Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս

Դեկտեմբեր 08,2001 00:00

Մի բան ասա, մենք էլ ենք, չէ՞, մարդ Օրերս գինու կոմբինատից դեպի Մաշտոցի պողոտա անցնող հատվածում պետավտոտեսչության մի քանի աշխատակիցներ խիստ հիասթափություն ապրեցին. նրանք նետվեցին մի ավտոմեքենայի ետեւից, որը խախտում էր կատարել, բայց մի քանի վայրկյան անց պարզվեց՝ խախտումը մեկ այլ պետավտոտեսչության մեքենա էր գործում։ Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե մի սովորական քաղաքացի դա գործեր։ Կհետապնդեն, կփորձեն համոզել չարված խախտումը, մի կում անգամ չխմած ալկոհոլը։ Վարորդներն էլ սուրբ չեն, իհարկե, բայց մեր ոստիկաններն արդեն հոտառությամբ գիտեն՝ ում արժե կամ պետք է կանգնեցնել, ում՝ չնկատելու տալ, ում հետ ինչպես խոսել եւ այլն։ Վաղուց արդեն առեւտրականներին բնորոշ մի ավանդույթ են որդեգրել մեր ոստիկանները։ Վերջերս, երբ մի ավտոմեքենայի վարորդ անվրդով դիմադրում էր ոստիկանի առաջ քաշած մեղադրանքին, ոստիկանը ժպտալով ասաց. «Լավ, գոնե սվթեն արա…»։ Ավտոմեքենայի վարորդը չհասկացավ՝ ինչ է ուզում կամ ինչ է նշանակում, մինչեւ ոստիկանը նույնը մի քանի անգամ կրկնելուց հետո ավելացրեց. «Մենք էլ ենք մարդ…», ու ձեռքի մատները շփեց իրար։ Ինչ խոսք, ոստիկանն էլ է մարդ, բայց վարորդը «սվթեն» չարեց։ Այդպիսի հոգեբանությամբ են օրը սկսում մթերային շուկայի առեւտրականները։ Իսկ մի վարորդ, երբ այս պատմությունը լսեց, ասաց. «Դա դեռ ի՞նչ է, իսկ տեսե՞լ եք, որ փողը վերցնելուց հետո քսում են ոստիկանական փայտիկին, որ օրը խերով լինի, փող բերի…»։ Իհարկե, այս խնդիրը միակողմանի չպետք է դիտել. մեր ոստիկաններին բոլորովին չարդարացնելով, ասենք նաեւ, որ երբեմն ստիպված էլ են այդպես գործում, քանզի, մեր տվյալներով, նրանց ոչ ավտոմեքենայի վառելիք է տրվում, ոչ էլ այն նորոգելու համար միջոցներ, իսկ աշխատավարձերն էլ հաճախ ուշացնում են։ Այդ պատճառով էլ նրանք որսի են դուրս գալիս՝ միջոցներ հայթայթում ընտանիք պահելու եւ աշխատանքի համար պայմաններ հայթայթելու նպատակով։ Բենզակայաններից՝ բենզին, վարորդներից՝ փող, ումից՝ ինչ, կամ՝ ով ինչ կտա։ Միայն թե դա անում են անճար ու անզոր քաղաքացիների հաշվին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել