Լրահոս
Օրվա լրահոսը

Այս շաբաթ խորհրդարանում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հրապարակեց հինգ կուսակցություննե

Դեկտեմբեր 08,2001 00:00

Բնական եւ ձեռքբերովի դաշնակիցներ Այս շաբաթ խորհրդարանում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հրապարակեց հինգ կուսակցությունների համատեղ հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգի, որի նախագիծը, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկվել է խորհրդարանի քննարկմանը: «Ազգային ժողովրդավարական կուսակցության, Ազգային ժողովրդավարական միության, Հայաստանի կոմունիստական եւ «Հանրապետություն» կուսակցությունների, ինչպես նաեւ Սահմանադրական իրավունք միության միջեւ համատեղ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով այն սկզբունքային հանգամանքը, որ ինչպես հիշյալ կուսակցություններն առաջարկում են կառավարման խորհրդարանական համակարգ ամրագրող Սահմանադրության նախագծեր, ճշգրտվեցին եղած երկու նախագծերում առկա ոչ սկզբունքային բնույթի տարբերությունները եւ որոշվեց Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել պետական կառավարման խորհրդարանական համակարգ սահմանող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկ միասնական նախագիծ»,- ասված է համատեղ հայտարարությունում: Իհարկե, հաշվի առնելով, որ հիշյալ հինգ կուսակցությունների խորհրդարանական անդամների թվաքանակը հազիվ մոտ 20 պատգամավոր լինի, պետք է նկատել, որ կառավարման խորհրդարանական համակարգ ամրագրող նախագիծը, թերեւս, դատապարտված է, եթե, իհարկե, դրա կողմնակից ուժերը չփորձեն խորհրդարանում եւ դրանից դուրս եւս դաշնակիցներ փնտրել: Որ ԱԺ-ում ներկայացված «Ազգային միաբանություն» եւ Ժողովրդական կուսակցությունները՝ լինելով «Հանրապետություն» կուսակցության դաշնակիցը, չեն միացել հինգի հայտարարությանը, թերեւս, հասկանալի է: Նրանք երբեւէ խորհրդարանական համակարգի կողմնակից չեն եղել: Ավելին, երբ ՀԺԿ մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել հիշյալ նախագծի վերաբերյալ այդ կուսակցության վերաբերմունքը, վերջինս ասաց. «ՀԺԿ-ն սկզբունքայնորեն կողմ է կառավարման նախագահական համակարգին եւ ոչ թե կիսանախագահական, որի դեպքում լիազորություններ ունի, իսկ պատասխանատվություն՝ ոչ»: Ռ.Խաչատրյանը միեւնույն ժամանակ ընդգծեց, թե խորհրդարանական համակարգի կողմնակիցների ներկայացրած նախագիծը իրավական տեսանկյունից բավականին գրագետ փաստաթուղթ է: Բայց, ի տարբերություն եվրոպական այն երկրների, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգը շատ արդյունավետ է գործում, Հայաստանում դրա նախապայմանները՝ ձեւավորված ավանդույթները, չկան: Ամեն դեպքում, ՀԺԿ ներկայացուցիչը կարեւորեց նաեւ այն, թե Սահմանադրության որեւէ նախագիծ ինչպե՞ս կընդունվի՝ արդար եւ օրինակա՞ն, թե՞ հերթական անգամ կեղծված հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության հանրաքվեն այնքան օրինական պետք է լինի, որ որեւէ մեկի մտքով չանցնի, թե կարելի է ձեռքը դնել Սահմանադրության վրա՝ երդվել ու ստել: Ինչեւէ: Ռ.Խաչատրյանն ասաց, որ թեեւ ՀԺԿ-ում հինգի ներկայացրած նախագծին միանալ-չմիանալու հարց դեռեւս չի քննարկվել եւ այդ իմաստով որեւէ որոշում չկա, այդուհանդերձ, կուսակցությունը բոլոր դեպքերում պնդելու է, որ Սահմանադրության այլընտրանքային նախագիծը եւս դրվի հանրաքվեի: Իսկ խորհրդարանում այլընտրանքային համատեղ նախագծի կողմնակիցների եւ այդ հարցում դաշնակիցների փնտրտուքն, իրոք, լուրջ խնդիր է, քանի որ այսօր խորհրդարանական ուժերի մի զգալի մասը պարզապես կոնյունկտուրային շահեր է հետապնդում: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ ՀՅԴ-ն է շարունակում համառորեն լռել այդ կարեւորագույն խնդրի շուրջ այն դեպքում, երբ հարյուրամյա այդ կուսակցությունը բազմիցս հայտարարել է երկրի խորհրդարանական կառավարմանը կողմնակից լինելու մասին: Իսկ Սահմանադրության բարեփոխման շուրջ քննարկումները դեռ առջեւում են եւ քաղաքական մեծ հետաքրքրություն են խոստանում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել