Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի,

Դեկտեմբեր 08,2001 00:00

ՀԱՐՑԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է Մշակույթի, արվեստի, գրականության, թող թույլ տրվի ասել՝ մնացորդային ֆինանսավորումը, որն արտահայտված է 2002 թ. բյուջեի նախագծում, եւ որն արդարացիորեն առաջացնում է վերոհիշյալ բնագավառների մարդկանց տարակուսանքը, դժբախտաբար, նոր երեւույթ չէ մեզանում։ Այդ ասպարեզներում ֆինանսավորումը տարեցտարի ցուցաբերում է, լավագույն դեպքում, սառեցման միտում, իսկ, ասենք, գրահրատարակչության պարագայում՝ հետեւողականորեն նվազման։ Հարցը մեր առանց այն էլ սուղ բյուջետային միջոցներից մի քանի միլիոն դրամ այսուայնկողմ տեղափոխելը չէ, թեեւ դա ինքնին ամեն տարի դժվարին, երբեմն՝ անլուծելի խնդիր է դառնում։ Հարցը ընդհանուր քաղաքականության մեջ է, որը, մեր համոզմամբ, մնացորդային վերաբերմունքի արդյունք է, ինչը եւ արտացոլվում է բյուջեի նախագծում տեղադրված թվերով։ Մենք բազմիցս շեշտել ենք, որ պրոֆեսիոնալ մշակույթի, արվեստի պահպանման եւ տարածման ծանր բեռը պիտի վերցնել բյուջեի վրայից, եւ բյուջետային սուղ միջոցները ուղղորդել այդ բնագավառների ինֆրաստրուկտուրայի պահպանմանը (չենք էլ համարձակվում խոսել տարածման մասին)։ Այն է՝ բյուջետային ֆինանսավորումը պիտի ուղղորդել դեպի մարզերում հանգչող մշակույթի օջախները, մարզահամալիրները, մշակութային ո՛չ պրոֆեսիոնալ (սիրողական) միջոցառումները… Հիմա «Բրավո-Արմենիաների» ժամանակները չեն, հերիք է ապրենք աղքատ-հպարտի ցուցամոլական հոգեբանությամբ։ Իսկ պրոֆեսիոնալ մշակույթը, արվեստը պիտի ֆինանսավորվեն ոչ պետական միջոցներից։ Օրինակ, Ազգային օպերան կամ Սունդուկյանի անվան Մայր թատրոնը կարող են ունենալ, ասենք, հոգաբարձուների խորհուրդ, հիմնադրամ, բարեկամների ընկերություն (ինչպես կուզեք անվանեք), որոնցում ընդգրկված բարեգործները, եւ ո՛չ միայն հայաստանցի կամ սփյուռքահայ, իրենց ֆինանսական ներդրումներով շատ լավ կարող են աշխատեցնել այդ ինդուստրիայի լռված մեխանիզմը, եւ աշխատել… օգուտով։ Սո՛ւտ է, թե մշակույթի, արվեստի բնագավառներում շահույթ հնարավոր չէ հետապնդել, այլապես չէին գործի, օրինակ, «Մետրոպոլիտեն» օպերան կամ «Լա Սկալան», փարիզյան կամ մոսկովյան թատրոնները, Լայպցիգի կամ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերը… Կարծում ենք, որ հենց այստեղ է, որ պիտի երեւա պետության սատարիչ, կարգավորիչ, խթանիչ դերը։ Այնինչ, մենք շահույթ ակնկալում ենք միայն երգի ցածրաճաշակ փառատոներից, ամենատարբեր, նույնիսկ մանկապարտեզի մակարդակի միսս-մրցույթներից եւ այլազան շոուներից, որոնց հասցրած հոգեբանաբարոյական վնասը դրամական ամենաբարձր շահույթից շատ ավելի է։ Բայց պետությունը չի կարող լրիվ ինքնամեկուսանալ հումանիտար գործընթացներից։ Եվ մեր օրերում նորից վերականգնվում է պետական հոգածության ամենահայտնի ձեւը՝ մրցանակաբաշխությունը։ Ավաղ, այն հակամշակութային, հակագեղարվեստական, հակագրական մթնոլորտը, որը մեծ մասամբ տիրում է այդ հանձնաժողովներում, որեւէ հույս չի ներշնչում, թե լավ գործը կգնահատվի ըստ արժանվույն։ Պատահակա՞ն է, արդյոք, որ վերոնշյալ բնագավառներում պետական մրցանակներ բաշխող հանձնաժողովը այս տարի գրական եւ թատերարվեստի մրցանակներ չշնորհեց ոչ մեկին, թեեւ ներկայացվածների մեջ կային արժանի անուններ… Բայց, կներեք կոպիտ արտահայտության համար, դռանը կապած անբան շունն էլ երբեմն չի ալարում եւ հաչում է՝ հանուն դույզն-ինչ ազգօգուտ գործի։ Ցավոք, մեր շները, եթե անգամ հաչում են, ապա միայն մութ ինտրիգներով եւ շահարկումներով սեփական գործը առաջ տանելու, եւ կամ ցույց տալու համար, թե ով է իրենց «պահում»։ Իսկապես, գուցե կան մարդիկ, որոնց ողջ կյանքում պիտի «պահեն», այլապես նրանք գոյություն չեն ունենա… Այդ դեպքում՝ ո՞վ, կամ ովքե՞ր են դրանց «պահում»՝ մեր հարկատուների հաշվին, եւ ինչո՞ւ։ Արդարացվա՞ծ է արդյոք նմանների վարկաբեկիչ ներկայությունը մեր կյանքում, որտեղ էլ որ նրանք իրենց գոյատեւումը քարշ տալիս լինեն։ Եկել է ժամանակը, երբ չի կարելի առաջնորդվել ոչ կանչերով եւ ոչ կլանչներով, առավել եւս՝ կաղկանձյունով։ Այսօր (եւ ինչո՞ւ միայն այսօր, նաեւ նախկինում) ստվերի՛ն իրենց ապավինած մարդիկ իրավունք չունեն հոգեւոր արարչագործությանը կամայական, քմահաճ գնահատականներ տալ։ Անհրաժեշտ է (ավելին, համոզված եմ, որ դա անխուսափելի է) առաջիկայում լուրջ մտածել մշակույթի, արվեստի, գրականության արժեքների կոնկրետ գնահատման գործընթացներում նոր մոտեցումների, նոր մեխանիզմների մասին։ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել