Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու

Դեկտեմբեր 07,2001 00:00

«Բեմին նվիրված հայուհիներ» Երկու տարի առաջ էր. մեր հայրենակցուհին՝ Ալիս Նավասարգյանը Ամերիկայում հրապարակեց «Իրան-Հայաստան ոսկի կամուրջներ» շքեղ գիրքը, եւ ահա նրա երկրորդ աշխատությունը՝ «Բեմին նվիրված հայուհիներ»։ Այս առիթով հեռախոսազրույց ունեցանք ամերիկաբնակ գրողի հետ։ – Տիկին Ալիս, «Բեմին նվիրված հայուհիներ» վերնագիրը խոսում է ձեր նոր գրքի բովանդակության մասին։ – Այո, իրավացի եք, խոսում է… Կուզեի մի փոքր ընդարձակ մանրամասնել։ Այսպես. սա գիրք-ալբոմ է, որը ներկայացնում է ինչպես հայրենիքի, այնպես էլ Սփյուռքի կատարողական արվեստի 63 փայլուն ներկայացուցիչների՝ դերասանուհիներ, երգչուհիներ, դասական գործիքային երաժշտության վարպետներ՝ գունագեղ պատկերներով եւ համառոտ կենսագրություններով, դասավորված պատմական հաջորդականությամբ, որն ընթերցողին հնարավորություն կընձեռի ամփոփ գծերով պատկերացնել հայ դրամատիկական, օպերային, օպերետային թատրոնի, կինոյի, մենանվագի զարգացման ընթացքը 19-րդ դարի 50-ականներից մինչեւ մեր օրերը… – Իսկ ավելի ստույգ։ – Գիրքս ներկայացնում է պատմական մի ժամանակաշրջան, որը ձգվում է հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի 1861 թվականի դեկտեմբերի 14-ին անդրանիկ ներկայացման առաջին պրոֆեսիոնալ դերասանուհու՝ Արուսյակ Փափազյանի, առաջին կարեւոր դերակատարումից մինչեւ մեր օրերը։ Անունները հաջորդում են իրար՝ ըստ ծննդյան թվականների՝ Արուսյակ Փափազյանից՝ ծնված Պոլսում՝ 1841-ին, մինչեւ Ալին Գութան՝ ծնված Պոլսում՝ 1969-ին։ – Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել։ – Տեղեկություններ եմ քաղել հայկական եւ ամերիկյան հանրագիտարաններից, թատրոնի եւ օպերայի տեղեկատու գրականությունից, պարբերական մամուլից, անձամբ հանդիպել եմ որոշ կին ստեղծագործողների, նրանց ընկերների ու ազգականների եւ ստացել ստույգ տեղեկություններ։ – Կարծում ենք, զուտ տեղեկատու ստեղծելը չի եղել ձեր նպատակը։ – Անշուշտ, ես նպատակ արի՝ մի որոշ ճաշակ ու պատկերացում տալ տվյալ բնագավառներում ստեղծագործական նվաճումների հասած մի շարք դեմքերի մասին։ Այո, նպատակս բնավ տեղեկատու ստեղծելը չէր։ Նման մի քանի այսպիսի ալբոմ էր հարկավոր տեղեկատուի համար, ավելի ճիշտ՝ տասնյակ ալբոմներ… – Հնարավո՞ր է, ընթերցողը, նույնիսկ մոլի արվեստասերը, գրքում պարզապես հայտնաբերի համաշխարհային համբավ ունեցող հայ արվեստագետի, որի անունն անգամ մեզ ծանոթ չէ։ – Այո, չի բացառվում։ Թերթելով ալբոմը, ընթերցողը զարմանքով կհայտնաբերի իրեն անհայտ մնացած անցյալի եւ ներկայի համաշխարհային փառքի հասած հայ կին արվեստագետների։ Եթե 19-րդ դարի երկրորդ կեսի եւ 20-րդ դարի սկզբի հայ արվեստագետներին հանգամանքների բերումով չհաջողվեց համաշխարհային բեմում երեւալ եզակի բացառություններից, ապա 1915-ի Մեծ եղեռնից հետո Սփյուռքի առաջացումով, արտասահմանի հայկական տարբեր օջախներում ծնված հայազգի շատ տաղանդներ շրջեցին աշխարհի շատ բեմերով՝ մեծ հռչակի արժանանալով։ Այժմ արդեն թե՛ Սփյուռքում, թե՛ հայրենիքում հասակ առած շատ կին արվեստագետներ նվաճում են աշխարհի տարբեր երկրների բեմերը։ – Ի՞նչ եք կարծում, կա՞ մի ասպարեզ, որտեղ կինը… – Հասկացա։ Ոչ, չկա մի ասպարեզ, որտեղ կինը թողած չլինի իր լուսավոր հետագիծը։ «Թարմ» օրինակ՝ մեր Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծումը եւ արցախյան իրադարձությունները արդյունք են նաեւ հայ կանանց մաքառման… Նավասարգյան ընտանիքը գրքի հասույթը հատկացնում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտին՝ գրքերի հրատարակման համար։ Վերջինս էլ ձեռնամուխ է եղել Կոմիտասի տասհատորյակի հրատարակմանը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել