Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թշվառները «հին հայկական ճանապարհների վրա»

Դեկտեմբեր 08,2001 00:00

Թշվառները «հին հայկական ճանապարհների վրա» Ալավերդու տպարանի տնօրեն Համլետ Մոսինյանը հայտնեց, որ իզուր չի բարձրացվում հոգեբուժարանների սեփականաշնորհման հարցը, որը ալան-թալանի վերածված մեր առեւտրային սիստեմում հանդիսանում է ախորժագրգիռ պատառներից։ Սակայն մինչեւ հոգեբուժարանների առք ու վաճառքին անդրադառնալը, կրկին «քչփորենք» այն հանգամանքը, թե իսկապես ինչո՞ւ է օր օրի այսքան խտանում հոգեկան անկայունությամբ հիվանդների «բանակը», որի պատճառը միանշանակ անուշադրությունն ու անտարբերությունն է թե՛ մեր իշխանավորների, թե՛ հասարակության կողմից։ Մի քանի տարի առաջ Թբիլիսի-Երեւան ուղեւորատար գնացքում, «Պոլշան վայելած», բիզնեսմեն (իրենց խոսքերն են- Ա. Տ.-Ք.), մեծ շրջապատների տեր մարդկանց միջավայրում էի հայտնվել։ Գնացքը կանգնեց Սպիտակի երկաթգծի կայարանում։ Ուղեւորասրահ մտան երկու ծեր ամուսիններ, որոնց տեսքից հասկացվում էր, որ քրտինքով ապրած մարդիկ են, անշուշտ, երեխաների ու թոռների տեր, սակայն «ուղեղները շարժելու եւ գոյատեւելու ձեւը գտնելու» մեր ժամանակներից դուրս սայթաքած։ Նրանց նման հազարավորները ստիպված «խելքով են վաստակում» օրվա ապրուստը՝ առավոտից երեկո խառնելով աղբանոցները, շուկաներից հավաքելով ուտելիքի՝ գետնին ճպեխված մնացորդները, սնվելով թափառող կենդանիների քարշ տված, բորբոսնած հացի կտորներով, որի հետեւանքով սկսվում է անխուսափելին՝ անդարձ հիվանդություններով լի արհավիրքների շարանը, ինչն էլ ստվարացնում է թափառաշրջիկ մոլագարների շարքերը։ Իսկ հոգեբուժարանները սեփականաշնորհում են։ Հասկանալի է, որ դա տեր ունեցող մի երկու հիվանդի ձեռնահաս կլինի։ Բայց հոգեբուժարանում բուժվելու ենթակա մյուս հիվանդները «տերեր» կգտնե՞ն։ Ինչ է ստացվում, մեր պետությունը վերջնականապես ուզում է խույս տալ բյուջեին «վնաս հասցնող» հիմնարկներից, գոնե հոգեբուժական մի երկու հիվանդանոցները չե՞ն մնալու պետական հովանավորության ներքո։ «Ջիպ»-երին հեծած ղեկավարները գուցե սեւ ապակիների թանձրույթի՞ց չեն նկատում փողոցները ողողած մուրողներին, տարեց ու երիտասարդ, ամեն րոպե գողության ու թալանի պատրաստ, սնվելուց բացի էլ որեւէ բանի մասին չմտածող հոգեկան անկայունությամբ տառապողներին։ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել