Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես

Դեկտեմբեր 08,2001 00:00

"ճՁԿ, թԺժ, ԽԿթԺԸ"-Ն՝ ԱԺ-ՈՒՄ Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր ԱԺ եռօրյայի վերջին օրը՝ չորեքշաբթի, պատգամավորները ՀՀ կառավարության անդամ նախարարներին, ինչպես նաեւ՝ վարչապետին, ոչ միայն մոտիկից տեսնելու, նրանց հետ միջանցքում ծխելու, ձեռքով բարեւելու «պատվին» են արժանանում, այլեւ ԱԺ ամբիոնից նրանց հարցեր տալու հնարավորություն են ունենում։ Եւ քանի որ այդ հարցուպատասխանը Հանրային հեռուստատեսությամբ ամբողջությամբ ցուցադրվում է, իսկ պատգամավորներին էլ հենց դա է միայն հարկավոր, որպեսզի իր ընտրողը տեսնի, թե որքա՜ն «գերազանցիկ» է իր ընտրած պատգամավորը, կառավարության կողմից տրվող պատասխաններն այս պարագայում այլեւս կարեւոր գործոն չեն դառնում։ Պատգամավորին մնում է միայն հարցը «դուխով» հնչեցնել, մի քիչ էլ «հաթաթա» տալով խոսել, բայց այնքան, որ դա չվնասի նաեւ իր եւ տվյալ նախարարի հետագա հարաբերություններին։ Իսկ դա արդեն ԱԺ միջանցքում տվյալ նախարարի հետ նախապես պայմանավորվածության ձեռքբերման միջոցով է արվում եւ այդպիսով, յուրաքանչյուր նախարար արդեն գիտի, թե քանի պատգամավոր է այդ օրն իրեն հարց տալու եւ որն ինչ տրամադրվածությամբ։ ԱԺ միջանցքներում այդ օրը, մինչեւ հարցուպատասխանի ժամը, տեղի է ունենում, այսպես ասած, «առեւտուր». «ես այսպես կասեմ», «ես էլ այսպես կպատասխանեմ» տարբերակով։ Այսպիսով, ոչ պատգամավորներն են լուրջ վերաբերվում իրենց տված հարցերին, ոչ էլ՝ նախարարները։ Իսկ վարչապետը միայն պատասխանում է այն դեպքում, երբ հարց տվող պատգամավորը մի քիչ շատ է չափն անցնում իր ձեւակերպումներում եւ որակումներում։ Այդ դեպքում վարչապետն արդեն ոչ թե հարցին պատասխանելու համար է իր «ծանր տեղը թեթեւացնում», այլ այդ պատգամավորին կամ պատգամավորներին ինչ-ինչ ուրիշ բաներ «հիշեցնելու» համար։ Իսկ նման օրինակները բազմաթիվ են։ Ստաժավոր նախարարներն, ի տարբերություն այն նախարարների, որոնք օր օրի փոխվում են եւ որոնք դեռ չեն հասցրել տիրապետել նաեւ այս կերպ «հարցեր լուծելու» մեխանիզմին, նաեւ կարողանում են հարցերը նախապես չհամաձայնեցնելու դեպքում՝ ԱԺ լուսատախտակի վրա հերթագրված պատգամավորների անուններն ընթերցելուն պես գուշակել, թե ով ում է հարց տալու։ Ստաժավոր նախարարներից մեկը, որը չցանկացավ անունը հրապարակել, խոստովանեց, որ իր մոտ այդ գործը լավ է ստացվում եւ ինքը մյուս նախարարներին հուշում է, թե ով կարող է նիստի ընթացքում հանգիստ դուրս գալ միջանցք ծխելու՝ առանց ավելորդ լարվածության, թե հանկարծ կարող է իրեն հարց տան։ Քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, մեր այն հարցին, թե արդյո՞ք ինքն էլ է կարողանում նման գուշակումներ անել, պատասխանեց. «Ես դեռեւս այդքան շատ փորձ չունեմ, չեմ կարողանում կողմնորոշվել։ Դրա համար միշտ շատ անհանգիստ եմ ծխելուց, որ լսեմ՝ ինչ են ասում»։ Իսկ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը, որը բոլորից ստաժավորն է, պատասխանեց. «Ճիշտն ասած, այո՛, գուշակում ենք, որովհետեւ ԱԺ-ում յուրաքանչյուր պատգամավորի աշխատաոճից՝ հարցադրումներից, հայտարարություններից գլխի ենք ընկնում, թե նա ինչ հարց է տալու։ Ճիշտ է, դա կա»։ «Իսկ արդյոք հարցուպատասխանի այս ձեւը արդյունավե՞տ է խնդիրների լուծման համար, եւ արդյո՞ք ճիշտ չի լինի, եթե պատգամավորները հարցեր ունենալու դեպքում փորձեին դրանց հնարավոր լուծումները գտնել համապատասխան նախարարների հետ քննարկումների միջոցով» հարցին Դ. Զադոյանը պատասխանեց. «Իրականում սա վատ չէ, քանի որ յուրաքանչյուր նախարար իր տեղում զգոն է լինում եւ փորձում է՝ համակարգն ամբողջությամբ տիրապետելով գա այս հարցուպատասխանին։ Այն, որ շատ հարցերում ե՛ւ պատգամավորները, ե՛ւ նախարարները այնպիսի լրջությամբ չեն մոտենում, որը պահանջվում է, դա կա։ Սա է պետք կարգի բերել։ Հարկավոր է, որ բոլորս ավելի լուրջ լինենք։ Ճիշտ է, որոշ մարդիկ անունը դրել են KBH, «ճՑՏ, չՊպ, ՍՏչՊՈ?», բայց սա լավ բան է, թող լինի…»։ Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կարծիքով, բանավոր առավել լավ են հարցերը լուծվում, քան այս չորեքշաբթի օրվա հարցուպատասխանները։ «Իսկ արդյո՞ք ձեւական չէ այս տարբերակը» հարցին Խ. Սուքիասյանը պատասխանեց. «Չեմ կարծում, միգուցե մոդելներից մեկն է եւ ընդունված մոդել է։ Թափանցիկության ապահովման խնդիր է։ Ես, որպես թափանցիկություն ապահովող, սա համարում եմ ընդունելի տարբերակ. մենք անցումային երկիր ենք եւ, հնարավոր է, որ շատ ընտրողներ իրենց պատգամավորների վրա վստահ չլինեն, չհավատան կամ պատգամավորն ինքն այդ մակարդակով մինչեւ վերջ չտանի։ Հնչեղությունը, կարծում եմ, հասարակության համար է ավելի դրական։ Նա գոնե տեսնում է, որ հարցը հնչեցվեց, անկախ նրանից՝ այդ հարցն իրականում ճի՞շտ է բարձրացվում, թե՞ սխալ»։ Կոմունիստ պատգամավոր Խորեն Թռչունիչը սրա մեջ արդյունավետություն չի տեսնում. «Նույն ԱԺ-ից, տարբեր հարցի շուրջ, վեր ենք կենում, մեր խոսքն ասում ենք՝ սրտներս հանգստացնելու, նստելու։ Սա էլ է դրա նման։ Կառավարական հեռախոսները վերացրին, կենդանի կապ նախարարների հետ չունենք։ Քաղաքային հեռախոսով զանգում ենք քարտուղարուհուն. նախ հարցնում է՝ ո՞վ է, հետո՝ տեղում չէ, մի քիչ ուշ զանգեք, ի՞նչ փոխանցեմ։ Այսքանով բավարարվում ես»,- ասաց Խ. Սարգսյանը։ Հարցուպատասխանը, ըստ նրա, շոու է՝ սրտի հանգստության համար։ Նախարարների հետ, ինչպես նա նշեց, ինքը հարցերը նախապես չի ճշտում, այլ. «Մոտենում եմ նախարարին, ասում եմ՝ նման հարցով եմ քեզ դիմելու, դու սրան դրական պատասխան կտա՞ս, թե՞ չէ։ Եթե տեսնում եմ՝ նա ուզում է ինձ արդեն շեղել, ես հարցն ուղղում եմ։ Եթե ասում է՝ տվեք դիմումը, ես անմիջապես լուծում կտամ, առձեռն տալիս եմ։ Իսկ հարցերն ընդհանրապես միջանցքում եմ լուծում։ Դահլիճում այն հարցերին, որոնց պատասխանը չունեն, ասում են՝ գրավոր գրեք, կպատասխանենք։ Էդ խեղճ նախարարներն էլ չգիտեն՝ իրենք մնալո՞ւ են, թե՞ գնալու են։ Ամենալավը այդ պատասխանն է նրանց համար»։ Իսկ ընդհանրապես, հարցուպատասխանը թե՛ նախարարների, թե՛ պատգամավորների համար իսկապես ուրախների եւ հնարամիտների ակումբավայրն է, որն ունի հստակ օր ու ժամ։ Ճիշտ օրը, ճիշտ ժամին նրանք էլ են իրար գլխի հավաքվում ու փորձում, թե ով է ավելի սրամիտ ու ծիծաղաշարժ հարցուպատասխան ապահովում. Ծաղիկ Ռուբո՞ն, թե՞… Իսկ գործնականում այնտեղ ոչինչ էլ չի արվում։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել