Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներկայիս մեծածավալ գործազրկության պայմաններում մի տեսակ ավանդույթ է դարձել ընդամենը «ֆայլաբազարին» բ

Դեկտեմբեր 08,2001 00:00

«ՍԵՄ»-Ը՝ «ՔՑԵԼՈՒ» ՍԵՄԻՆ Ներկայիս մեծածավալ գործազրկության պայմաններում մի տեսակ ավանդույթ է դարձել ընդամենը «ֆայլաբազարին» բնորոշ չափանիշներով լավագույն արհեստավորներին շինարարական աշխատանքներում ներգրավելը։ Դրանց ավարտից հետո էլ ինչ-ինչ մրցույթներում «շահած» շինարարական ընկերությունները տարբեր «հիմնավոր» պատճառաբանություններով հաճախ զլանում են վճարել իրենց վարձած էժան աշխատուժի դիմաց, ինչի արդյունքում մարդիկ ստիպված են լինում կամ հրաժարվել գրոշաչափ աշխատավարձից, կամ դիմել դատարան։ Երեւանի «Սեմ» ընկերությունը եւս շինարարական ուղղվածություն ուներ։ Այն, ի թիվս այլ աշխատանքների, ստանձնել էր Աշտարակի մարզային դատախազությանը հատկացված վարչական շենքի վերանորոգումը։ Սակայն պարզվում է, որ հիշյալ վերանորոգումը փաստորեն կատարվել էր շինաշխատանքներն իրականացնողների հաշվին։ Հակառակ դեպքում, «Սեմ» ընկերությունը երեւի պարտավորված կզգար վճարելու վերջիններիս աշխատավարձը։ Հայտնի է, որ մարզային դատախազության շենքի վերանորոգման աշխատանքներում ընդգրկվածներից ոմանք կատարել էին նաեւ նշված շինարարության շուրջօրյա պահակությունը՝ ընկերության կողմից խոստացված ամսական 20 հազար դրամ աշխատավարձի ակնկալիքով։ Ինչի մասին բարի լուրին 1999թ. արդեն հուսակտուր սպասում են մինչ օրս։ «Առավոտին» հասցեագրած նամակում «Սեմ»-ում աշխատելու հաճույքը վայելած մի խումբ աշխատակիցներ պնդում են, որ մինչեւ հիմա չեն ստացել իրենց կատարած բանվորական աշխատանքի եւ պահակության համար հասանելիք աշխատավարձի հիմնական մասը։ Գիտակցելով հանդերձ, որ մարդը միայն հացիվ չպետք է ապրի, «Սեմ»-ից դժգոհներն, այնուամենայնիվ, դիմում-բողոք էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Դա էլ, վերջիններիս կարծիքով, որեւէ դրական արդյունք չէր տվել։ Բայց փոխարենը բարի խորհուրդ էին տվել։ Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանը նրանց գրավոր տեղեկացրել էր, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ եւ դուրս են ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակներից։ Ուստի եւ առաջարկել էր խախտված իրավունքների վերականգնման համար դիմել դատարան։ «Սեմ»-ի պատճառով աղքատության սեմին հայտնված քաղաքացիները, սակայն, իրենց հրամցված «թանկ» խորհուրդներից օգտվել չեն կարող, վստահ են, որ Երեւան գնալ-գալու հետ կապված քաշքշուկները մեծ ծախսեր են պահանջում։ Նրանք ի վիճակի չեն հարկ եղած դեպքում վճարելու նաեւ դատական ծախսերը։ Ինչ վերաբերում է «Սեմ» ընկերության նախագահ Սերգեյ Մաթեւոսյանին, ապա վերջինս բոլորովին էլ չի «ուրանում» որեւէ մեկի աշխատավարձի պարտքը։ Նա կարծում է՝ բնավ մեղավոր չէ, որ «էս պետությունը դժվար վիճակում է հայտնվել ու պարտք է «Սեմ»-ին»։ Նա հեռախոսով մեզ հավաստիացրեց. «Որ օրը բյուջեն լցվի, նույն օրն էլ կփակեմ աշխատավարձերի պարտքերը»։ Անգամ այլընտրանքային տարբերակներից էլ խոսեց. «Կաշխատեմ ուրիշ պարտաճանաչ պատվիրատուների հետ ստացված շահույթի հաշվին դրանք մարել»։ Հետո էլ զարմացավ, թե ինչ է, «էս երկրից չե՞մ, չգիտե՞մ՝ ռեսպուբլիկան ինչպես է ապրում»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Կարծում ենք, քաղաքացիաիրավական հարաբերություններում անպարտաճանաչ ՀՀ գլխավոր դատախազությունը չվճարման պատճառով տուժած քաղաքացիներին իրավաբանական կոնսուլտացիա տալու փոխարեն ավելի լավ կլիներ վճարեր ստացած (օգտագործած) աշխատանքի դիմաց, մի քիչ կրճատելով մյուս ծախսերից, ասենք, գործուղում (թեեւ դատախազությանն ամենաքիչը պետք է մեղադրել դրա համար), ապարատի, ընդհուպ մինչեւ սեփական աշխատակազմի աշխատավարձերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել