Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ

Դեկտեմբեր 08,2001 00:00

Հայրը հայտնվել է երեք տարի անց ու… ԴԱՀԿ ծառայությունում առկա դատական ակտերի թվում առաջին անգամ հանդիպեցինք մի դատավճռի, որը մերօրյա իրականության շատ նորօրյա արտացոլումն է։ Հայցատուն երեք ու կես տարեկան երեխայի հայր է, պահանջը վերաբերում է երեխային Հայաստանից դուրս չտանելուն։ Հայրը դատարանից խնդրում է իր նախկին կնոջն արգելել երեխային հանրապետությունից դուրս տանել։ Առաջին պահին մի տեսակ ուրախանում ես, որ հայ երեխային թեկուզ օրենքի ուժով պահելու ես իր հայրենիքում։ Բայց հետո հազար ու մի ուրիշ մտքեր են իրար հաջորդում, մանավանդ, երբ երեխայի հանդեպ իրական վերաբերմունքի մանրամասներն են սկսում խոսել։ Իրոք, զարմանալի հայց է քննարկել դատարանը։ Անկախ ամեն ինչից, կարելի՞ է արդյոք այս անհանգստությունը դիտարկել որպես հայրական սիրո զեղում։ Ինչ կա որ, մարդն այնքան կապված է իր երեխային, որ մտահոգված է նրա՝ իրենից հեռու լինելու տագնապով։ Հարկադիր կատարող Մեսրոպ Մակյանը բարեխղճորեն կատարել է դատարանի վճռից թելադրված գործողությունները։ Երեխային Հայաստանից դուրս չթողնելու մասին տեղեկացվել են բոլոր համապատասխան կազմակերպությունները։ Դատական ակտը կատարված է։ – Ես կատարել եմ բոլոր անհրաժեշտ քայլերը, բայց պիտի ասեմ, որ երեխայի մոր պատմածը բացարձակապես երեխային սիրող ու նրան նվիրված հոր կերպար չի ներկայացնում։ Ըստ կնոջ, այս հայրը իր դստերը տեսել է ծննդատանը, հետո անհետացել ռուսաստաններում, հետո մեկ-երկու անգամ էլ պատահական հանդիպել են փողոցում, մանկապարտեզից տուն գալիս։ Ո՞վ է նրան արգելել սիրել ու տեր լինել երեխային, եթե ոչ հենց ինքը՝ իր անպատասխանատվությամբ։ Երեխայի մայրը հրաշալի կրթության տեր է, հիանալի աշխատանք ունի ու զարմացած է իր՝ դատարանում հայտնվելու փաստով։ Մեղավորի լեզո՞ւն է երկարը։ Արտերկիր տեղափոխվելու մտադրություն անգամ չի ունեցել, իսկ եթե նույնիսկ ունենա, երեխայի անպատասխանատու հոր կամքո՞վ պիտի շարժվի։ Միայն զարմանալ կարելի է երեխային ու ընտանիքը լքած այս տղամարդու աննախադեպ մտածողությամբ ու իրավական պաշտպանվածության փաստով։ Ուրեմն, երեխայից հեռանալ կարելի է, նրա գոյությամբ, որպիսությամբ չմտահոգվել՝ նույնպես, բայց հայրական հոգատարության հավակնոտությամբ՝ մի օր դատարան բերել երեխային խնամող ու նրա ճակատագրով իսկապես մտահոգ մորը։ Որ ի՞նչ ապացուցես։ Հայրական սե՞րդ։ Դրա ապացուցման շատ ավելի կարեւոր ձեւեր կան։ Ինչեւէ, որքան էլ հաճելի թվա դատարանի կայացրած վճիռը, արդյո՞ք այն չի խախտում մարդու ազատ տեղաշարժի իրավունքը։ Մյուս կողմից, արտագաղթի տրամադրության գերիշխանության մերօրյա ժամանակներում իսկապես առկա է ամուսնալուծված ծնողներից մեկի իրավունքների ոտնահարում, եթե երեխային իր մոտ ունեցող կողմը մի օր հեռանալու վճիռ կայացնի։ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել