Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում տարբեր աղետների թվի մեծացման միտում է նկատվում, իսկ ամենաքի

Դեկտեմբեր 07,2001 00:00

«Դետսկի միրը»՝ հանուն վթարների վերացման Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում տարբեր աղետների թվի մեծացման միտում է նկատվում, իսկ ամենաքիչ կորուստներ ունենում են միայն այն երկրները, որոնք ավելի լավ են նախապատրաստված լինում դրանք դիմագրավելուն։ Օրինակ, Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց յուրաքանչյուր երրորդը, իսկ Ճապոնիայում նույն ուժգնությամբ երկրաշարժից 3000-ից մեկը զոհվեց։ «Այսօր «Դետսկի միր» են վաճառում, որպեսզի երկու վթարային շենքերի բնակիչների կարողանան տեղավորել»,- հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը։ Նա դժգոհեց, որ «ոմանց անգրագիտության հետեւանքով ունենք Աջափնյակ՝ կավահողի վրա կառուցված եւ վթարային վիճակում հայտնված բազմաթիվ շենքեր, որոնք կշարունակվեն քանդվել ու քանդվել»։ Վերջինիս դիտարկումներով, Հայաստանում անխուսափելի են ամենատարբեր աղետները՝ երկրում առկա արտադրական հզորությունների մաշվածության, ջրհեղեղներն ու սելավները՝ ջրամբարների ու գետերի հուների չմաքրվելու պատճառով։ Ըստ նրա՝ մեր հանրապետությանը սպառնում է երկրաշարժերի վտանգը, շուրջ 3000 սողանքներից 20-ն էլ ակտիվացման փուլում են (հայտնի է, որ սողանքները տարեկան 10 մլրդ դրամի վնաս են հասցնում երկրին)։ Ու պատկերն ավելի է մռայլվում ֆինանսների բացակայության պատճառով։ Մինչդեռ քաղաքակիրթ երկրները տարեկան հարյուրավոր միլիոններ են ծախսում աղետադիմակայուն շինությունների եւ բնակչության՝ աղետներին դիմագրավելու պատրաստվածության համար։ Չնայած այս ամենին, Ն. Գրիգորյանը գտնում է, որ աշխարհում ԱԻՎ-ի հետ հաշվի են նստում եւ այն բնավ ձեռք պարզողի դերում չէ։ Եվ եթե նախկինում Հայաստանում «բացակայում էր «փրկարար» հասկացությունն ընդհանրապես», ապա այսօր վարչության տրամադրության տակ կա համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում գնահատել իրավիճակը ցանկացած տարածքում։ Նրա խոսքերով, ուղիղ 10 տարի առաջ ստեղծված արտակարգ իրավիճակների վարչությունն արդեն ունի լուրջ ձեռքբերում՝ աղետների հակազդման պետական միասնական համակարգ։ Կառավարության կողմից հաստատվել են նաեւ հանրապետության բոլոր մարզերի համար մշակված՝ ուժեղ երկրաշարժերի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների եւ կառավարման պլանները, որոնք անընդհատ մշակվում ու հղկվում են ուսումնավարժությունների ժամանակ։ ԱԻՎ-ի ստեղծման տասնամյակի առիթով հրավիրված մամլո ասուլիսին մասնակցում էին նաեւ Արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման վարչության պետ, գնդապետ Սերգեյ Ազարյանը եւ Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Գուրգեն Բոշյանը։ Ս. Ազարյանը ներկայացրեց ուժեղ երկրաշարժերի դեմ ձեռնարկվող միջոցառումների պլանը։ Փաստեց նաեւ, որ այս տարի վարչությունն արձագանքել է շուրջ 521 տեսակ արտակարգ իրավիճակների (բնական եւ տեխնածին աղետներ, ավտովթարներ, ջրահեղձություն եւ այլն)։ Ի դեպ, ջրահեղձության դեպքերը անցած տարվա 43-ի փոխարեն կրճատվել են 20-ով։ Իսկ Գ. Բոշյանը ներկայացրեց 1999թ. հոկտեմբերից ՀԿԽ ընկերության եւ ԱԻՎ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը, որով ուրվագծվում են փոխհամագործակցության հիմնական ոլորտներն ու ուղղությունները եւ հետագա աշխատանքային ծրագրերը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել