Լրահոս
Օրվա լրահոսը

1989թ.

Դեկտեմբեր 07,2001 00:00

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ 1989թ. ՀԿԿ Կիրովականի քաղաքային կազմակերպության 23-րդ կոնֆերանսում նշվել է, որ 1988թ. երկրաշարժի հետեւանքով քաղաքի շուրջ 2 միլիոն քմ մակերեսով բնակելի ֆոնդից քանդվել եւ քանդման ենթակա է դարձել 752 հազար քմ կամ ամբողջ բնակֆոնդի 36 տոկոսը («Կայծ», 1 օգոստոսի 1989թ.)։ 1991թ. նոյեմբերին կիրովականյան պաշտոնական մամուլն արձանագրել է, որ սկսած 1989թ., բնակեցման է հանձնվել 3305 բնակարան։ Նույն թվի դեկտեմբերին արդեն որոշակիացվել է, որ «Անցած 3 տարում Կիրովականում շահագործված 254 բնակելիներից 112-ը՝ 1533 բնակարան, կառուցել են «Ուկրշինի» շինարարները»։ 1995թ. արդեն վանաձորյան պաշտոնական մամուլն արձանագրում է, որ «անցած յոթ տարիներին հանձնվել է 5340 բնակարան»։ Սկսած 1998թ., տեղեկատվական բնագավառում հայտնվում են խառնաշփոթ տվյալներ, որոնք վերը նշված պաշտոնական տվյալների հետ ամենեւին չեն «խոսում»։ Այսպես, «Սպիտակի երկրաշարժ. 1988-1998թթ.» տեղեկագիրը, որը լույս է տեսել 1998թ., փորձում է հավատացնել, թե «մինչեւ 1998թ. Վանաձորում կառուցվել եւ ամրացվել է 5281 բնակարան»։ Այն դեպքում, երբ սկզբնական աղբյուրները, ինչպես վերը նշեցինք, հավաստել են, որ մինչեւ 1995թ. կառուցվել է 5340 բնակարան։ Եթե 1998թ. տեղեկագիրը հիմք ընդունենք, կստացվի, որ 10 տարվա ընթացքում կառուցածը ավելի քիչ է, քան յոթ տարվա ընթացքում կառուցածը։ 1998թ. արդեն ակներեւ էր այն, որ քաղաքում բնակարանային կարիքավորների թիվը (բազմահազար տնակների առկայությունից ենթադրվող) չի պակասում, քանի որ բազմաթիվ ընտանիքներ, նոր բնակարաններ ստանալով հանդերձ, շարունակել են բնակվել տնակում, հուսալով, որ այդ կերպ կարող են «ձեռք գցել» եւս մեկ բնակարան։ Շատերն էլ ստացած բնակարանները վաճառել են, որպեսզի ապրուստի միջոց ունենան եւ շարունակել են բնակվել տնակում։ Բնակարանների բաշխման հարցում անարդարությանը նպաստել է այն, որ քանդման ենթակա շենքերի մի մասը որոշեցին չքանդել, այլ ամրացնել այն ժամանակ, երբ արդեն դրանց տերերը բնակարան ստացան որպես երկրաշարժից տուժած, եւ հենց այդ ժամանակ էլ եղան մարդիկ, ովքեր կարողացան երկու բնակարան ունենալ (հին եւ նոր)։ 1998-99թթ. արդեն պարզ դարձավ, որ Վանաձորում նորակառույց բազմաթիվ բնակարաններ դատարկ են, այն դեպքում, երբ բնակարանային կարիքավորները, սպասելով իրենց հերթին, 10 տարի շարունակ գոյություն էին քարշ տալիս տնակներում։ (Դատարկ բնակարանների պատճառը ոչ միայն արտագաղթն էր, այլեւ այն, որ շենքերի մի մասը հանձնվել էին թերություններով, ուստի՝ մարդիկ հետաձգում էին տեղափոխումը՝ սեփական ուժերով բնակարանների ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով)։ Բնակարանային կարիքավորությունը մեղմելու եւ պետությանը նոր բնակարաններ կառուցելու հոգսից մասնակիորեն ազատելու նպատակով 1998թ. սկիզբ դրվեց պետության կողմից բնակարանների գնման եւ կարիքավորներին հանձնելու քաղաքականության, ինչը առավել եւս աշխուժացրեց արտագաղթը («ափալ-թափալ» վաճառում էին բնակարաններն ու «հայդե»՝ մեկնում «փող աշխատելու», մխիթարվելով, որ գործերը «լավ գնալու» դեպքում բնակարան միշտ էլ կարելի է գնել)։ 1998թ. սկսվեց նաեւ տնակների «զտումը»։ Պարզվեց (ավելի ճիշտ՝ բարձրաձայնվեց), որ դրանց մեծ մասն օժանդակ տնտեսություններ են (հավանոցներ, ճագարանոցներ, ցախատներ), եւ ոչ թե՝ կացարաններ, որոնց բազմառատությունը սխալ պատկերացումներ էր ստեղծում բնակարանային կարիքավորության վերաբերյալ։ Պետք է նկատել, սակայն, որ «զտումն» էլ երբեմն չափազանցության էր հասնում. տնակներից «քշում» էին նրանց, ովքեր իսկապես բնակվելու տեղ չունեին (իբրեւ բնակատեղի մատնացույց էր արվում «տնակային ավանը», իսկ մարդիկ չէին ցանկանում մինչեւ բնակարան ստանալը 2 անգամ «տնակափոխ» լինել։ Երբեմն էլ տնակներից ստիպել են դուրս գալ եւ բնակվել իբր թե կառուցած կամ ամրացված այնպիսի շենքում, որը բնակվելու համար պիտանի չի եղել։ Ամենաթարմ օրինակը՝ 1 տարի առաջ ամրացված Աղայան 83 եւ 87 շենքերը, պարզվում է, կոյուղագիծ չունեն, քանի որ բյուջեով դրա համար գումար չի նախատեսվել եւ գրեթե ստիպողաբար շենք տեղափոխված բնակիչները (որոնց դժգոհությանը «Առավոտն» անդրադարձել էր դեռեւս 10.11. 2000թ.) առ այսօր խնդիրներ են ունենում այդ հարցով։ Աղետի գոտու մանր ու մեծ հիմնախնդիրները մի կողմ դրած՝ պետք է նկատել, որ ընդհանուր արդյունքում աղետի գոտին վերականգնվել ու վերականգնվում է ոչ թե ըստ գորբաչովյան ծրագրի (որի համաձայն նախատեսվում էր 2 տարում կառուցել 13 հազար բնակարան), այլ՝ ուժերը ներածին չափով, բյուջեի եւ միջազգային կազմակերպությունների ու բարեգործների աջակցության սահմաններում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել