Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսենք

Դեկտեմբեր 07,2001 00:00

Դատարան կբերվի հրամանագիրքը Սկսենք նրանից, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում Շուշան Աբրահամյան-Հայրապետյանի հայցի քննությունը ժամը 11-ին սկսելու փոխարեն լսվեց 1,5 ժամ ուշացումով։ Ամեն անգամ նման միջադեպի հանդիպելիս, մտածում եմ, չի կարելի՞ ժամանակին սկսել, որպեսզի մարդիկ անտեղի չսպասեն դատարանների դռների առաջ։ Երեկ վերաքննիչ դատարանում լսվում էր Շուշան Աբրահամյան-Հայրապետյանի բողոքը ընդդեմ «Արմենպրեսի» գործադիր տնօրենի։ Նախագահող Կարինե Հակոբյանը ծանոթացնելով դատարանում գործող կարգին (բացարկ հայտնել, ապացույցներ ներկայացնել, հարցեր տալ) սկսեց դատական նիստը։ Առաջինը խոսքը տրվեց վերաքննիչ բողոք բերողին՝ Շուշան Աբրահամյան-Հայրապետյանին։ Նա կրկին անգամ պատմեց աշխատանքից իրեն ազատելու մասին։ Լրագրողի խոսքերով, 2001-ի հուլիսի 1-ից գործակալության տնօրեն Հրայր Զորյանն ապօրինաբար ընդհատում է նրա հետ աշխատանքային պայմանագիրը։ Տիկին Աբրահամյան-Հայրապետյանը դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, իսկ այնուհետեւ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչի դատավոր տիկին Հակոբյանի այն հարցին, ձեր ո՞ր իրավունքն է խախտվել, հայցվորը պատասխանեց. «Այն, որ հուլիսի 1-ից տրված հրամանը ինձ է հանձնվել հուլիսի 12-ին»։ Իսկ այն հարցին, թե ինչպես կապացուցի, որ հրամանն իրեն են հանձնել հուլիսի 12-ին, երբ իրենց ձեռքին կա կնքված հրամանը 2001թ. հունիսի 29-ին տրված։ Դրանից հետեւում է, որ հայցվորն ազատվել է աշխատանքից հուլիսի 1-ից, պատասխանեց, որ ապացույցն այն է, որ նա այդ 12 օրերի ընթացքում դիմել է վերադաս եւ լրագրողական, հասարակական կազմակերպություններին, որում հայտնվում է, որ իր տնօրենը չի երկարացնում պայմանագիրը, բայց նաեւ ազատման հրաման չի տալիս՝ այլ աշխատանքի անցնելու համար։ Տիկին Աբրահամյան-Հայրապետյանը նաեւ նշեց, որ սկզբում հարաբերությունները նորմալ են եղել, իսկ որոշ ժամանակ անց տնօրենը շեշտել է իր (Աբրահամյան-Հայրապետյանի) դաշնակցական լինելը եւ ասել, որ չի ուզում այդ կուսակցության անդամի հետ աշխատել։ Հետո խոսքը տրվեց պատասխանող կողմին՝ փաստաբան Գեւորգ Պետրոսյանին, որն էլ իր հերթին ժխտեց, թե տիկին Աբրահամյան-Հայրապետյանը չգիտեր աշխատանքից ազատվելու մասին, քանի որ հայցվորը ամսի 3-ին եւ 6-ին դիմում է ներկայացրել Ժուռնալիստների միություն, որպեսզի պաշտպանի իր իրավունքները. «Եթե հայցվորը չի իմացել, որ ինքն ազատված է եղել, ապա ինչո՞ւ է իրեն աշխատանքի վերականգնման հարցին օժանդակություն ակնկալելու անկեղծ նկատառումով 2 անգամ դիմել Ժուռնալիստների միություն»։ Իսկ ինչ վերաբերում է վերջնահաշվարկին եւ աշխատանքային գրքույկին, ապա պրն Պետրոսյանն ասաց. «Ինքը գրքույկ չի ներկայացրել, եւ, խնդրում եմ ասեք, հնարավո՞ր է, որ հաշվապահն ընկնի ազատված աշխատողի հետեւից, որպեսզի նրան տա վերջնահաշվարկը»։ Նրա ասելով վերջնահաշվարկը կատարվել է ժամանակին եւ, որ դա ազատման օրինականության հետ կապ չունի։ Հայցվոր լրագրողը հայտնեց, որ կադրերի բաժնի տեսուչին երբ Կենտրոնի դատավոր Էդիկ Ավետիսյանը հարցրել է, թե ինչու չեն տվել հրամանի թերթիկը, վերջինս պատասխանել է, որ այն դեռ ստորագրված չէր, ստորագրվել է տնօրենի Փարիզից վերադառնալուց հետո։ Հաջորդ դատական նիստին հրավիրվեց «Արմենպրեսի» կադրերի բաժնի վարիչը։ Նա կներկայանա հրամանագրքով։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել