Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Դեկտեմբեր 08,2001 00:00

«ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ ՇԱՏ Է ՍՐՎԵԼ» ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հարցազրույցը «Առավոտ»-ին 172 Պարոն Ներսիսյանց, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մենք ունենք ՀՆԱ-ի աճի տեմպի բարձր ցուցանիշ՝ 9%-ից ավելի, սակայն ժողովրդի կողմից կան բազմաթիվ հարցադրումներ այն մասին, թե ինչու՞ այդ աճը զգալի չէ հասարակության համար: – Այո, հունվար-հոկտեմբերի տվյալներով, մեր տնտեսության պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք 9.6 % աճ, որը ողջունելի է: Այդ աճի դրական հետեւանքները ակնհայտ են մեր հանրապետության որոշ խավերի, բայց, ցավոք, ոչ բոլորի համար, օրինակ՝ հոսանքի շուրջօրյա ապահովում, տրանսպորտի անխափան աշխատանք, սննդամթերքի եւ լայն սպառման ապրանքների տեսականու ընդլայնում, մեծաթիվ ժամանցի եւ հանգստի վայրեր, սպասարկման ոլորտի կտրուկ բարելավում եւ այլն: Նշեմ, որ ինչքան էլ վիճակը բարելավվի, միեւնույն է՝ դժգոհ են լինելու, քանի որ սպասումները ավելի արագ են աճելու, շնորհիվ տեղեկատվական հոսքի եւ շրջագայելու հնարավորությունների, ինչը բնորոշ է բոլոր զարգացող երկրներին: Սակայն այլ հարց է, թե արդյո՞ք այդ տնտեսական աճը արդար է բաշխված մեր հասարակության մեջ, թե՞ ոչ: Այդտեղ կա լուրջ հարցադրում, քանի որ դասակարգային բեւեռացումը շատ է սրվել եւ այն էլ մի ազգի համար, որն ունեցել է գոյատեւման լուրջ պատմական խնդիրներ: 172 Որտեղի՞ց է ծագում այս անարդար բաշխման իրավիճակը: – Այս խնդիրը առաջանում է երեք գլխավոր թերություններից՝ ա) հարկերի հավաքագրման շատ նվազ մակարդակը, որը ներկայումս կազմում է ՀՆԱ-ի միայն 14.5%-ը, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում այն հասնում է շուրջ 25-30%-ի: Պարզ է, որ նոր տնտեսական համակարգից օգտվող ու վայելող խավը շրջանցում է իր պետական պարտականությունը՝ հարկ չվճարելով: բ) թերաֆիսկալ կորուստները, այսինքն՝ այն վճարները, որոնք վերաբերում են հասարակական ծառայություններին, օրինակ՝ հոսանքի, ջրի եւ տրանսպորտի վարձերը, որտեղ կան մեծ կորուստներ, գլխավորապես մեծաքանակ սպառողների կողմից: գ) կոռուպցիան, որը բազմազան ուղղություններով վատնում է պետական ռեսուրսները եւ կոռումպացնում ու վտանգում մեր պետականությունը: Այս երեք գլխավոր ֆինանսական արյունահոսություններն են, որ արգելում են բավարար ռեսուրսների մուտքը՝ բյուջե եւ խանգարում տնտեսական աճի արդար բաշխմանը: Ավելին՝ սրանք նույնիսկ կարող են լուրջ վտանգել հանրապետության ֆինանսական կայունությունը: 172 Ձեր կարծիքով, դրանց հետեւանքները ամենախիստ կերպով որտե՞ղ են արտահայտվում: – Ամենածանր ու բացասական հետեւանքը սոցիալական ենթակառուցվածքներն են կրում: Մեր որդեգրած ազատական համակարգում (խոսքը վերաբերում է չափավոր ազատական համակարգին՝ ոչ անտառային լիբերալիզմ եւ ոչ էլ նիրվանային սոցիալիզմ), պարզ է, որ արտադրությունը կայանում է գլխավորապես մասնավոր հատվածի միջոցով: Իսկ ընդհանուր տնտեսական համակարգումը եւ ենթակառուցվածքների պահպանումն ու զարգացումը պետության դերն է, մանավանդ սոցիալական ենթակառուցվածքինը՝ կրթություն, առողջապահություն, մշակույթ եւ սոցիալական ապահովություն: Թեեւ նույնիսկ այս ոլորտներում հնարավոր է օգտվել մասնավոր հատվածի ղեկավարության միջոցներից, սակայն արդարության սկզբունքների պահպանման գործում պետության դերը առաջնային է: Վերոհիշյալ երեք արյունահոսությունները հնարավորություն չեն տալիս պետությանը հաջողությամբ իրականացնել իր այդ առաջնային դերը: Օրինակ՝ 2000թ. տվյալներով ամբողջ սոցիալական ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի ծավալի մեջ կազմում է 6.2% , որից էլ կրթությանը բաժին է ընկնում ընդամենը 2.6%, իսկ առողջապահությանը՝ 1%: Այս ցուցանիշները բավարար չեն եւ խստիվ վտանգում են մեր տնտեսական աճի հարատեւելիությունը: Այլ կերպ ասած, մենք դեռեւս սպառում ենք համայնավար կարգերից ժառանգած սոցիալական ենթակառուցվածքներն ու մարդկային կապիտալը եւ չենք ներդնում բավարար ռեսուրսներ՝ ապագա տնտեսական աճը ապահովելու համար: Հատկապես Հայաստանում, որտեղ բնական ռեսուրսները սակավ են, մենք գլխավորապես հենվում ենք մարդկային ռեսուրսների վրա: Վերոհիշյալ չափանիշները անմիջապես պետք է առնվազն կրկնապատկվեն: 172 Ի՞նչ բարեփոխումներ խորհուրդ կտայիք՝ այս վիճակից դուրս գալու համար: – Առաջին հերթին հարկ է կենտրոնանալ վերոհիշյալ երեք ֆինանսական արյունահոսությունների կանխմանը, որը պահանջում է արհեստավարժ եւ ազնիվ կառավարություն ու կադրեր: Մեր ներկա քաղաքական իրավիճակում, ցավոք, դա արագ չի ստացվի: Հետեւաբար հարկավոր է որդեգրել նաեւ նոր պրոգրեսիվ հնարավորություններ, քանի որ սոցիալական ոլորտին ուղղված ներդրումները հետաձգելն անընդունելի է: 172 Դուք գիտեք, որ, օրինակ, կրթության բնագավառը շատ անմխիթար վիճակի մեջ է, ի՞նչ խորհուրդ կտայիք այդ ուղղությամբ: – Անհրաժեշտ է միջոցներ հայթայթել եւ հավելյալ ներդրումներ կատարել կրթության բնագավառում՝ նպատակ ունենալով մոտ երկու անգամ ավելացնել հատկացվող միջոցները: Պարզ է, որ այդ միջոցները մեծ մասամբ պետք է գոյանան հարկերից, քանի որ հավատարմագրված մասնավոր կրթության հատվածը Հայաստանում այնքան չի աճել, որ շոշափելի աջակցություն ունենա այդ ոլորտի զարգացմանն ու բարգավաճմանը, իսկ ներկայիս հարկային միջոցներն էլ արդեն հատկացված են պետական առաջնահերթ ծախսերի՝ զանազան ուղղություններով: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ստեղծել նոր հարկային աղբյուր, որը հատկանշված կուղղվի կրթության զարգացմանը, արդիացմանն ու որակի բարելավմանը: Որպես այդպիսին` ես առաջարկում եմ գույքահարկը: Նշեմ, սակայն, որ Հայաստանում գույքահարկի քաղաքականությունը եւ դրույթները դեռեւս լրիվ ձեւավորված չեն: Մեր գույքահարկի դրույքաչափերը չափազանց ցածր են եւ չեն փոխհատուցում այն ծախսերը, որ պետությունը կատարում է հօգուտ բնակիչների եւ գործարարների: Հաջողված միջազգային փորձը բազմիցս ցույց է տվել, որ անշարժ գույքի հարկի հավաքագրումը հեշտ է, հարկի վճարումը շրջանցելը՝ դժվար, եւ կրթության ոլորտի համար այն կարելի է նախատեսել՝ որպես ֆինանսական հոսք ապահովող հիմնական եւ կայուն աղբյուր: Գույքահարկի հավաքագրման ներկայիս կենտրոնացված համակարգը անհրաժեշտ է ապակենտրոնացնել, որի ընթացքում հարկի հավաքագրումը կկատարվի համայնքների կողմից, իսկ բաշխումը՝ սեփականատեր(ծնող)-համայնք-դպրոց խորհուրդների միջոցով եւ հիմնադրամի կարգով: Սա կհամապատասխանի մեր հանրապետության՝ ապակենտրոնացման եւ ժողովրդավարեցման քաղաքականությանը եւ զգալիորեն կկրճատի կոռուպցիայի դեպքերը, քանի որ հարկատուները ուղղակիորեն կներգրավվեն հավաքագրված ռեսուրսների տնօրինման մեջ: Օրինակ՝ կոռուպցիան բուհական համակարգում, երբ դպրոցների կողմից տրված ոչ բավարար գիտելիքների հետեւանքով բուհերի դիմորդները ստիպված են հաճախել մասնավոր դասընթացների՝ վճարելով չափազանց մեծ գումարներ: Ընդ որում՝ այդ դասընթացները կազմակերպվում են մեծ մասամբ բուհերի դասախոսների եւ ամբիոնի վարիչների կողմից՝ իրենց բուհական աշխատանքին զուգահեռ: Սա կարելի է բնորոշել որպես մեծ մասշտաբների քողարկված կաշառակերություն: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այսպիսի իրավիճակ, երբ ծնողը ստիպված է լինում կրկնակի վճարել զավակի կրթության համար՝ մեկ անգամ հարկերի տեսքով եւ եւս մեկ անգամ՝ մասնավոր դասընթացներին ահռելի վճարների տեսքով: Վերը նշված խորհուրդների ստեղծումը, այսպիսով, հնարավորություն կտա լուծել նման խնդիրները: 172 Իսկ ի՞նչ հետեւանքներ կունենա գույքահարկը անշարժ գույքի շուկայի վրա: – Գույքահարկը պետք է հիմնված լինի բնակտարածությունների եւ առեւտրային տարածքների շուկայական արժեքին, եւ ոչ թե լոկ տարածքի չափին, այսինքն՝ հնարավոր է, որ կենտրոնում գույքահարկը շատ ավելի բարձր լինի, քան ծայրամասերում: Ընդ որում, առեւտրային տարածքներից հարկումը պետք է իրականացվի ավելի բարձր դրույքներով, քան բնակտարածություններից, քանի որ այն անհամեմատ շատ է օգտվում պետական ծառայություններից: Գույքահարկի գանձումը նաեւ կպարտադրի սեփականատերերին նպատակային օգտագործել պարապության մատնված հսկա տարածքները կամ դրանք վաճառել առավել գործունյա անձանց: Ավելի արդար է կիրառել պրոգրեսիվ հարկում, որպեսզի հարկային բեռը մեծ չափով կրի հարուստը կամ սեփականատերը եւ ոչ թե արժեքավոր սեփականություն չունեցողը: 172 Իսկ ի՞նչ կասեք գիտության վերաբերյալ: – Գիտության ոլորտում վիճակը նույնպես անմխիթար է: Նրա տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է միայն 0.1%, որը խստիվ վտանգում է մեր տնտեսական աճի հարատեւելիությունը: Խիստ անհրաժեշտ է, որ ձեւավորվի համագործակցություն կառավարության, ակադեմիայի եւ գործարարների միջեւ, որպեսզի մեր գիտնականների մտավոր աշխատանքի արդյունքները ներդրվեն գործարար աշխարհի արդյունաբերության մեջ: Կառավարության կողմից նախնական աշխատանքների բավարար ֆինանսավորումը հնարավորություն կտա ոտքի կանգնեցնել այս համակարգը, որը հետագայում նաեւ ինքնաֆինանսավորմամբ կկարողանա զարգանալ եւ բարգավաճել: Ես ուրախ եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի վերջին նախագահական նիստում, որին ես ներկա էի որպես դիտորդ, նախագահ Ֆադեյ Տաճատիչի գլխավորությամբ որդեգրվեց պետություն-ակադեմիա-գործարարություն բարձրագույն խորհրդի կայացման գաղափարական հիմքը: Այն, եթե ընդառաջվի իշխանության կողմից, կարող է ճակատագրական դեր ունենալ մեր տնտեսության զարգացման մեջ՝ կտրուկ բարձրացնելով այդ ոլորտի կշիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել