ՀԱՐԳԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժինը՝ «Պրոգրես» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ստանձնել են մեր հասարակության երիտասարդ հատվածին լուսավորելու առաքելությունը։ Այդ նպատակով մեր հանրապետության սեմինարացանկը կհամալրվի եւս մեկ թեմայով՝ «Մարդու իրավունքներ. երեկ, այսօր, վաղը»։ Շարքի առաջին սեմինարը տեղի ունեցավ երեկ։ Զեկուցողները երկուսն էին՝ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժնի ղեկավար Վալերի Տկաչուկը եւ «Պրոգրես» կենտրոնի ղեկավար Մարատ Ատոմյանը։ Լսողները տարբեր բուհերի մոտ 50 ուսանողներ (ոմանք հոտընկայս, քանզի աթոռները բավարար չէին) էին։ Այսպիսով, զարգացնելով «Մարդու իրավունքները եւ ահաբեկչությունը» առօրեական թեման, Վալերի Տկաչուկը ընդգծեց, որ ՄԱԿ-ը իր սկզբունքներին հավատարիմ, շատ արագ արձագանքեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը եւ պաշտպանեց ահաբեկչության դեմ պայքարելու պետությունների նախաձեռնությունները։ Այս ամենի տրամաբանական շարունակությունն էր Աֆղանստանի տարածքում ակտիվ ռազմական գործողությունների ծավալումը։ Մինչդեռ այդ պայքարի արդյունքում հնարավոր չեղավ խուսափել խաղաղ ժողովրդի ազատ ապրելու իրավունքի խախտումից։ Ըստ Տկաչուկի, մարդասիրական կազմակերպություններն արագ արձագանքեցին դրան եւ այժմ, ըստ ամենայնի, փորձում են պաշտպանել Աֆղանստանի խաղաղ բնակչությանը՝ փաստելով, որ մարդու իրավունքների ցանկացած խախտում որեւէ արդարացում չունի։ «Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում,- ամփոփեց Վ. Տկաչուկը,- ուստի անընդհատ նոր դիրքորոշումներ եւ մոտեցումներ պետք է որդեգրել՝ ըստ ամենայնի զերծ մնալով մարդու իրավունքների ոտնահարումից»։ Այնուհետեւ մարդու իրավունքների ակունքների մասին իր զեկույցը սկսեց «Պրոգրես» կենտրոնի ղեկավարը։ Փորձելով պատասխանել իր առջեւ դրված «ե՞րբ, որտեղի՞ց, ինչպե՞ս» հարցերին, նա արձանագրեց, որ մարդու իրավունքների շարժումը քաղաքակիրթ բնույթ կրեց 1912-ից, երբ Անգլիայում ընդունվեց «Ազատությունների մեծ խարտիան»։ Դրան հետեւեցին ամերիկյան եւ ֆրանսիական ներպետական տարբեր ակտերը, որոնք, փաստորեն, հիմք հանդիսացան ավելի ուշ ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ստեղծմանը։ Իսկ հռչակագրի հիմնարար սկզբունքներն են. «Իմ ազատությունը չպետք է վնաս հասցնի ուրիշի ազատությանը», «այն ամենը, ինչ չի հակասում օրենքին՝ թույլատրելի է»։ Ի դեպ, դեկտեմբերի 10-ը նշվում է իբրեւ Մարդու իրավունքների օր։ Այդ առիթով համայն մարդկությանն ուղղված իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանն ասում է. «Հարգենք ուրիշների իրավունքները, որպեսզի հարգեն մեզ»։ Ընդ որում, հենց այդ օրվան առնչվող գործունեության համար է ՄԱԿ-ը արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ