ու տանել հոգեբուժարան եւ կազմակերպել նրանց բուժումը պետպատվերի շրջանակներում»։ Նա նաեւ գտնում է, որ այս ֆիլմը մի քանի գլուխ ավելի բարձր է 73-րդ կինոփառատոնում հաղթող ճանաչված թայվանական ֆիլմից։ Վ. Չալդրանյանը հիշեց խորհրդային կինոյի ընտրողական հանձնաժողովին, որը բարձր էր գնահատում միայն ռուսական ֆիլմերը։ Ներկայումս հայ կինոյին նման վտանգ չի սպառնում, քանի որ այժմ ընտրողական հանձնաժողովի կազմում ընդգրկված է «նաեւ արվեստագետ» եւ «Սայաթ-Նովա» մրցույթի գլխավոր մրցանակակիր Պարույր Հայրիկյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ