Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» դեկտեմբերի 1-ի համարում տպագրված «Պառլամենտակա՞ն, թե՞ նախագահական» հոդվածը դժվար է միանշան

Դեկտեմբեր 08,2001 00:00

ԴԵՄ ԵՄ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆԻՆ «Առավոտի» դեկտեմբերի 1-ի համարում տպագրված «Պառլամենտակա՞ն, թե՞ նախագահական» հոդվածը դժվար է միանշանակ մեկնաբանել։ Այն, ինչի հետ կարելի է, անտարակույս, համամիտ լինել՝ դա հանրապետությունում ներկայումս ձեւավորված բարոյաքաղաքական այլասերվածության մթնոլորտի ու կրիմինածին իրադրության վերլուծությունն է, պատճառների բացահայտումը։ Սակայն, ստեղծված իրավիճակից դուրս գալու (թեկուզ եւ «ոչ լավագույն», բայց, այնուամենայնիվ, ռեալ պայմաններից ելնելով) կառավարական համակարգի վերափոխման ճանապարհի գերադասելը՝ անընդունելի է։ Ստացվում է, որ մի քանի անհատների անօրինականությունների ու ճնշումների դեմ պայքարելու, նրանցից ազատվելու միակ ելքը՝ դա գործող Սահմանադրությունը կապիտուլյացիայի ենթարկելն է։ Դա միեւնույն է, թե գրպանահատության դեմ պայքարելու ճանապարհը տեսնել ոչ թե գրպանահատների, այլ գրպանների վերացման տարբերակում։ Սա հանցագործության աստիճանի հանդուրժողականության դրսեւորում է, որի դժբախտությունը հատուկ է եղել մեր ժողովրդի պատմական անցյալում՝ իր ողբերգական հետեւանքներով։ «Իշխանական հրեշից» ազատվելու ճանապարհը հենց հրեշից ազատվելն է, այլ ոչ թե կառավարական համակարգի սահմանադրական վերափոխումը։ Եթե այսպես, ամեն մի կամ մի քանի իշխանական բարձունքներին թյուրիմացաբար հայտնված անարժան այրերից ազատվելու համար դիմել կառավարական համակարգի արմատական վերափոխումների, դա ո՞ւր կհասնի։ Միակ ճանապարհը, եթե խոսքը նախագահին է վերաբերում, ներկա ռեալ մոմենտում՝ դա նախագահի իմփիչմենթին ուղղված գործընթացի ակտիվացումն է, այնուհետեւ, նոր նախագահական ընտրություններում «արջի ծառայությունների» դեմ համազգային պայքարի ու անհանդուրժողականության կազմակերպումը։ Բայց նման ճակատագրական գործընթացը անկարելի է իրականացնել առանց համախմբելու մի նպատակի շուրջ բոլոր ողջամիտ ու հակափորսողական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների եւ նրանց անձնվեր ու համատեղ գործունեության։ Ամեն գնով պիտի ապահովվի «Հայաստանի ժողովրդի կադրային գանձարանի» լավագույն թեկնածուի ազատ ու արդար ընտրությունների ճանապարհով հաղթանակի հասնելը։ Հետագա հիրավի բարեփոխումներն ու օրինականության վերականգնումը, թեկուզ եւ չափազանց բարդ ու տեւական, բայցեւայնպես, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է։ Սա է ելքը եւ ժողովրդին ճիշտ կողմնորոշելու ուղղությունը։ ԼԱՐՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կենսաբանական գիտությունների թեկնածու, թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել