Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ո՞ր կուսակցությունները 2003-ի նախագահական ընտրություններում կպաշտպանեն Քոչարյանի թեկնածությունը,

Դեկտեմբեր 08,2001 00:00

«ԱԳՐԱՐՆԻԿՆԵՐԸ» ՄՏՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Թե ո՞ր կուսակցությունները 2003-ի նախագահական ընտրություններում կպաշտպանեն Քոչարյանի թեկնածությունը, առայժմ դժվար է կանխատեսել։ Ամեն դեպքում, Քոչարյանի հայտարարությունը, թե ի հեճուկս ընդդիմության, ինքը երկրորդ անգամ է առաջադրվելու նախագահության թեկնածու, ակտիվ քաղաքական դաշտը կազմող կուսակցություններին հայտնապես չի խանդավառել։ Ոմանք վաղաժամ են համարում կողմնորոշվել, այլոք խուսանավում են դիրքորոշում արտահայտել։ ՌԱԿ-ի պիոներական ոգեւորությունն էլ չափավորեց Վլադիմիր Նազարյանը՝ հեգնելով, թե մի քիչ շտապել են՝ պետք էր թույլ տալ, որ նախ Նաիրի Հունանյանը առաջադրի եւ պաշտպանի Քոչարյանի թեկնածությունը։ Հեգնանքի նույն ոգով էլ կարելի է շարունակել մյուս քաղաքական ուժերի պահվածքը քննարկելը։ Այդուհանդերձ, քաղաքական ուժ համարվելու հավակնող մի կուսակցություն, ուրվագծվող հեռանկարի առումով պարտադրում է հեգնանքի առոգանությունը փոխել։ Խոսքը Ագրարային կուսակցության (ԱԿ) մասին է, որի հիմնադրումը 90-ականների սկզբին եւ հետագա գործունեությունը լայն հասարակությանը միանգամայն անհայտ են եղել։ Նույնիսկ, երբ այս ամռանը գումարվում էր այդ կուսակցության համագումար /վերագրանցումից առաջ կանոնադրական փոփոխություններ կատարելու նպատակով/ դարձյալ անհայտ էր մնում, թե ով է կուսակցության կնքահայրը։ Ներկա դրությամբ, երբ այս կուսակցությունը Հայաստանի 900 գյուղական համայնքներից 500-ում արդեն ստեղծել է տեղական կառույցներ եւ անդամագրել շուրջ 8000 հոգի, կարծես թե բացահայտվում է կուսակցության առաջնորդի ինքնությունը։ ԱԿ-ի նախագահի պաշտոնակատարը եւ թերեւս ապագա նախագահը ներկայիս գյուղնախարար Զավեն Գեւորգյանն է։ Երեւի Գեւորգյանի՝ խորհրդային ժամանակներում կուտակած կազմակերպչական փորձառությունն է դեր կատարել, որ ընդամենը մի քանի ամսում կուսակցության անդամների թիվը մի քանի հազարի է հասել։ Ընդսմին, լուրջը ոչ թե այդ քաղաքական ցուցանիշն է ինքնին, այլ կուսակցության սկզբնական կառույցների հիմնադրման ծավալները գյուղական համայնքներում։ Որովհետեւ այս դեպքում քարոզչությունը արդյունավետության նախադրյալներ ունի։ Խորհրդային ժամանակներում ագրոարդյունաբերական արտադրանքը կազմել է Հայաստանի ներքին համախառն արդյունքի 18-20 տոկոսը, այժմ այդ թիվը կրկնապատկվել է։ Հետեւաբար, համալիրի վերագործարկումը գյուղացիների համար գործնականում կլուծի կենսամակարդակի հետ կապված հիմնախնդիրները, անկախ արդյունաբերության մյուս ճյուղերի զարգացման տեմպերից։ Ինքնաբերաբար հետեւում է, որ Հայաստանի գյուղացիությանը հարկավոր են մարդիկ, որոնք կարողանային վեր հանել եւ լուծումներ տալ նրանց հուզող հարցերին։ Իսկ դա ո՞վ կարող է անել ավելի լավ, քան ագրոարդյունաբերության ոլորտում կենսագրություններ հյուսած մարդիկ։ Ինչպես Ագրարային կուսակցության ղեկավարներից մեկը նկատեց, «Չնայած ագրոարդյունաբերության ոլորտը կազմում է արտադրության 35%-ից ավելին, կառավարության աշխատակազմում չկա որեւէ օղակ, որը զբաղվեր այդ ոլորտով, ԱԺ-ում էլ ագրոարդյունաբերողների նորաստեղծ խմբում այնքան անտեղյակ մարդիկ են հավաքված, որ կառավարությանը հարց ուղղելիս ձեւակերպում են՝ Անիի եւ Մարալիկի շրջաններում, անտեղյակ լինելով, որ Մարալիկը մաս է կազմում Անիի շրջանին»։ Մինչդեռ, ոլորտում կուտակված են խնդիրներ, որոնց լուծումը բացառապես պետական ատյանների ձեռնահասությանն է կարոտ։ Նույն գյուղացիական կոոպերացիայի խնդիրը, որը թույլ կտա առավել բերքատվություն ապահովել մասնատված հողաբաժիններից, որոնք այժմ սեփականության իրավունքով պատկանում են գյուղացիական տնտեսություններին, սակայն բարձիթողի վիճակում են։ Իմիջիայլոց, արդարադատության նախարարությունը առանձնակի խանդավառություն չի ցուցաբերել «Գյուղացիական տնտեսությունների կոոպերացիայի մասին» օրինագծին առնչությամբ, գուցե համարելով, թե շուկայական տնտեսությունը եւ անտեսանելի ձեռքը ի վերջո ֆերմերների ձեռքում կկենտրոնացնեն մասնատված հողաբաժինները՝ դրանք վերածելով լիարյուն ֆերմերային տնտեսության։ Սակայն, գուցե ազգային առանձնահատկությունն է դեր կատարում, բայց հողակտորները չմշակող մարդիկ ամենեւին էլ չեն շտապում դրանք վաճառել։ Հողի սեփականությունից պատրաստակամ հրաժարվողների թիվը չնչին է։ Հետեւաբար, գյուղացիական կոոպերացիան ֆերմերային տնտեսությանը մոտենալու առավել իրատեսական ուղի է։ Նույն կերպ էլ պետական միջամտություն է հարկավոր գյուղացիական տնտեսություն-վերամշակող ձեռնարկություն-բանկ փոխհարաբերություններում, որպեսզի գյուղացին կարողանա իր հարկերն ու վճարները մուծել բնամթերքով, իսկ ձեռնարկությունները բանկից ստանան միջոցներ՝ վերջնական արտադրանք թողարկելու համար։ Կամ, ասենք, լեռնային եւ բարձր լեռնային վայրերում պետական ապահովագրություն անցկացնելու խնդիրը, որը գյուղացուն կպաշտպաներ բնության տարերքների պատճառած վնասից։ Հասկանալի է, որ բոլոր այս եւ նման խնդիրներին ընթացք տալու եւ, առավել եւս, լուծում տալու համար քաղաքական մի ուժի դերակատարությունը պատճառաբանված է։ Եվ նույնքան հասկանալի է, որ գյուղացիները հատկապես այդ ուժին ձայն կտան, որովհետեւ այդտեղ իրենց վերաբերող ամբողջական ծրագրեր են՝ մի քանի տողի կամ դրույթի փոխարեն։ Վերջապես, այն հարցը, թե ինչո՞ւ ստեղծվող եւ հեռանկարներ ունեցող այս կուսակցությունը հակված է պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին։ Գյուղնախարարի պատասխանը հետաքրքիր էր. «Գյուղացին իր էությամբ հակված չէ ծայրահեղ դիրքորոշումների։ Նա շատ ավելի կվստահի քաղաքական ուժի, որն առանց առճակատումների ուրվագծում է փոփոխություններ, քան կներքաշվի քաղաքական անհաշտ պայքարի մեջ»։ Գուցե նախարարը հարմար չի համարում հայտարարել, բայց իր անձնական կողմնորոշումն էլ այդտեղ դեր ունի, քանի որ խորհրդային կուսակցական շինարարության արսենալով կերտվող քաղաքական ուժը հազիվ թե դեմոկրատական ցենտրալիզմից բացի այլ սկզբունք ունենա։ Իսկ թե ինչ է նշանակում դեմոկրատական ցենտրալիզմ, լավագույնս բացատրել է Նիկիտա Խրուշչովը, սկսելով այնտեղից, որ ժողովուրդի կարծիքը ներկայացնում է կուսակցությունը, կուսակցության կարծիքը՝ նրա ղեկավար մարմինը, ղեկավար մարմնի կարծիքը՝ կուսակցության առաջնորդը։ Հետեւաբար գուցե որոշ վերապահումներով, բայց Զավեն Գեւորգյանի պրոքոչարյանական դիրքորոշումը կարելի է մեկնաբանել իբրեւ կուսակցության կողմնորոշում։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել