ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է Մոսկվայի միությունների տան Սյունազարդ դահլիճում Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում ընթացող Վլադիմիր Կրամնիկ-Գարրի Կասպարով մենամարտը հատեց պայքարի առաջին շրջանը։ Դասական ոճով նրանց միջեւ կայացած չորրորդ պարտիան նույնպես ի հայտ չբերեց ավելի ուժեղին։ Գրոսմայստերներն այս անգամ նախընտրեցին իսպանական պարտիայի բաց տարբերակը, սակայն շատ ժամանակ չանցած, համաձայնեցին ոչ-ոքիի։ Հաշիվը դարձավ 2։2։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում աշխարհի ներկայիս ուժեղագույն շախմատիստներն իրենց խոսքում համակարծիք էին, որ ժամանակակից շախմատում, եթե պայքարն ընթանում է այսպիսի մակարդակում, բավական է, որ սպիտակները մանրէի չափ փոքր անճշտություն թույլ տան, որպեսզի ձեռքից բաց թողնեն սկզբնախաղում առավելություն ստանալու, ասել է թե՝ պարտիան շահելու հնարավորությունը։ Չորս պարտիաներում էլ հենց վճռորոշ դեր է խաղացել սկզբնախաղը։ Միակ անգամը, երբ միջնախաղի անցնելիս կողմերից յուրաքանչյուրը դիրքային կամ տարածքային առավելության հասնելու շանս է ունեցել, եղել է երկրորդ պարտիայում։ Շուրջ յոթ ժամ տեւած պայքարից հետո մրցակիցները 73-րդ քայլում «խաղաղվեցին»։ Մնացած երեք պարտիաներն ավարտվել են շատ արագ. 1-ինը՝ 18-րդ քայլում, 3-րդը՝ 21-րդում եւ 4-րդը՝ 19-րդում։ Կրամնիկը լրագրողներին հայտարարել է, որ քանի դեռ տիտղոսակիրը ներկայումս ինքն է, ոչ-ոքին մի փոքր ավելի նպաստավոր ելք է իր համար, թեեւ որեւէ լուրջ առավելության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Կասպարովն իր հերթին ենթադրում է, որ Լոնդոնից հետո Կրամնիկի հետ մրցակցությունն իր օգտին է ընթանում։ Թե Կասպարովը, թե Կրամնիկը երաշխավորել են, որ արագ շախմատում, առավել եւս բլիցում սխալներից խուսափել հնարավոր չէ, ուստի կլինեն նաեւ արդյունավետ պարտիաներ։ Մոսկվայում Կրեմլի համագումարների պալատում զուգահեռ ընթացող ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի անհատական առաջնությունում պայքարը մոտենում է եզրագծին։ Տղամարդկանց մրցաշարում հայտնի դարձան 1/4 եզրափակիչի մասնակիցները։ Այս փուլ են մտել Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը, Եվգենի Բարեեւը, ուկրաինացիներ Ռուսլան Պոնոմարյովը, Վասիլի Իվանչուկը, Ժոել Լոթյեն (Ֆրանսիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա)։ Կանանց պայքարը հասել է կիսաեզրափակիչին։ Այստեղ են Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան) եւ չինուհիներ Ձյու Չենն ու Հու Յուհուան։