Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեխաները

Դեկտեմբեր 08,2001 00:00

ԿԱՐԴԱԼՈՒ ՀԵՏ ԳԼՈՒԽ ՉՈՒՆԵՆ «Երեխաները մեր ապագան են» մաշված կարգախոսը այսօր եւս շարունակվում է չարչրկվել՝ առանց լուրջ արդյունքների։ Իսկ թե ինչ հակումներ ու նախասիրություններ ունի մեր «ապագան», փորձել ենք պարզել Երեւանի Կենտրոն համայնքի դպրոցներից մեկում անցկացված հարցման միջոցով։ Պարզվում է, որ բարձր դասարանցիների 35%-ը դպրոց է հաճախում գիտելիքներ ստանալու համար, 25%-ը՝ դպրոցում տաք լինելու պատճառով, 15%-ը՝ գեղեցիկ հագուստները ընկերներին ցույց տալու, իսկ 20%-ը՝ ընկերներին տեսնելու համար։ Եվ ընդամենը 5%-ն է գնում դպրոց սիրելի ուսուցիչներին կարոտելու անկեղծ զգացումով։ Հարցման մասնակիցների 35%-ը նախընտրում է հումանիտար, 10%-ը՝ ճշգրիտ, 15%-ը՝ բնագիտական առարկաները։ Նրանց 15%-ը գերադասում է բոլոր առարկաները սովորել, իսկ 35%-ը ընդհանրապես «գլուխ չունի» դպրոցական ծրագրով ուսումնասիրվող որեւէ առարկայի հետ։ Բարձր դասարանցիների 60%-ը երազում է դպրոցն ավարտելուց հետո բուհ ընդունվել, 20%-ը նախընտրում է որեւէ արհեստի մեջ հմտանալ, 10%-ը ընդհանրապես ոչինչ չի կամենում սովորել, հետագայում որեւէ աշխատանքով զբաղվելու ցանկություն չունի 5%-ը։ Նրանց 5%-ը մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ Աշակերտների 10%-ին անչափ դուր են գալիս դպրոցում կազմակերպված գեղեցիկ միջոցառումները, 20%-ին՝ բովանդակալից դասերը։ 60%-ն ուղղակի «գժվում» է դասին չվերաբերող զրույցների համար։ 10%-ի կարծիքով դպրոցում հետաքրքիր ոչինչ չկա։ Հարցման մասնակիցների 50%-ը երազում է ազատվել ոչ պահանջկոտ եւ ոչ խիստ ուսուցիչներից, 20%-ը՝ պահանջկոտներից, 10%-ը կուզենար, որ դասաժամերի տեւողությունը կրճատվեր, 5%-ն, ընդհակառակը, որ դրանք երկարեին։ 15%-ը փափագում է երկարատեւ դասամիջոցներ վայելել։ 9-10-րդ դասարանի աղջիկների 40%-ը տարված է գեղեցիկ զարդերով ու հագուստներով, 20%-ը՝ դիսկոտեկներով, 10%-ը՝ ասեղնագործությամբ եւ տնային գործերով, 10%-ը որեւէ նախասիրություն չունի։ Եվ միայն 20%-ն է սիրում զբաղվել ընթերցանությամբ։ Տղաների 20%-ի հոբբին եվրոֆուտբոլն է, 40%-ինը՝ վիդեոֆիլմերը, 20%-ը սիրում է հաճախել դիսկոտեկներ, 10%-ը ազատ ժամանակը լցնում է գրքեր կարդալով, հաջորդ 10%-ը որեւէ լուրջ նախասիրություն չունի։ Հետաքրքիր մի հանգամանք եւս. պարզվում է, որ մերօրյա դպրոցականների 15%-ը կարեւորում է մարդու արտաքին տվյալները, 30%-ը՝ ինտելեկտը, 15%-ը՝ հագուստները, 10%-ը՝ համեստությունը, իսկ 30%-ը ազատամտությունը։ Ծնողական ժողովների առիթով դպրոց են գալիս 70%-ի մայրերը, 5%-ի՝ հայրերը եւ 5%-ի հարազատները։ Իսկ 20%-ի ճակատագրով, ուսման եւ առաջադիմության հարցերով չի հետաքրքրվում որեւէ մեկը։ Ինչեւէ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ մեր «ապագային»՝ երեխաներին, առանձնապես ուշադրության չենք արժանացնում։ Իսկ մեծահասակների անտարբերությունից ծնվում է երեխաների անտարբերությունը կարեւոր արժեքների նկատմամբ։ Նրանք չունեն լուրջ նախասիրություններ, նպատակներ, մարդկանց գնահատում են ըստ արտաքին տվյալների ու հագուկապի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել