Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փողերի լվացման խնդիրը, օրենսդրական առումով, հայտնի է 1970թ. սկզբից, երբ ԱՄՆ-ում ընդունվեցին 3 օրենքն

Դեկտեմբեր 08,2001 00:00

ԳՈՒՑԵ 80-85%-Ն ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼ ՓՈՂԵՐ Փողերի լվացման խնդիրը, օրենսդրական առումով, հայտնի է 1970թ. սկզբից, երբ ԱՄՆ-ում ընդունվեցին 3 օրենքներ, որոնք, ըստ էության, կոչված են խոչընդոտել հանցավոր ճանապարհով ստացված միջոցների լեգալիզացիան։ Այն էին՝ կազմակերպված հանցավորության վերահսկողության, բանկային գաղտնիքի, թմրադեղերի տարածման համընդհանուր վերահսկողության մասին օրենքները։ Այդուհանդերձ, հետագայում ընդունվեց մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց միացան եւ միանում են շատ երկրներ, քանզի խնդրի սպառնալիքը անկասկած ընդհանուր է։ Դրանք են՝ ահաբեկչությունը, թմրամոլության տարածումը, կոռուպցիայի այն անսահման հնարավորությունները, որոնց հանցավոր աշխարհը տիրապետում է շնորհիվ կրիմինալ փողերի։ «Կրիմինալ փող» հասկացության տակ սովորաբար նկատի ունեն մեծ փողերը, իսկ այդ մեծ փողերը հնարավոր է ձեռք բերել միայն լուրջ, կազմակերպված հիմքերի վրա դրված հանցավոր ճանապարհով։ Տարբեր հաշվարկներով այսօր դա 200 մլրդ դոլարի շրջանառությունն է… Եվ պատահական չէ, որ ԱՄՆ օրենսդրությամբ, օրինակ, փողի լվացման համար նախատեսված է 20 տարի ազատազրկում եւ 900 հազար դոլար տուգանք… Ինչ հնարավորություններ կան այսօր կրիմինալ փողերի լվացման համար Հայաստանում, ինչ օրենսդրական հնարավորություններ կան այսօր այստեղ միջազգային պարտավորությունների կատարման առումով, ինչո՞ւ «փողերի լվացման» դեմ պայքարի հարցը կարեւոր է Հայաստանում, օրենսդրության ո՞ր բնագավառն է անհրաժեշտ կատարելագործել այդ պայքարի ծրագրի մշակման եւ իրականացման համար, միջազգային իրավական չափանիշները՝ ինչպես է «փողերի լվացումը» բնորոշված միջազգային նորմերով։ Այս հարցերին էր նվիրված օրերս կայացած սեմինարը, որը կազմակերպվել էր ABA ՀՀ դատախազության, բանկային, հարկային, բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ ամերիկյան փորձագետների մասնակցությամբ։ Ըստ էության, ելույթները եւ բանավեճի գլոբալ հարցադրումը մեկն էր՝ ավելացնե՞լ, թե՞ ոչ պետության լծակները մասնավոր հատվածի վերահսկողության վերաբերյալ։ Մեր կրիմինալ փողերն… ուրիշ են Ոչ այնքան ավանդական աղբյուրներից են այն՝ թմրամիջոցներից, զենքի վաճառքից եւ այլն, ինչքան ձեռնարկատիրության ոլորտում կատարվող ապօրինություններից եւ հանցագործություններից. գտնում է ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը։ Փողերի լվացումը՝ որպես այդպիսին, ոչ թե հիմնական, այլ ածանցյալ հանցագործություն է՝ ոչ ինքնանպատակ հանցատեսակ։ Եվ այս առումով խնդիրը կայանում է ոչ այնքան հետեւանքների, որքան պատճառների դեմ պայքարի մեջ։ Ըստ պրն Դանիելյանի, պետության հնարավորությունները այս հարցում «այնքան էլ մեծ չեն, թե կազմակերպաիրավական, թե օրենսդրական տեսանկյունից»։ Այն է՝ հավաստի եւ լիարժեք վիճակագրության բացակայությունը ֆինանսական քրեածին իրադրության վերաբերյալ, ներկա իրավագիտակցությունը, որը հակված է ոչ այնքան տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ տարբերակի, այլ ձեռնարկատիրությանը անհարկի առավելություն տալու, քրեական հետապնդման եւ քրեական հարուցման հասկացությունների նույնացումը, ինչը ստեղծում է բազմաթիվ սահմանափակումներ (առաջին հերթին՝ ժամկետային իմաստով, մինչդեռ քրեական հետապնդման գաղափարը հենց այն էր, որ օպերատիվ-հետախուզական ծառայությունը կարողանար լիարժեք լիազորություններ կիրառել մինչեւ քրեական գործի հարուցումը…)։ Ըստ պրն Դանիելյանի, ազատ ձեռնարկատիրության սկզբունքի պահպանումը դեռ չի նշանակում, որ այս ոլորտը պետք է մնա անթափանց «գաղտնիք չէ, որ կան տնտեսվարող սուբյեկտներ, որտեղ տարիներ շարունակ որեւէ ստուգում չի եղել» եւ ընդհակառակը… Ի դեպ, ստուգումներն էլ պետք է հիմնավոր լինեն՝ այդ թվում նաեւ վիճակագրական վերլուծությունների արդյունքներով։ Անթափանցիկության մյուս օրինակն է բանկային գաղտնիքը, որը, ըստ ՀՀ դատախազության կարծիքի, մեզանում բավականին ֆետիշացված է։ Արդյունքում դա ոչ միայն խոչընդոտում է գործերի քննությանը, այլեւ խոցելի է դարձնում հենց բանկային համակարգը։ Որպես օրինակ բերվեց «Անելիք» բանկի Շիրակի մարզի մասնաճյուղի «փորձը», որի կառավարիչը մեկ օրվա ընթացքում հաջողությամբ կարողացավ 110000 դոլար դուրս բերել բանկից եւ հեռանալ հանրապետությունից… Այդուհանդերձ, ըստ պրն Դանիելյանի, այնքան էլ տեղին չէ «փողերի լվացման» շեշտադրումն անել բացառապես բանկային ոլորտում, թեպետ, ինչ խոսք, դա կարեւոր լծակ է «փողերի լվացման» առումով։ Դատախազության տվյալներով, այսօր Հայաստանում գրանցվում են այնպիսի հանցագործության տեսակներ, որոնք ակնհայտ վկայում են վերոհիշյալ երեւույթի, թեկուզ նեղ շրջանակներում դրսեւորումները… Գաղտնիքն էլ է ուրիշ… Ընդունվելուց ի վեր (1996թ.) բանկային գաղտնիքի մասին օրենքը ՀՀ իրավապահ մարմինների քննադատության թիրախն է։ Բանն այն է, որ այդ օրենքը արգելում է որեւէ մեկին, այդ թվում՝ իրավապահ մարմիններին, ստանալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն։ Վերջինս կարող է տրամադրվել միայն եւ միայն դատական որոշումով։ Ի դեպ, ասեմ, որ օրենքի նախագծում մեկ բացառություն կար հարկային մարմինների համար, սակայն վերջնական տեսքով այդ հոդվածն էլ հանվեց։ Ինչեւիցե, այսօր Հայաստանի բանկային համակարգը տալիս է իր հաճախորդին հստակ երաշխիք՝ ոչ ոք նրան չի հարցնի, թե որտեղից է այն փողը, որը նա բանկ է բերում, թեկուզ եւ դա լինի մեկ կամ ավելի միլիոն։ Եվ ինչ, ինչքան են բերում։ Համեմատաբար (նախորդ տարիների համեմատ) շատ, բայց ոչ այնքան։ Ըստ Արմեն Եղիազարյանի (ՀՀ բանկերի միության նախագահ), մեր բոլոր բանկերի ընդհանուր կապիտալը կազմում է 27,5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի նկատմամբ՝ 2,7%), ակտիվները՝ մոտ 200 մլրդ դրամ (ՀՆԱ-ի նկատմամբ՝ 20%), տնտեսության վարկերը՝ մոտ 100 մլրդ դրամ (ՀՆԱ-ի նկատմամբ՝ 10%)։ Ակտիվների ցուցանիշներով մեր բանկերը միջին հաշվով զիջում են զարգացող երկրների բանկային համակարգերին 3 անգամ, զարգացածներին՝ 5 անգամ։ Վերջին 2 տարում, ըստ պրն Եղիազարյանի, Հայաստանի բանկերը վնասով են աշխատում եւ, ամենայն հավանականությամբ, դա կշարունակվի այս եւ մյուս տարում։ Բերված թվերը երեւի թե կոչված էին ապացուցելու, որ մեր բանկային համակարգ այդքան էլ շատ փող չեն բերում, էլ ուր մնաց «կրիմինալ փողերը», որոնք, ինչպես հայտնի է, մեծ փողեր են։ Թեպետ եւ վերջին 5 տարվա ընթացքում համակարգը կտրուկ աճել է (դեպոզիտների առումով՝ 10 անգամ), այսօրվա այն մոտ 100 մլն դոլար փողերից (տարբեր գնահատականներով), որ կա բնակչության ձեռքին, միայն 15-20%-ն է պահվում բանկերում… Մնացած 80-85%-ը դուրսն են… (Գուցե հենց այդ 80-85% էլ կրիմինալ փողերն են, որ դուրս են բերում, չնայած ներսի բավականին փակ եւ լիբերալ բանկային համակարգի առկայությանը…)։ Մեր բանկերի այս վիրտուալ զարգացումը, անշուշտ, պայմանավորված է նաեւ տնտեսության հիվանդություններով՝ դոլարիզացիայի մեծ ծավալներով, ինչն անհնարին է դարձնում փողերի հոսքերի վերահսկողությունը՝ կանխիկ փողերի գերկայունությամբ (հարկերից խուսափելու հիմնական պատճառով), ստվերային տնտեսության ծավալներով (տարբեր գնահատականներով 30-60%՝ պաշտոնական տնտեսությունից)։ ՎԱԳԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ «Հակաստվեր» հ/կ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել