Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվեր» հաշմանդամներին

Դեկտեմբեր 08,2001 00:00

Նախարարը ապակողմնորոշված է «Նվեր» հաշմանդամներին 2001 թ. դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Բուժվերականգնողական կենտրոնում բուժվող ազատամարտիկներս եւ ոչ զինվորական հաշմանդամներս, հրավիրել էինք ՀՀ սոցապահովության նախարար պրն Մարտիրոսյանին, փոխնախարարին՝ մասնակցելու մեր «Ոգեղեն ուժ» սոցիալական կենտրոն-Վարուժան Կարապետյանի թանգարանում տեղի ունենալիք միջոցառմանը։ Ժամը 16-ին սայլակներով իջանք մեր Հավատի օջախը՝ սոցկենտրոն-թանգարան, որն իր պատշաճ տարածքով ու կառուցվածքով միակն է եւ նպաստավոր բուժմշակութային վերականգնողական սիրելի սրահ՝ սայլակներով շարժվողներիս համար։ Նշված ժամին սոցկենտրոն-թանգարանի հիմնադիր օրիորդ Սեդա Հարությունյանը սկսեց միջոցառումը, մեզ նման հույս ունենալով, որ ուր որ է՝ կհայտնվեն սոցապ նախարարության ներկայացուցիչները, սակայն ոչ ոք չբարեհաճեց։ Շատ էինք ուզում, որ մեր ցավը թղթով կրող պարոնները գային, նրանց տեղյակ պահեինք մեր դարդուցավը։ Իսկ մեր խնդրանք- պատգամն այն է, որ «Ոգեղեն ուժ» սոցկենտրոն թանգարանին պետական մոտեցում ցուցաբերվի՝ արդեն 4 տարի գործող, կենսականորեն անհրաժեշտ տարածքը մեկընդմիշտ նվիրել հաշմանդամներին՝ մեր տոնի առթիվ՝ որպես անմոռաց նվեր ՀՀ ղեկավարության կողմից՝ Մեծ հայրենականի եւ Արցախի ազատագրական պատերազմի վետերաններին, վիրավորներին եւ ընդհանրապես՝ հաշմանդամներին։ Պատերազմի սինդրոմի հետեւանքների վերացման բարդ խնդիրը եւ սոցիալապես անապահով հասարակության համար օրնիբուն աշխատող մեր դահլիճն ուրիշ ոչ մի տրենաժորային նպատակով փոխարինել չի կարելի եւ անմարդկային կլինի։ Հպարտ էինք նաեւ, որ նոյեմբերի 29-ին մեր կենտրոն-թանգարանում տեղի ունեցավ «Ազատագրական բանակի» գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշ-երեկո եւ դահլիճը լեփ-լեցուն էր մի քանի հարյուր հյուրերով։ Հրաշալի միջոցառման համար սոցկենտրոն-թանգարանի հիմնադիր օրիորդ Սեդա Հարությունյանին զորակցելու փոխարեն, նոյեմբերի 30-ին սոցապ նախարար Ռ. Մարտիրոսյանը նրան բանավոր կարգադրել է, թե 10 օրվա ժամկետում քանդել, ազատել սոցկենտրոն-թանգարանի տարածքը, որովհետեւ նրան կրճատելու են։ Ցավոք, սոցապ նախարարն ապակողմնորոշված է տվյալ հարցում։ Նման վերաբերմունքը սկսվել է, երբ բուժվերականգնողական կենտրոնի տնօրեն նշանակվեց Արթուր Երջանիկի Աբգարյանը՝ դեռ 1999 թվականից։ Իսկ նվիրյալ Սեդա Հարությունյանը 9 տարի է «Սթրես» եւ բուժվերականգնողական կենտրոններում բուժվող հաշմանդամներիս սոցիալական աշխատանքով այնպես է օգնել, արել է այն, ինչ հարազատները չէին կարող անել։ Եվ դրան զուգահեռ էլ հիվանդանոցում սոցկենտրոն-թանգարան ստեղծել՝ վիրավոր ազատամարտիկներիս, հաշմանդամներիս եւ ամբողջ հասարակայնության համար, անձնական նախաձեռնությամբ՝ յուրովի ամոքելու է ե՛ւ մեր, ե՛ւ Հայրենիքի վերքերը։ Պետք է հարգել Աստվածայինը՝ անշահախնդիր Բարիությունը, նվիրականը, հզոր նախաձեռնությունը, այլ ոչ թե… այսօր խժռել նվիրյալներին։ Բազմաթիվ վիրավոր ազատամարտիկների, ծերունազարդ վետերանների ու հաշմանդամների անունից խնդրում ու պահանջում ենք, որ մեզ առողջություն պարգեւող օջախին, ճիշտ տեղում գտնվող դահլիճում հանգիստ թողնել՝ շարունակելու իր առաքելությունը։ 1999 թվականից տվյալ խնդրի լուծումը, այն է՝ սոցկենտրոն-թանգարանի ինքնուրույն գործունեությունը թույլատրելու հարցը (կենսականորեն անհրաժեշտ իր զբաղեցրած դահլիճով) բարձրացվել էր ՀՀ ղեկավարության մակարդակի։ Այս հարցում մեզ զորակցում են նաեւ ՀՀ ԳԱԱ պատվարժան մի խումբ ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, մշակույթի գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Վերապատվելի Ռընե Լեւոնյանը եւ այլք, լայն հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք նույնպես գրավոր դիմել են վարչապետին։ Հաշմանդամների հիմնախնդիրների լուծման ճանապարհին «Ոգեղեն ուժ» սոցկենտրոն-թանգարանը նոր խոսք է հանրապետությունում։ 100-ից ավելի ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել