Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ «ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻՆ

Դեկտեմբեր 07,2001 00:00

Ո՛Չ «ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻՆ Պարզվում է, ամսական միջինը 500 մլն դրամի բյուջետային մուտքեր ապահովվում են ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության ծառայության միջոցով։ Երեկ այսպիսի տվյալ հաղորդեց վարչության պետ Ս. Գրիգորյանը՝ Երեւանում անցկացվող ԱՊՀ երկրների հարկային (ֆինանսական) հետախուզական ծառայությունների կոորդինացիոն խորհրդի նիստի ընթացքում։ Խորհուրդը նպատակ ունի ԱՊՀ տարածքում սահմանափակել «կեղտոտ փողերի» շրջանառությունը։ Հարցին, թե տարեկան ի՞նչ չափի տնտեսական հանցագործություններ են տեղի ունենում, պրն Գրիգորյանը պատասխանեց, որ դրանք այն գումարներն են, որոնք սովորական, հերթական ստուգումներով հնարավոր չի լինի հետ բերել։ Խորհրդի նիստի ընթացքում տեսակետ հնչեց, որ Հայաստանը փողերի «լվացման» համար հարմար երկիր է։ Սրան ի պատասխան, Ս. Գրիգորյանը տեսակետ հայտնեց, թե «ճիշտն ասած, Հայաստանի դրամաշրջանառությունն այդքան մեծ չէ «կեղտոտ» փողեր «լվանալու» համար։ Դրա համար ավելի հզոր բանկային համակարգ է պետք»։ Նրա կարծիքով, խորհրդի անդամ երկրների համար միանման խնդիրներ կան. «Ավելացված արժեքի փոխադարձ հաշվարկը, տարադրամային ձեւակերպումները։ Սահմանային խնդիրներ առայժմ չունենք, որովհետեւ մեր սահմաններն այնքան էլ չեն շփվում Ռուսաստանի հետ»։ Այս խորհրդի անդամ երկրները, պարզվում է, միմյանց օգնությամբ փորձում են հանցագործություններ կանխել։ Օրինակ, Ռուսաստանի հարկային հետախուզական մարմինները մեզ դիմում են մեր քաղաքացիների՝ ԱՊՀ այլ երկրներում իրենց գործունեության վերաբերյալ (քանի որ բավական մեծ թվով հայ բնակչություն ունենք)։ Ի դեպ, ըստ պրն Գրիգորյանի, նրանք մեզ ավելի շատ են դիմում։ Հետեւաբար, ավելի շատ «շրջանցումներ» են անում մերոնք։ Ողջ ԱՊՀ տարածքում առայժմ հաշվարկված չէ, թե չֆիքսվող գումարների շրջանառությունը որքան է։ Խորհրդի նիստի ավարտին կստորագրվեն մի շարք պայմանագրեր։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել