ՄԻ ՔԱՆԻ «ՇԱԲԱՇ» ԷՍ ԿՈՂՄ՝ ԷՆ ԿՈՂՄ Մինչ որոշ լրատվամիջոցներ հիացմունքով արձանագրեցին, թե Վանաձորի քաղաքային իշխանությունների որոշմամբ (աշնանամուտին կայացրած) արգելվել է «համայնքի տարածքում ամուսնության եւ թաղման արարողության ժամանակ տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշանների օգտագործումը» եւ սահմանվել, որ «ամուսնության եւ թաղման արարողությունների մասնակից տրանսպորտային միջոցները հնարավոր մոտակա խաչմերուկից շրջանցեն Տիգրան Մեծի պողոտան», շտապենք հայտնել, որ այդ որոշումը, հատկապես հարսանիքների «մասով», ընդամենը կարող է աշխուժացնել օրինապահների աշխատանքը, որոնք, այդպիսով, տուգանելու էլի մեկ պատճառ կունենան, եթե, իհարկե, ամեն մի հարսանքատիրոջ էլ համարձակվեն տուգանել։ Չէ՞ որ ոչ մի որոշում «թափով» հարսանքատերերին չի կարող ստիպել արգելել այդ հինավուրց սովորույթը, առավել եւս՝ ավտոմեքենաների «շքերթով» մի քանի անգամ «պտույտ մը» գործել Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Հայքի հրապարակում։ Հարսանքատիրոջ համար ի՞նչ տարբերություն. մի քանի «շաբաշ» էս կողմ, էն կողմ։ Մեր դիտարկումներով, որոշումն առայժմ ի գիտություն է ընդունվել միայն թաղման արարողությունների ընթացքում (այն էլ՝ որոշ վերապահումներով)։ Գ. Հ.