ՖԻՖԱ-ն ստուգելու է ամբողջ սննդամթերքը Եկող տարվա ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում ՖԻՖԱ-ն մտադիր է ստուգել բոլոր երկրների հավաքականների խաղացողների, մարզիչների համար նախատեսվող ամբողջ սննդամթերքը, ըմպելիքները, դեղամիջոցները։ Կազմակերպությունը նախ եւ առաջ զգուշանում է կարբունկուլից եւ նմանատիպ այլ թույներից։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի անվտանգության կոմիտեի նախագահ Անտոնիո Մատարեզեն։ «Մենք չենք բացառելու առաջնության մասնակիցների անվտանգությունը վնասող ոչ մի հավանականություն։ Մենք պետք է համոզված լինենք, որ ամբողջ սննդամթերքն անվտանգ է։ Բացի դա, հավաքականների մարզումային բազաների, ինչպես նաեւ ստադիոնների վրայով խաղերի ժամերին ինքնաթիռներ չպետք է թռչեն»,- հայտարարել է նա։ Թեեւ Մատարեզեն չի մանրամասնել, թե ինչպես է իրականացվելու սննդամթերքի ստուգումը, բայց ասել է, թե թունավորման վտանգը ՖԻՖԱ-ն լրջորեն է ընդունում։ Ահաբեկչական հայտնի գործողություններին հաջորդած ԱՄՆ-ում սիբիրյան խոցից մահացության դեպքերից հետո ՖԻՖԱ-ն, Հարավային Կորեայի, Ճապոնիայի կառավարությունները եւ վարչակազմերը ուժեղացրել են ջանքերը, որ ուղղված են անվտանգության ապահովմանը։ Մատարեզեն վստահեցրել է, թե 2002թ. եզրափակիչը ամենաապահովը կլինի մինչ այդ անցկացվածներից։ «Սա լինելու է աշխարհի գավաթի ամենաապահով կազմակերպումը մասնակիցների համար՝ ներառյալ խաղացողներին, մարզիչներին եւ տեխնիկական ամբողջ հաստիքացուցակը։ Էլ չենք ասում հանդիսականի մասին»,- ասել է նա։ Անվտանգության հարցերի քննարկմանը մասնակցել են մասնակից բոլոր 32 հավաքականների ներկայացուցիչները։ Նմանատիպ հաջորդ միջոցառումը նախատեսված է փետրվարին։ «Աշխարհը կորցրել է հստակությունը եւ ես հույս ունեմ, որ ֆուտբոլը կկարողանա այն վերականգնել։ Մի մոռացեք, որ Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակի պատճառով Հարավային Կորեան գտնվում է մշտական անհանգիստ վիճակում։ Մենք համոզված ենք, որ նրանք ի վիճակի են հաղթահարել ցանկացած վտանգ»,- ավելացրել է Մատարեզեն։ Ավելացնենք, որ թե Ճապոնիան, թե Հարավային Կորեան ոչ վաղ անցյալում օլիմպիական խաղեր են կազմակերպել։ Կարծում ենք, որ այդ երկրները նմանատիպ ներկայացուցչական մրցումներում անվտանգության ապահովման բավականաչափ փորձ արդեն ունեն։ Ք. Հ.