Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՔ»

Դեկտեմբեր 07,2001 00:00

«Շողեր Մաթեւոսյանն իմ քույրն է։ Նիկոլ Փաշինյանն իմ եղբայրն է»,- համարյա «քրոջս բան ասող չլինի» տարբերակով եւ «քրոջ» ու «եղբոր» հասցեին գովասանքի ջերմ խոսքեր շռայլելով՝ երեկ Մամուլի ազգային ակումբին հյուրընկալած «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ընդամենը «էպիզոդ» ու «թյուրիմացություն» որակեց վերջերս մեր թերթի հասցեին «Չորրորդ իշխանության» եւ «Հայկական ժամանակի» նետած քարերը։

Ի պատիվ իրեն՝ «քույրեղբայրությունը» քաղաքական կատեգորիա համարող Ա. Աբրահամյանը, եթե ոչ նույնքան, համենայնդեպս՝ բավարար չափով ջերմ զգացմունքներ է տածում նաեւ տպագիր մամուլի այլ, անգամ «հակառակ բանակում» գտնվող լրատվամիջոցների նկատմամբ. «Միշտ կտրականապես դեմ եմ եղել, որ մենք իրար մասին վատ բաներ գրենք։ Իր գոյության 7 տարիների ընթացքում «Առավոտը» որեւէ այլ թերթի մասին վատ բան չի գրել։ Կարծում եմ, նման բաները մեր ընթերցողին չեն հետաքրքրում։ Հետաքրքրում է միայն լրագրողական «тусовка»-ին եւ հասարակական նշանակություն չունի։ Նաեւ՝ գեղեցիկ չէ»։

Գուցե «Առավոտի» ընթերցողին չեն հետաքրքրում տարբեր թերթերի եւ լրագրողների՝ մեկմեկու հանդեպ թափած թույները, բայց, կարծում եմ, հաստատ կհետաքրքրի «Առավոտի» խմբագրի կարծիքն իր խմբագրած թերթի մասին. «Թերթի կայացման սկզբնական շրջանում՝ 94-96թթ., ես՝ որպես խմբագիր, բանակային լեզվով ասած՝ «սալագ» էի, հստակ չէի կողմնորոշվել՝ ո՞ր ուղղությամբ գնալ։ 97-ից ձեւավորվեց «Առավոտի» ուրույն ոճը, բայց այն ժամանակ մենք ավելի ամբիցիոզ, խարդավալից, ավելի «դեղին» էինք։ Այժմ կամաց-կամաց գնում ենք դեպի ավելի դասական լրագրությունը, եւ այլ սկանդալների միջոցով ինքնահաստատվելու ամենօրյա պահանջ չունենք»,- առողջ ինքնաքննադատության դրսեւորման նման օրինակով հանդես եկավ իշխանամետ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների աչքի փուշը դարձած թերթի խմբագիրը։

Փոխարենը, ինչպես «Առավոտը», այնպես էլ՝ տպագիր ԶԼՄ-ների հիմնական մասը, այլ խնդիրներ ունի, ընդ որում՝ խնդիրների այդ շարքը մեր առջեւ դրել է կառավարությունը։ Խոսքը վերաբերում է «Հայմամուլի» սեփականաշնորհմանը (որի մասին բազմիցս գրվել է տպագիր մամուլի բոլոր օրգաններում), Մամուլի շենքի սեփականաշնորհման («կամ պետականացման»,- նկատեց Ա.Աբրահամյանը) գործընթացի եւ թերթերի վաճառքի վրա ավելացված արժեքի հարկատեսակը մտցնելու կառավարության մտադրությանը։ «Ես կարծում եմ՝ սա իշխանության համակարգված պայքարն է մամուլի դեմ, նրանց թշնամական վերաբերմունքի արտահայտությունը»,- իշխանությունների թվացյալ ազատական պահվածքի տակ թաքնված իրական դրդապատճառներն այսպես որակեց «Առավոտի» գլխավոր խմբագիրը։

Նա մեծ վերապահումով մոտեցավ այն տեսակետին, թե մամուլի դեմ ուղղված այս արշավանքները կապված են 2003-ին սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ. «Չեմ կարծում, թե որեւէ մամուլ, որեւէ քարոզչություն, որեւէ հասարակական կարծիք կազդի 2003-ի ընտրությունների արդյունքների վրա։ Իշխանությունն ունի ֆինանսական ռեսուրսներ՝ ի դեմս տարբեր հովանավորյալ օլիգարխների, եւ ուժային ռեսուրսներ՝ բանակի, կագեբեի, հարկայինի, ոստիկանների, դատախազության եւ այլնի տեսքով։ Դրանք ա՛յ էսպես (ձեռքը կոկորդին տանելով- Մ.Բ.) բավարար են ընտրություններն իրենց ուզած հունով տանելու համար։ Ուղղակի որոշ լրատվամիջոցներ փոքր-ինչ նյարդայնացնում են իշխանություններին։ Ոչ այնքան, որ՝ փակեն, բայց մի քիչ նեղը գցելը վատ չէր լինի»։

Տպագիր մամուլի նկատմամբ հասարակության հետաքրքրության պակասը պրն Աբրահամյանը բացատրեց նեղ մասնագիտորեն՝ որպես երաժշտագետ. «Լճացման շրջանում, երբ մարդիկ ավելի ինքնամփոփ են՝ կայուն, կանխատեսելի վիճակ է, հնարավոր է հղկել զուտ պրոֆեսիոնալ պահերը։ Երաժշտության մեջ, օրինակ, Մանսուրյանը, Տերտերյանը եւ այլք իրենց լավագույն գործերը ստեղծել են հենց լճացման տարիներին։ Հիմա հասարակական կյանքը, դրա հետ նաեւ մամուլը, լճացում են ապրում, հետաքրքրությունը պակասել է, տպաքանակը՝ նույնպես։ Բովանդակային կորուստ կա, որովհետեւ հեղափոխական ժամանակներն ու պատերազմական շրջանը, հուսով եմ, անցել են։ Ինչի՞ մասին գրենք։ Ասենք, 30 նախարար կա, բոլորի դղյակները նկարեցինք։ Հետո՞։ Սուր թեմաների պակաս կա։ Փոխարենը՝ նկատվում է լրագրության որակի բարձրացում»։

Չգիտեմ՝ լրագրությա՞ն, թե՞ այլ որակների բարձրացման շնորհիվ «Առավոտի» հարաբերական անկախության աստիճանն, ըստ թերթի խմբագրի, բավական աճել է. «Եթե նախորդ տարիներին դրսից եկած գումարները կազմում էին մեր թերթի բյուջեի 50-60%-ը, այս տարի՝ 30%, հուսով եմ, չնայած բոլոր սպասվող պրոբլեմներին, 2002-ին մենք կկարողանանք հասնել ընդամենը 15-20% կախվածության։ Այն, որ չլինելով իշխանության խոսափող, մենք շարունակում ենք գոյատեւել, դա արդեն դրական ցուցանիշ է այս տարվա համար»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31