Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չերչիլը մի առիթով ասել է. սոցիալիզմին հատուկ են կապիտալիզմի բոլոր բացասական դրսեւորումները։

Դեկտեմբեր 08,2001 00:00

Հայ աղքա՜տ, հայ տնտեսագե՜տ. ո՞վ է… Չերչիլը մի առիթով ասել է. սոցիալիզմին հատուկ են կապիտալիզմի բոլոր բացասական դրսեւորումները։ Այս միտքը նորօրյա Հայաստանի վրա տարածելիս ակամա գալիս ենք հետեւյալ եզրակացության. մեր առօրյային հատուկ են կապիտալիզմի ու սոցիալիզմի միայն բացասական դրսեւորումները։ Ամեն անգամ, երբ մարդիկ նորանկախ Հայաստանի որդեգրած ազատական գաղափարախոսության սկզբունքներին հակասող ինչ-որ երեւույթի են հանդիպում, հարցնում են. էլ ինչո՞ւ քանդեցինք այն երկիրը։ Բայց եւ վստահելով մի փոքր համբերություն ու հավատ եւ ամեն ինչ լավ է լինելու պատվիրանին, համակերպվելու տրամադրության են տրվում։ Հանրությունն այնքան էլ միամիտ չէ, որ հավատա, թե ահա 1-2 տարուց կաշխատեն արտադրությունները, զբոսաշրջիկների հոսքը կավելանա, իշխանությունը կսանձի կազմակերպված հանցավորությունը եւ պատվիրանը կիրականանա։ Քանի կա 30-40 դոլար աշխատավարձ ստացող պաշտոնյան, նա իր հետ տանելու է անցյալից ժառանգած դրսեւորումները։ Մեր մարդկանց մտահոգությունն այլ պատճառ ունի. ինչու է այդ նույն երեւույթն իր մեջ կրում շատ ավելին ստացող մեր հայրենակիցը։ Անշուշտ, դյուրին չէ գտնել այդ աշխատակցին, հիմնավորել նրա արածը կամ չարածը եւ ընդամենը վրդովմունք դրսեւորել։ Բայց երեւույթն ինքնին կա, 10 տարի է՝ աշխարհը, թե նրա մի մասը մեզ ձեռք են մեկնել, մեզնից ոմանց էլ 100-ավոր դոլարներով աշխատավարձ են տալիս, իսկ միջին հայաստանցու համար շոշափելի ոչինչ չկա, դրականի առումով, իհարկե։ Այդպիսի մի աշխատակցի հետ երբ զրուցում էի էներգետիկ համակարգի վիճակից, ասաց՝ գիտենք, ինչու չէ, բայց դա մեր խնդիրը չէ։ Իսկ ո՞ւմ են թիրախ դարձնում ու փորձում ձայներ շահել մեր ձախերը. այդ նույն Համաշխարհային բանկին, Եվրոմիությանը, ամերիկյան իմպերիալիզմին, որոնց ՀՀ-ում գործող գրասենյակները 90 եւ ավելի տոկոսով կազմավորված են մեր հայրենակիցներով։ Օրերս առիթ ծագեց շփվել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության անվան տակ հանդես եկող մի կազմակերպության հետ։ Միջոցառում էին անցկացրել ՀՀ-ում աղքատության նվազեցման խնդրի շուրջ. լրագրողական հետաքրքրության շրջանակում փորձեցի ծանոթանալ մասնակիցների՝ հարցի վերաբերյալ դիրքորոշումներին։ Ամփոփման ժամկետից անցել է ամբողջ 2 ամիս, իսկ խորհուրդ են տալիս սպասել ինչ-որ հատվածների տպագրության։ Թե ինչու չի կարելի ծանոթանալ մարդկանց 20 եւ ավելի էջերից կազմված եզրակացություններին, մնում է անհասկանալի։ Փոխարենը կարելի է ենթադրություն անել. որովհետեւ մրցանակակիրների թվում են տնտեսագիտության ոլորտից հայտնի ազգանուններ՝ Դարբինյան, Եղիազարյան։ Տարօրինակն առավել այն է, թե ինչու են տնտեսագիտության դոկտորները ընդամենը մի քանի հարյուր դոլարի պարագայում ցուցադրում աղքատության նվազեցման մասին իրենց գիտելիքները։ Չէ՞ որ հասարակարգը, որը ցանկանում ենք կառուցել, նրանց այդ գումարը կտա 1-2 օրվա ընթացքում։ Տխուր է՝ եթե ավելին չասենք։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել