Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատո՞ւմ եք արդյոք «Ռուսաստան-ԱՄՆ ալյանսի» երկարատեւությանը» հարցով դեռ շարունակում է դիմել իր ընթ

Դեկտեմբեր 08,2001 00:00

ԿՈՎԿԱՍԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ «Հավատո՞ւմ եք արդյոք «Ռուսաստան-ԱՄՆ ալյանսի» երկարատեւությանը» հարցով դեռ շարունակում է դիմել իր ընթերցողներին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Թեեւ արդեն մեկ շաբաթ առաջ կարող էր հարցին հավելել «Եվ իզուր» արտահայտությունը: Պինդ գրկախառնումները` վաղաժամկետ Սեպտեմբերի 11-ը կարող էր դառնալ աշխարհաքաղաքական կառուցվածքներում արմատական փոփոխությունների մեկնարկ, եթե դրանից հետո եւ դրա հետ առնչվող զարգացումները ցույց չտային` սեփական եւ կոլեկտիվ անվտանգության միջեւ ընտրություն կատարելիս նախապատվությունը դեռեւս տրվում է առաջինին: Այսպես, ԱՄՆ-ում հակաահաբեկչական պայքարի ալիքն արդեն մասնակի կուլ է տվել մարդու իրավունքների գերակայության թեզը: Իրավունքների այն մասով, որոնցից մինչեւ սեպտեմբերի 11-ը օգտվում էին նաեւ արաբական ու մերձավորարեւելյան ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիները: Վերջերս ընդունված որոշումների համաձայն, ամերիկյան ոստիկանության ու անվտանգության աշխատակիցներին իրավունք է տրվում «աշխատելու» այն անձանց հետ, ովքեր կարող են կասկածվել միջազգային ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ: Մի խոսքով, նրանք, ովքեր ունեն արաբական ու արեւելյան վառ արտահայտված արտաքին, կարող են այլեւս չմտածել ԱՄՆ-ում հաստատվելու, կամ նույնիսկ ԱՄՆ ուղեւորվելու մասին: Այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել միջազգային ահաբեկչության դեմ պատերազմը: «Ռուսաստանն իր մարդկային ու բնական ռեսուրսներով, անվտանգության ներկայիս համակարգով ինքնաբավարար պետություն է եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար հերթագրվելու ծրագրեր չունի»,- Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին հումանիտար մասնակցություն սկսելուց առաջ հայտարարեց Վ.Պուտինը: «Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ մինչեւ այն աստիճան, որքանին պատրաստ է ինքը ՆԱՏՕ-ն»: Ռուսաստան-ԱՄՆ մերձեցման թույլատրելի այս սահմանագծումն արվում է անընդհատ, որովհետեւ չեն փոխվել գլոբալ անվտանգության հիմնադրույթների տարընթերցումները: Հակահրթիռային անվտանգության համակարգերի վերանայման շուրջ այս երկու տերությունների միջեւ ծագած սուր բանավեճը դեռեւս չի դադարել: Ասել է, թե Ռուսաստանի համար ԱՄՆ-ի հետ հակաահաբեկչական ընդհանուր ճակատ կազմելը շատ չնչին բան է նույն այդ ԱՄՆ-ի հետ հավասար հիմունքներով խոսելու միակ հնարավորությունը` ռազմական հավասարակշռությունը պահպանելու համեմատ: ՆԱՏՕ-ի դեպի Կովկաս ընդլայնում առայժմ չի լինի Զարմանալի չէ, որ անցած մոտ չորս ամիսների ընթացքում Ռուսաստանում ու ԱՄՆ-ում ավելի զգուշավոր էին արտահայտվում իրենց փոխհարաբերությունների ջերմացման մասին, քան ԱՊՀ երկրներում ու հատկապես մեր տարածաշրջանում: Վրաստանի ու Ադրբեջանի պարագայում դա արվում էր ցանկալին իրականություն համարելու անզուսպ գայթակղությունից, Հայաստանում` այդ ջերմացման արդյունքում հանկարծ այլեւս ոչ մեկին պետք չգալու վտանգից: «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների որակական փոփոխությունների արդյունքում կսկսվի նաեւ Կովկասյան քաղաքականության ճշգրտման գործընթացը, որտեղ Հայաստանը կարող է այլեւս տեղ չունենալ»: Մոտավորապես այսպիսի մտքերով հեղեղվեցին հայաստանյան մամուլը, մասնավոր խոսակցություններն ու քաղաքական տարբեր քննարկումները, երբ ի հայտ եկավ սպասվելիք գլոբալ փոփոխությունների առաջին եւ մեր տարածաշրջանում միակ կոնկրետ արդյունքը` մասնակիորեն վերացվեց Ադրբեջանի նկատմամբ տարիներ շարունակ կիրառվող 907 բանաձեը: Խանդավառվեցին Ադրբեջանում, թե` ահա, շուտով իրականություն կդառնա ՆԱՏՕ-ական ռազմակայանների ներկայությունը ադրբեջանական հողում եւ վերջապես կզսպաշապկվի Հայաստանի ինքնավստահ կեցվածքը: ՆԱՏՕ-ի դեպի Կովկաս ընդլայնվելու հեռանկարը ստիպեց ամեն դեպքում ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանին հայտարարելու, թե «8230Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը բոլորովին այլ որակի եւ աստիճանի է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հետ այս ոլորտում համագործակցությունը կարող է նոր որակ հաղորդել մեր վարած փոխլրացման քաղաքականությանը»: Վրաստանի նախագահ Շեւարդնաձեն նոյեմբերի 30-ին ԱՊՀ գագաթաժողով մեկնեց ռուսական բազաները Վրաստանից դուրս բերելն էականորեն արագացնելու, աբխազական գոտում տեղակայված ռուս խաղաղարարներին այլ ուժերով փոխարինելու հաստատակամ մտադրությամբ: Ռուսաստան-ԱՄՆ ջերմացումը Վրաստանում էլ էր գնահատվում որպես ՆԱՏՕ-ական ուժերի տեղակայման բացառիկ հնարավորություն: Չստացվեց: Ահաբեկչության դեմ` բայց ԱՊՀ կազմով Իր վերջին հարցազրույցներից մեկում Պուտինը հայտարարեց, թե ՆԱՏՕ-ի ընդլայնում հասկացությունն ավելի քիչ է ապահովության զգացողություն առաջացնում, քան ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցություն արտահայտությունը: Հոկտեմբեր-նոյեմբերի իրադարձությունների համատեքստում Վրաստանն ավելի մեծ հիմքեր էր ձեռք բերել ՆԱՏՕ-ական ռազմակայաններ իր տարածքում արագորեն տեղակայելու համար, քան Ադրբեջանը: Մի կողմից ռուսական ռազմակայանների դուրս բերման Ստամբուլյան որոշումը (1999 թ.), մյուսից` Չեչնիայի հետ ընդհանուր սահման ունենալու հանգամանքը, մի կողմից` վրացական շրջաններն անհայտ ուղղաթիռներից պարբերաբար ռմբահարվելու փաստերը, մյուսից` աբխազական ուժերին պոտենցիալ ահաբեկիչներ համարելու փորձերը: Դա էր պատճառը, որ Անդրկովկասում ռազմական status quo-ի փոփոխության նկատմամբ իր վերաբերմունքը Ռուսաստանն արտահայտեց հենց այս կտրվածքով` «Նախքան աբխազական բախման գոտուց ռուս խաղաղարարներին դուրս բերելը, պետք է պարզ լինի՝ ո՞վ, ինչպե՞ս եւ ի՞նչ կարգավիճակով կփոխարինի նրանց» (Վ.Պուտին): ԱՊՀ այլ երկրները չեն կարող փոխարինել ՄԱԿ-ի մանդատով Աբխազիայում գտնվող ռուս զինվորներին. չունեն դրա համար պահանջվող ֆինանսական միջոցները, չեն ուզում հանուն Վրաստանի փչացնել Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները: Նրանք Ռուսաստանի հետ դեռ իրենց չլուծված խնդիրներն ունեն: ՆԱՏՕ-ի երկրները առայժմ չեն կարող հանուն Վրաստանի գնալ Ռուսաստանի հետ ակնհայտ առճակատման, չեն կարող վատնել Ռուսաստանի հետ հակաահաբեկչական թեմայի շուրջ ընդհանուր լեզվով խոսելու հնարավորությունը: Բին Լադենի հետ չեչենների կապվածության հանգամանքը ԱՄՆ-ն առայժմ թողնում է Ռուսաստանի հայեցողությանը: Նույնիսկ եթե Ադրբեջանի համար անվավեր համարենք ՆԱՏՕ-ական երկիր դառնալու երկարատեւ փորձաշրջան անցնելու անհրաժեշտությունը, նույնիսկ եթե այսօր եւեթ Ադրբեջանն ընդունենք ՆԱՏՕ-ական ռազմակայաններով գերհագեցած պետություն, միեւնույն է, դա ոչ թե կնպաստի ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված փոխզիջումային տարբերակին (երբ փոխադարձաբար մեկի ձեռքբերումը մյուսի կորուստն է ), այլ ավելի կխորացնի հակասությունները: Հակասություններ, որ բխելու են Հայաստանում` ռուսական, Ադրբեջանում` ՆԱՏՕ-ական ուժերի անմիջական հարեւանությունից (Ադրբեջանում ՆԱՏՕ-ի առկայությունը չի ենթադրում Հայաստանից ռուսական զորքերի հեռացում, ճիշտ հակառակը): Հակասություններ, որ կախված չեն միայն բախման կողմերի կամակորության աստիճանից, երկրների առաջնորդների «զիջումներ անելու քաղաքական խիզախությունից», հասարակությունների` այդ զիջումներն ընկալելու պատրաստակամությունից ու բազմաթիվ այլ գործոններից: Դրանք ուղիղ համեմատական են լինելու Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների որակին, որն, ըստ էության, արմատապես չի փոխվում: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» կենտրոն Հետաքննող լրագրողների ընկերակցություն home.media.am/hetq

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել