Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախության տասը տարիների ընթացքում իրական թոշակները միշտ պակասեցվել են

Դեկտեմբեր 08,2001 00:00

Փուչ զավակն ու ծեր ծնողները Անկախության տասը տարիների ընթացքում իրական թոշակները միշտ պակասեցվել են Մոտ երեք տարի է անցել թոշակների վերջին բարձրացումից։ Այդ տարիների ընթացքում դրամի արժեզրկման պատճառով, ինչպես նաեւ անվճար ծառայությունները վճարովի դարձնելով եւ որոշ ծառայությունների գների բարձրացումով իրական թոշակներն այնքան են պակասեցվել, որ կառավարության որոշումով 2002թ. հունվարի 1-ից 800 դրամով թոշակներն ավելացնելուց հետո էլ իրական թոշակներն ավելի պակաս են լինելու, քան երեք տարի առաջ։ Այսինքն, իրական թոշակը 2002թ. հունվարի 1-ից ոչ թե ավելացվում է, այլ պակասեցվածն է կոմպենսացվում, այն էլ՝ ոչ լրիվ։ Ճիշտ կլիներ, որ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը թոշակների ավելացման մասին հայտարարելիս ասեր, թե 2002թ. հունվարի 1-ից տրվող իրական թոշակը 1990 թվին տրված 120 ռուբլի թոշակի որ տոկոսը կկազմի, իսկ նախարարների աշխատավարձերը՝ 1990թ. նախարարների աշխատավարձերի որ տոկոսը։ Անկախության բոլոր տարիների այդպիսի ցուցանիշները ցույց կտան, թե ինչ միջոցներով են ներկա նախարարները դղյակներ կամ հինգ աստղանի հյուրանոց կառուցում եւ ինչու են հայերը հեռանում հայրենիքից։ Նոյեմբերի 19-ին Երեւանի թիվ 4 պոլիկլինիկայում տեղավորված բարեգործական դեղատանը շաքարախտով հիվանդ թոշակառու կինը լաց էր լինում՝ իր համար անվճար դեղորայք չլինելու պատճառով, որովհետեւ ստացած չնչին թոշակով վճարովի դեղատներից օգտվելու հնարավորություն չուներ։ Նույնը կարելի է ասել նաեւ հիպերտոնիա եւ այլ հիվանդություններ ունեցող թոշակառուների մասին։ Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը «Աղքատության դեմ պայքարի» ծրագիրը իրականացնում է աղքատների դեմ պայքարի միջոցով, այն է՝ արագացնում է աղքատներին մյուս աշխարհ ուղարկելու պրոցեսը։ Նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարում է, որ ինքն ամեն ինչից տեղյակ է, որովհետեւ Հայաստանը շատ փոքր երկիր է։ Զարմանալի է, որ նախագահը տեղյակ լինելով անապահով ընտանիքների ծանր վիճակին, որ շատերը մահանում են բուժում չստանալու պատճառով, ինչպես նաեւ՝ ցրտից ու սովից, թույլ է տալիս երկրի իշխանավորներին չափից ավելի շռայլություններ, ինչը հետեւանք է կաշառակերության, թալանի եւ կոռուպցիայի դեմ պայքարի բացակայության։ Հայաստանի իշխանավորներից շատերին առանց սխալվելու կարելի է նմանեցնել այն փուչ զավակին, որը ոչ միայն վատնում է ծնողների թողած հարստությունը, այլեւ պարտքեր է վերցնում ու խժռում՝ սոված թողնելով ընտանիքի անդամներին։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել