Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ

Դեկտեմբեր 08,2001 00:00

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ 2001թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ տնտեսական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Շահոյանի) դռնբաց դատական նիստում Վանաձոր քաղաքի Լոռու մարզպետարանի շենքում, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Վանաձորի քաղաքապետի 28 օգոստոսի 2001թ. «Համայնքի տարածքում հանրահավաքների, ամուսնության ու թաղման արարողությունների անցկացումը կանոնակարգելու մասին» թիվ 707 որոշման առաջին կետը, այն մերժեց: «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը Վանաձորի քաղաքապետի որոշման առաջին կետը որակում է որպես քաղաքացիների ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի սահմանափակում եւ կոպիտ խախտում, քանի որ. 1. ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն համայնքի ղեկավարը «օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու հարցը», եւ ոչ թե տեղի անցկացման վայրի հարցը: 2. Հայաստանի Հանրապետությունում օրենքներ ընդունում է Ազգային ժողովը, եւ առայժմ հանրահավաքների, ցույցերի միտինգների անցկացման վերաբերյալ օրենք չի ընդունված, այսինքն՝ Վանաձորի քաղաքապետը յուրացրել է ՀՀ օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի լիազորությունները, որը հակասահմանադրական է եւ քրեորեն պատժելի, 3. ըստ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետի «Համայնքի ղեկավարը կարող է ընդունել որոշումներ եւ արձակել կարգադրություններ իր իրավասությունների շրջանակում», սակայն քաղաքապետը ընդունել է որոշում, որն իր լիազորությունների սահմաններում չէ: ՀՀ Տնտեսական դատարանը, փաստորեն, չիրականացրեց արդարադատություն, չղեկավարվեց ՀՀ Սահմանադրությամբ, չպաշտպանեց քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այլ կատարեց իշխանությունների պատվերը: Անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ դատական նիստի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարի ստորագրությամբ, որը քաղաքապետի ներկայացուցիչն էր դատարանում, կազմակերպության հասցեով ստացվեց գրություն հետեւյալ բովանդակությամբ. «Քաղաքապետարանի բակի բարեկարգման եւ քաղաքի կենտրոնը ժամանակավոր տնակներից ազատելու աշխատանքներ կատարելու նպատակով առաջարկվում է տասնօրյա ժամկետում լուծել Ձեր տնակների հանման հարցը: Տարածքն ազատելուց հետո Ձեզ կտրամադրվի այլ տարածք»: Ելնելով վերը նշվածից, «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը 1. Վանաձորի իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները որակում է որպես քաղաքացիների եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպության սահմանադրական իրավունքների ծրագրավորված եւ նպատակային ոտնահարում, 2. դատապարտում է նման պահվածքը, քանի որ այն անհարիր է քաղաքացիական հասարակության, իրավական պետության եւ ժողովրդավարության տարրական սկզբունքներին, 3. դիմում է Հայաստանում գործող միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակին, Եվրոպական երկրների ներկայացուցչություններին՝ միջոցներ ձեռք առնել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մինչեւ իսկ Եվրոպական Խորհրդին Հայաստանի անդամակցության կասեցումը: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել