Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորցիների (այսինքն՝ նախկին կիրովականցիների) շրջանում վերջին

Դեկտեմբեր 08,2001 00:00

Երկրից «քոչը կկապեն» կամ կգնան ծառ կտրելու Վանաձորցիների (այսինքն՝ նախկին կիրովականցիների) շրջանում վերջին մի քանի տարիներին, աշնան-ձմռան ամիսներին առավել հաճախ շրջանառվող խոսակցություններից են. «Ձմեռվա փետն ունե՞ք» կամ՝ «Հրես ձմեռն էլի եկավ. վայ նրան՝ ով փետ չունի»։ Ահա այսպես «անփետ» կամ «փետով», անգազ, անջեռուցում էլ մտնում ենք 21-րդ դար, ու թե էլի քանի՞ տարի «մեկ քայլ առաջ՝ երկու քայլ՝ ետ» տեմպով առաջ կգնանք՝ Աստված գիտե։ Համայնքներն այնքան դոտացիա չեն ստանում, որ շենքերը մասնակիորեն պետական փոխհատուցմամբ (՜) ջեռուցվեն, բնակիչներն էլ անվճարունակ են։ Գազի բաժանորդ դառնալն էլ ոչ միայն թանկ հաճույք է, այլեւ՝ կանխավճարով (այն դեպքում, երբ բնակիչները, ինչպես հայտնի է, կանխավ աշխատավարձ, նպաստ կամ թոշակ չեն ստանում)։ Ընդհանրապես, ո՞ր մի վարձի մասին կարող է մտածել քաղաքացին, եթե չնչին նպաստի, թոշակի կամ խղճուկ աշխատավարձի հույսին է։ (Վարձերը հաշվարկվում են միջազգային չափանիշներով, պետական վճարումները՝ տեղական)։ Հասարակության «էլիտար» կոչվող խավը (որի տակ պետք է որ հասկացվեր մտավորականությունը) ընդհանուր առմամբ ողորմելի վիճակում է, եթե «դրսից» օգնող կամ կողմնակի եկամուտ չունի։ «Էլիտար» կոչվող խավի մի մասը, ցավոք, հանգամանքների բերումով կամ անհուսալի հարբեցող է դառնում, կամ հոգեկան շեղում ստանում, իսկ այդ պայմաններում նրանց «բարձրագույնի» դիպլոմն արդեն ավելորդ շքեղություն է դառնում։ Ի՞նչ «էլիտայի» մասին կարող է խոսք լինել, եթե մանկավարժը շալակով փայտ է կրում, երեկվա ինժեներն էլ արեւածաղկի սերմ է վաճառում։ Թերեւս բարվոք վիճակում են գտնվում առեւտրով զբաղվողները, եթե նրանց չեն «խեղդում» հարկահավաքները, եթե հուսալի «տանիքի» տակ են։ Թոշակների ու նպաստների օրերին քաղաքացիներին կրկնակոխ հետապնդում են նրանց վիճակում գտնվող վարձահավաքները, որոնց վարձատրությունն էլ կախված է հավաքվող գումարների չափից։ Փույթ չէ, որ ԱԺ որոշ պատգամավորներ (ոչ միայն ժողովրդի, այլեւ իրենց մասին մտածող) անընդունելի են համարում ջրի վարձը ընդունված հաշվարկով հաշվելը։ Վարձահավաքներին ասել են՝ «Ձեր գործը հավաքելն է», դե նրանք էլ քանի դեռ ուժները պատում է՝ հավաքում են։ Ծանր ապրելակերպը, հաց հանապազօրյան մի կերպ հայթայթելու ամենօրյա հոգսն իր հետեւանքներն է ունենում երեխաների դաստիարակության վրա։ Դասերով կամ ժամանցով զբաղվելու փոխարեն շատերը ստիպված են ավելի շատ ֆիզիկական ծանր աշխատանք կատարել, փայտ ու գերան քարշ տալ, առեւտուր անել։ Փողոցում, շուկայում կարելի է հաճախակի տեսնել միրգ կամ բանջարեղեն վաճառող 12-13 տարեկան երեխաների՝ իրենց ապրանքը բարձրաձայն գովազդող։ Ի՞նչ դաստիարակություն կարող են ստանալ նրանք կամ ի՞նչ հոգեկան ապրումներ կունենան, եթե մշտապես ստիպված լինեն ընդհարումներ ունենալ առեւտուրը մտրակով «կանոնակարգող» ոստիկանների հետ, գումարած՝ շուկայական անբարենպաստ մթնոլորտն ընդհանրապես։ Սոցիալական ամենեւին չմեղմացող պայմաններում, երբ շուկայական գների պարբերական աճն էլ մի կողմից է «խեղդում» քաղաքացիներին, բնականաբար, էներգահամակարգի ուսերին նստած պարտքն էլ կմեծանա, ջրի համակարգի պարտքն էլ, հեռախոսներն էլ կշարունակեն անջատվել, նոսրացած անտառներում մնացած ծառերն էլ կշարունակեն հատվել, դատաիրավական համակարգի գործերն էլ կավելանան։ Ի՞նչն է շատ՝ քաղաքացիների դեմ հայցերը։ Եվ, չնայած, դատական արձանագրություններում կգրվի, որ քաղաքացին օգտագործել է ջուրը կամ էներգիան ու չի վճարել, եւ դրա համար է պատժվում, ըստ էության, «ընդհանուր հաշվում» նա կպատժվի որպես… անվճարունակ։ Ծառ կտրող «մանր ձկներն» էլ դատարանում «վերջին խոսքի» ժամանակ կխոստանան, որ «էլ չեն անի» ու կամ կրկին կգնան ծառ կտրելու կամ երկրից «քոչը կկապեն»։ Չէ՞ որ դատավորներն էլ անաչառություն են խոստանում եւ նույնիսկ պաշտոնապես երդվում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել