ԱՊՀ-ի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են Մոսկվայի ԱՊՀ ղեկավարների համաժողովը հոբելյանական էր եւ չպսակվեց կարեւոր փաստաթղթերի ստորագրմամբ։ Սակայն (ինչը պակաս կարեւոր չէ) Համագործակցությունը վերահաստատեց իր անհրաժեշտությունը, իսկ մասնակիցների մեծ մասը ցուցաբերեց ռուսակենտրոն տրամադրություն, ինչը պայմանավորված է, իհարկե, ՌԴ-ի տնտեսական դրական դինամիկայով եւ միջազգային ազդեցության աճով։ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հենց այդպես էլ ասաց, որ «մենք կլինենք Ռուսաստանի հետ, եթե ռուբլին լինի կայուն»։ Առավել մեծ նշանակություն ունեին երկկողմ հանդիպումները, որոնցից ամենամեծ ուշադրությունը առաջացրեց Պուտինի եւ Շեւարդնաձեի երկխոսությունը։ Հանդիպումից առաջ թվում էր, որ ռուս-վրացական հարաբերությունները անուղղելի վատթարացել են։ Հայկական որոշ լրատվամիջոցներ անգամ փորձեցին պաշտպանել հարեւաններին «վատ ռուսների» ճնշումներից։ Բայց բանակցությունների ընթացքում կողմերը եկան համաձայնության եւ Շեւարդնաձեն չափազանց գոհ մնաց՝ ուստիեւ պաշտպանության կարիք չունի։ Միաժամանակ պարզ է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները իրականում կլավանան միայն այն դեպքում, եթե Շեւարդնաձեն բավարարի ռուսական խնդրանքները՝ հատկապես չեչեն գրոհայիններին չնպաստելու հարցում։ Պուտինը եւ Շեւարդնաձեն անգամ համատեղ հատուկ մեխանիզմ են մշակել այդ խնդրի կարգավորման համար։ Հակառակ դեպքում կլինեն «մեծ բարդություններ», առավել եւս, որ օբյեկտիվ հիմքն էլ առկա է՝ Վրաստանի ծայրահեղ վատ սոցիալ-տնտեսական վիճակը եւ ժողովրդի դժգոհությունը իշխանություններից։ Քաղաքականությունը պրագմատիկ խաղ է, որում պետք չէ ղեկավարվել զգացմունքներով։ Չմոռանանք, որ վերջին տարիներին Վրաստանը վարում էր ընդհանուր առմամբ հակահայկական եւ թուրքաադրբեջանամետ քաղաքականություն։ Գործը հասավ նրան, որ բոլորովին վերջերս, երբ միջազգային համաժողովներից մեկում Ադրբեջանի ներկայացուցիչ Առզու Աբդուլաեւան ներողություն խնդրեց Ադրբեջանի տարածքում հայերի սպանությունների համար, նրան սաստեցին ոչ ադրբեջանցիները կամ թուրքերը, այլ Վրաստանի ներկայացուցիչները, ասելով, թե ինչպես կարելի է ներողություն խնդրել հայերից, որոնք զավթել են ձեր տարածքները եւ այլն, եւ այլն։ Մեզ՝ հայերիս, ավելի շատ հետաքրքրում էին Պուտինի, Ալիեւի եւ Քոչարյանի մեկուկես ժամ տեւած հանդիպման արդյունքները։ Ալիեւի հավաստմամբ, հանդիպման ընթացքում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել։ Սակայն դիվանագիտության մեջ բացասական արդյունքը նույնպես արդյունք է։ Առավել եւս, եթե հաշվի առնենք Ալիեւի դժգոհությունը այն բանում, որ ԱՊՀ երկրները կարծես չեն ուզում նկատել, որ Հայաստանը բռնագրավել է Ադրբեջանի տարածքի մի մասը։ Վատ չէ, որ չեն նկատում։ Ավելացնենք նաեւ, որ հանդիպման իսկ փաստը կոչված էր ցույց տալ Ռուսաստանի աճող դերը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Նույն օրերին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հայտնվեց մի հոդված, որի պնդմամբ՝ նախագահ Ալիեւը ծանր հիվանդ է եւ աշխատում է օրական ընդամենը երկու ժամ։ Այս տեղեկատվությունը անհանգստության տեղիք է տալիս, քանզի Ադրբեջանում ցանկացած իշխանափոխություն կարող է կտրուկ անկայունացնել առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Անկախ նրանից, ռուսներին ենք մենք ավելի շատ սիրում, թե ամերիկացիներին, պետք է հաշվի առնենք, որ մոտակա ժամանակ մեզ հուզող հարցերը առավելապես կախված կլինեն Ռուսաստանից։ Օրերս տեղեկացանք, որ ռուս մասնագետները փորձում են Տաջիկստանից Աֆղանստանի տարածք հեռարձակել PTP եւ OPT ռուսական հեռուստաալիքների ազդանշանը։ Ուրախացնող է, որ Հայաստանում էլ ս.թ. դեկտեմբերի 1-ից վերականգնվել է OPT-ի հեռարձակումը մետրանոց տիրույթում։ Ռուսերենը պետք է լավ իմանալ, որպեսզի ապագայում թուրքերենը պետք չգա։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ