Թույլ տվեք պաշտպանել սպաներին Ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել ձեր թերթի դեկտեմբերի 6-ի համարում տպագրված «Կյանքը՝ բանակում» հոդվածի առնչությամբ: Հենց սկզբից ներկայանամ. 27 տարեկան եմ, Հայոց բանակում ժամկետային ծառայության եմ եղել 1996-98 թթ., որպես սպա, վիրավորվել եմ մարտական ծառայության ընթացքում՝ ադրբեջանցի զինվորի գնդակից: Բայց խոսքն այս մասին չէ: Սկզբունքորեն կողմ եմ հասարակության մեջ գոյություն ունեցող արատավոր երեւույթները վեր հանելուն եւ դրանց լուծման համար ուղիներ փնտրելուն. բանակն էլ մեր հասարակության մի մասն է, եւ լրագրող Լ. Մ.-ի անհանգստությունը հասկանալի է: Բայց: Բայց թույլ տվեք պաշտպանել նաեւ սպաներին, որոնք ձեր հոդվածում պատկերված են որպես հրեշներ: Նախ, մեկ անգամ էլ շեշտեմ. բանակը մեր հասարակության մի մասն է, կրում է մեր բոլոր թերությունների հետքերն իր վրա: Անձամբ ես երկու տարվա ընթացքում ունեցել եմ մոտ 300 ենթակա՝ զինվոր ու սերժանտ, եւ նրանց մի զգալի մասը չի ունեցել նորմալ կրթություն, եղել է սոցիալական ու բարոյական անկում ապրող ընտանիքի արդյունք, որին անհրաժեշտ է ուսուցանել ոչ միայն ռազմական գործ, այլեւ տարրական կանոններ՝ վարքի, հաղորդակցման, կարգապահության: Հարգելի Լ.Մ., իսկ երբեւէ հանդիպե՞լ եք սպաների, որոնց զինվորները նվաստացրել են, հայհոյել, ծեծել, սպանել: Ես հանդիպել եմ. նրանք ոչ միայն որպես սպաներ էին անօգուտ, այլեւ որպես մարդ: Նման անցանկալի երեւույթները հաճախ ծնվում են զինվորական անպատժելիությունից, «գողական»-հանցագործ աշխարհի գաղափարները (եթե կան այդպիսիք) եւ արարքները բանակ ներմուծելուց, վերջիվերջո, թույլ կարգապահությունից: Այո, սպայի ճիշտ լինելու մասին դեռ խորհրդային ժամանակներից եկած կատակը տարածված է մեր բանակում, բայց բարեբախտաբար թե դժբախտաբար, չի գործում: Այնուամենայնիվ, կոչ եմ անում լրագրողին ավելի խորքային վերլուծություն կատարել նման հոդված գրելուց առաջ: Իսկ եթե ուզում եք սպայից դրական կարծիք լսել զինվորի մասին եւ հակառակը, գտեք նորմալ մարդկանց՝ անկախ նրանց ուսադիրներից: Ես կտրականապես դեմ եմ սպա-զինվոր անտագոնիզմը խորացնելուն: Հավատացեք՝ առանց կարգապահության չեն լինի հաղթանակներ: Բայց միայն վախի վրա կառուցված կարգապահությունը խաբուսիկ է ու հեղհեղուկ: Հնարավոր չէ ծառայել սահմանի վրա ու չհարգել մեկմեկու. չէ՞ որ ամեն պահի մեկդ մյուսի կարիքն եք ունենում, եւ եթե վաղը խրամատում վիրավոր ընկած լինես, վախը չի դրդի զինվորին՝ օգնել քեզ: Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ իմ բանակային փորձառությանը, իմ զինվորներին ու սերժանտներին, նրանց, ում հետ անց եմ կացրել դժվար ու անմոռաց օրեր, ովքեր իմ կողքին էին իմ վիրավորվելու պահին եւ հետո: Համաձայն եմ, «Զինուժով» ցույց տվածը շիրմա է, բայց այն ամենը, ինչին մենք հասել ենք այսօր՝ բանակ կառուցելու ճանապարհին, նաեւ հպարտության է արժանի: Սիրում եմ ձեր թերթը եւ ցանկանում, որ ձեր ամեն համարը, էջը, բառը մեզ ավելի մոտեցնեն այն Հայաստանին, որին հավատում ենք ու որին ձգտում: Հաջողություն, Ա.Ղ., պահեստի սպա