Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության պետական տեսչության պետի տեղակալ Վարդգես Բաբայանը՝ նախկին տիրոջից գնելով Մոսկովյան 8

Դեկտեմբեր 08,2001 00:00

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ Քաղաքաշինության պետական տեսչության պետի տեղակալ Վարդգես Բաբայանը՝ նախկին տիրոջից գնելով Մոսկովյան 8 չորս հարկանի բնակելի շենքի արեւելակողմի անկյունային մասի կիսանկուղային հարկի սենյակները, այն դարձնում է բար։ Նախքան այդ, նա մեծացնում է սենյակների բարձրությունը՝ հատակը 60սմ իջեցնելով, իսկ թե այդ գործողություններից որքանով են տուժում ծանր շինության հիմքերն ու հիմնատակը, մնում է անհայտ, քանի որ «վերանորոգումները» կատարվում են փակ դռների ետեւում։ Այնուհետեւ, նախկին սեփականատիրոջից գնելով ներքնահարկի շարունակությունը, Բաբայանը աշնան սկզբից «վերանորոգում» է այս ներքնահարկը, համատարած իջեցնելով հատակը 50-60սմ-ի չափով, այդտեղից հեռացնելով մի քանի տասնյակ մեծ բեռնատարներով քար ու ապար։ Իրականում նա մերկացնում է շենքի մոտ 40 մետր երկարության բոլոր կրող պատերի հիմքերը, վերացնում կոշտություն պահպանող պատերը, քանդում, լայնացնում դռների բացվածքները, օդափոխության համար քանդում կրող պատերի զգալի հատվածներ ու այդպիսով, փաստորեն, կիսավթարային վիճակի է հասցնում շինությունը, քանի որ այդ վիճակին հասցված հիմքերը մինչեւ իրենց ամրացումը չեն կարող դիմագրավել նույնիսկ միջակ ու թույլ երկրաշարժերը, որպիսիք Երեւանի տարածքում կարող են տեղի ունենալ ամեն պահ։ Տողերիս հեղինակը, լինելով 50-ական թթ. կառուցված այդ շենքի նախագծի հեղինակը եւ բնակիչը, փորձել եմ հասկացնել իրենց գործողությունների անօրինական լինելը, շինարարական կանոններից խիստ շեղվելու փաստերը, եւ, որպես արդյունք՝ վաստակել եմ ներքնահարկ մտնելու իրավունքից զրկվելը, ու այժմ այնտեղի քանդումները կատարվում են խիստ փակ դռների ետեւում, մեզ անհայտ ձեւերով ու չափերով, իսկ բնակիչներս ամեն օր պարզապես ականատեսներն ենք ապարով բարձված բեռնատար մեքենաների անցուդարձի։ Ունենալով նաեւ բնակիչների լիազորությունը եւ խնդրանքը, հոկտեմբերի սկզբներին դիմել եմ «Կենտրոնի» թաղապետ պրն Արարատ Զուրաբյանին։ Այդ հիման վրա զգալի ուշացումով շինարարություն եկած երիտասարդը, փաստորեն, տեղյակ չէր թե իրերի վիճակին, թե գանգատիս բովանդակությանը. նա՝ շինարարի հետ խոսքը մեկ արած, ամեն ինչ լավ համարելով՝ գնաց։ Հոկտեմբերի կեսերին դիմեցի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին, որ անօրինական քանդումները շարունակվում են, խնդրելով առաջն առնել։ Այս հիման վրա քաղաքապետարանի Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության պետ Հրաչ Մուրադյանը, բացարձակապես անտեղյակ լինելով իրերի տխուր վիճակին, հոկտեմբերի 24-ին ինձ գրում է. «… հայտնվում է, որ շենքի նկուղային հարկում կատարվող ընթացիկ նորոգման եւ հարկի բետոնացման (՞) աշխատանքները չեն կարող ազդել Ձեր շենքի սեսմակայունության վրա»։ Իր իսկ՝ Հ. Մուրադյանի, խորհրդով, ավելի գործնական եւ օգտակար կլինի դիմել Քաղաքաշինության պետական տեսչության նախագահ Գրիշա Միրզոյանին։ Այդպես էլ արեցի։ Պրն Միրզոյանը եւ իր աշխատակից պրն Մատինյանը խոստացան իմ տրամադրության տակ դնել Սեյսմիկայի գիտահետազոտական ինստիտուտի մանրամասն տվյալները Մոսկովյան 8 շենքի սեյսմակայունության վիճակի եւ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։ Այդպես էլ պրն Միրզոյանից ոչ ոք չեկավ եւ ոչ մի ուսումնասիրություն եւ եզրակացություն չներկայացվեց, մինչ նրա տեղակալ Վարդգես Բաբայանը առ այսօր նկուղային հարկի փակ դռների ներսում շարունակում է քանդման աշխատանքները։ Վերջինս շինարարության մեջ է ներառել ինչպես իրեն չպատկանող մոտ 25 մետրանոց նկուղային հատվածը, այնպես էլ 3-րդ մուտքի տարածքը եւ այդ մուտքով կազմակերպել օդափոխությունը, որը կանոնների խախտում է։ Այժմ էլ ողջ շինարարական փոշին կուտակվում է մուտքի հարկերում, բնակիչներին դնելով հակասանիտարական կացության մեջ։ Եվ քանի որ շինության հիմքերի մերկացումը շարունակվում է, ինձ մնում էր դիմել հանրապետության նախագահին, եւ որպեսզի ժամանակ չվատնվի, դիմումիս տվի հեռագրի ձեւ՝ համառոտ նկարագրելով վերոհիշյալը, խնդրելով կարգադրել վերջ տալ վայրենությունը շինության կայունության նկատմամբ, նաեւ նշելով, որ եթե քանդումներն իրականացվում են առանց նախագծի եւ առանց տեխնիկական գրագետ հսկողության, ապա դրությունն անուղղելի կլինի, եթե նույն ձեւով եւ առանց նախագծի իրականացվեն բետոնապատման աշխատանքները։ Այս վերջին հույսս փոխվեց հիասթափության, երբ պարզ դարձավ հանրապետության նախագահի վերահսկողական աշխատակազմի անգործունյա եւ անօգնական լինելը։ Նոյեմբերի 25-ի հեռագրի նշանակության ոչ մի նշույլ՝ մինչեւ այս հոդվածը գրելը՝ 4 դեկտեմբերի 2001թ.։ Վերջին տարիներին տարածում գտած նկուղահարկերի օգտագործման «վերածնունդի» հետեւանքով շատ շինություններ, մեր վերը նկարագրածի նման, կորցրել են իրենց երկրաշարժադիմադրողականությունը։ Ստացվում է, որ հակառակ որոշումների՝ ուժեղացնել շինությունների կայունությունը՝ իրականում թուլացրել ենք։ Թող որ նոր նկուղահարկերով շենքերի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ մասնագիտական քննության ենթարկեն իրենց շենքերի հիմքերի ու հիմնատակերի վիճակը։ Դա խիստ եւ շուտափույթ ձեռնարկում է պահանջում. պետք է ամրացվեն հիմնապատերը՝ անպատեհ դեպքերում զոհեր եւ այլ կորուստներ չտալու համար։ ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ Հայաստանի վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել