ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ԵՎ ԾԱՆՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջան-2001-ը պատմության գիրկն է անցնում։ Այն նշանավորվեց նախ եւ առաջ նրանով, որ անցկացվեց անկախ Հայաստանի հոբելյանական՝ 10-րդ առաջնությունը։ Սակայն խաղաշրջանը մարզասերների հիշողության մեջ կմնա նաեւ որպես հակասություններով հագեցած ու բարդ ժամանակահատված։ Երկրի գավաթի խաղարկությունն ու բարձրագույն խմբի առաջնությունը հանրապետության ֆեդերացիայի եւ մի շարք ակումբների միջեւ եղած տարաձայնությունների պատճառով բավականին ուշ մեկնարկեցին։ Լավ էր, որ հաջողվեց վերջին պահին վեր կանգնել փոխադարձ մեղադրանքներից ու վերջնագրային բնույթ ունեցող պահանջներից։ Ճիշտ է, ընթացքում էլի մի քանի անգամ տհաճ երեւույթներ եղան, օրինակ, «Կիլիկիան» հրաժարվեց հետագա մասնակցությունից, սակայն, բարեբախտաբար, առաջնությունը բարեհաջող հատեց եզրագիծը։ Ամբողջ տարվա ընթացքում բուռն քննարկումների եւ բանավեճերի թիրախ էր ազգային հավաքականը, որի մասնակցությանն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մինչեւ այժմ էլ տարբեր, միմյանց ինչ-որ տեղ բացառող գնահատականներ են տրվում։ Մասնավորապես, շրջանառության մեջ էր դրված գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հրաժարականի պահանջը։ Ոմանք հավաքականի անհաջող մրցելույթների պատճառը հենց նրան էին վերագրում։ Մյուսները, այդ թվում նաեւ ֆեդերացիան, համաձայն չէին այդպիսի կտրուկ գնահատականների։ Մասնավորապես, ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը (ի դեպ, նրան նույնպես առաջարկում էին հեռանալ), վերլուծելով մրցաշրջան-2001-ը, «DCA»-ին տված վերջին հարցազրույցներից մեկում ներկայացնում է իր մեկնաբանությունները։ Սկսելով վիճակահանությունից, նա ընդգծում է, որ մեր հավաքականին 5-րդ ենթախմբում ուժեղ մրցակիցներ էին բաժին ընկել ի դեմս Ուկրաինայի, Լեհաստանի, Ուելսի, Բելառուսի։ Եվ եթե առաջին երեքը ավանդաբար ուժեղի համարում ունեն Եվրոպայում, իսկ Նորվեգիան այդ ժամանակ ՖԻՖԱ-ի դասակարգման վարկանիշային ցուցակում առաջին տասնյակում էր, ապա Բելառուսը վերելքի ճանապարհին է, քանի որ այնտեղ ընդունվել եւ գործում է ֆուտբոլի մասին օրենքը։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, վիճակն անմխիթար է։ Պարոն Աբրահամյանը խոսում է այն մասին, որ ֆեդերացիան ֆինանսապես լավ վիճակում չէ, պետությունն էլ առայժմ չի կարողանում ձեռք մեկնել։ Իսկ այսօրվա աշխարհում ընդունված դրվածքի պայմաններում հավաքականի առջեւ հնարավոր չէ ավելի լուրջ խնդիրներ դնել, եթե չես կարողանում ստեղծել համապատասխան մարզումային պայմաններ, բարձրացնել հավաքականի անդամ ֆուտբոլիստների վարձատրությունը… Չնայած դրան, մեր ընտրանու մեկնարկն ընտրական մրցաշարում հուսադրող էր։ Հիշենք սենսացիա որակված ոչ-ոքին Օսլոյում, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Ուկրաինայի հետ հանդիպման առաջին խաղակեսը, մի քանի այլ խաղեր։ Եվրոպայում մեր հավաքականի մասին տարածվել է այն կարծիքը, որ թիմն անկանխատեսելի է՝ կարող է մատուցել ցանկացած անակնկալ եւ պարտվել ցանկացածի։ Ֆեդերացիայի նախագահը հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտի անկումը կապում է Երեւանում Ուկրաինայից կրած 2։3 հաշվով ցավալի պարտության հետ։ Տարբեր կասկածները, ավելորդ ասեկոսեները, անիրազեկ գնահատականները «կոտրեցին» թիմը։ Բավականին ջանքեր պահանջվեցին (ֆեդերացիայից եւ գլխավոր մարզչից- Ա. Հ.) կրկին մարտունակ կոլեկտիվ ստեղծելու համար ու դա զգացվեց հաջորդ հանդիպումներում, թերեւս, բացի վերջինից՝ նորվեգացիների հետ։ Անդրադառնալով գլխավոր մարզչի խնդրին (Վ. Սուքիասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել), Ս. Աբրահամյանը նշում է, որ նրան հաջողվել է կազմել հավաքականի կորիզը, ձեռնամուխ լինել անխուսափելի սերնդափոխությանը, իրականացնել հարձակվողական ոճի դավանելու ծրագիր։ Իսկ նոր մարզչից պահանջվելու է եղած բազայի վրա թիմը համալրել օժտված նոր խաղացողներով, ուժեղացնել հարձակման գիծը։ Եթե Եվրոպայի 2004թ. առաջնության վիճակահանությամբ մրցակից դառնան այնպիսի երկրներ, որոնք ցանկություն կունենան վճարել հեռուստահաղորդումների իրավունքի համար (այդպես չէին աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքները), ապա այդ գումարներով հնարավոր կլինի հրավիրել նաեւ 2-3 լեգեոներական։ Ֆեդերացիայի նախագահը առայժմ ձեռնպահ է մնացել հավաքականի նոր գլխավոր մարզչի անուն տալուց, նշելով, որ դա կորոշվի Եվրոպայում առաջնության վիճակահանությունից հետո։ Ու նորից, կախված մրցակիցներից, հնարավոր է մարզիչ հրավիրվի «դրսից»։ Հակառակ դեպքում, ընտրությունը կկատարվի տեղի կադրերից։ Եվ վերջում, ամփոփելով ներքին առաջնությունը, Սուրեն Աբրահամյանը նշում է, որ թեկուզ դժվարությամբ, այն բարեհաջող ավարտվեց։ Որոշ հանդիպումներում մասնակից ակումբները ցույց տվեցին բավականաչափ բարձր մակարդակի ֆուտբոլ։ Ընդլայնվել է աշխարհագրությունը։ «Կոտայքը», «Լեռնագործը», «Ղարաբաղը» առաջին շրջանում թույլ հանդես եկան, սակայն երկրորդում հաճելի անակնկալներ մատուցեցին մրցակիցներին։ Մի կողմից լավ է, որ «Փյունիկը» չորս տուր առաջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը, մի բան, որ վկայում է թիմի բարձր կարգի մասին, մյուս կողմից դա խանգարեց եզրափակիչ ակորդում թեժ պայքարի ծավալմանը։ Ուրախացրեց «Զվարթնոցը», որ նվաճեց արծաթե մեդալը։ Ուրախացնում է, որ բարեկարգվում են մարզաբազաները, խաղադաշտերը, ստեղծվում են նոր ֆուտբոլային դպրոցներ… Այս ամենը նպաստում է երկրում ֆուտբոլի զարգացմանը։ Մարզաձեւի մակարդակը երկրում թեկուզ մի փոքր, բայց եւ այնպես, բարձրացել է, եզրափակում է Սուրեն Աբահամյանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Առաջնությունը նոր է ավարտվել։ Առջեւում չեմպիոնի եւ մրցանակակիրների պաշտոնական մեծարումն է։ Կարծում ենք, որ բանավեճերը դեռ շարունակություն են ունենալու, տրվելու են ավելի հանգամանալից ու բազմակողմանի գնահատականներ։ Հուսով ենք, որ ամեն բան կկատարվի ի շահ ֆուտբոլի, բոլոր կնճռոտ հարցերը կլուծվեն արդարացի, թույլատրելի ժամանակում եւ հաջորդ առաջնությունն այս անգամվա պես չի ուշանա, առավել եւս, չի վտանգվի։