Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահ Քոչարյանը երեկ «խփեց» ԶԼՄ-ների գործին։ Կառավարության հերթական նիստը եթե նախագահն է վարում, ս

Դեկտեմբեր 07,2001 00:00

Նախագահական խաղեր Նախագահ Քոչարյանը երեկ «խփեց» ԶԼՄ-ների գործին։ Կառավարության հերթական նիստը եթե նախագահն է վարում, սովորաբար լրագրողները նախարարներին անուշադրության են մատնում եւ սպասում են նախագահի հայտնությանը։ Երեկ եւս, ավանդույթի համաձայն, որեւէ նախարար չարժանացավ ԶԼՄ-ների բարեհաճ վերաբերմունքին, դրանից գործադիր իշխանությունն իրականացնողներն իրենց լքված եւ միայնակ էին զգում։ Բոլոր տեսախցիկներն ու ձայնագրիչները դիրքավորվել էին նախագահին սպասելով։ Նույնիսկ կարմիր ժապավեն տեղադրվեց, որպես ԶԼՄ-ները Ռոբերտ Քոչարյանից բաժանող գիծ։ Սպասման աղմուկի մեջ «Առավոտը» կատակեց՝ նախագահը կկարծի հերթական ժապավենն է եւ հանկարծ կկտրի։ Մի խոսքով, որոշվեց, որ մկրատից-բանից հանկարծ չհայտնվի։ Օպերատորները բարձրահասակ լրագրողներին առաջարկեցին նախագահի հայտնվելուն պես պպզել, ոմանք նույնիսկ պառկելու առաջարկ արեցին։ Սպասման եւ հուզմունքի մոտ 2 ժամ անցավ, նախագահը շարունակում էր գործադիր իշխանությունը ղեկավարել եւ չէր հայտնվում։ Ի վերջո, նիստն ավարտվեց եւ նախարարները մեկիկ-մեկիկ կամ՝ փունջ-փունջ դուրս սահեցին դահլիճից։ Քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը դուրս գալով դիրքավորված ԶԼՄ-ների մեջ, նկատեց. «Այ, այդպես կսպասեք, մեզ ա, որտեղ բռնացնում եք…», ափսոս նախարարը խոսքը չավարտեց։ Յուրաքանչյուր լրագրող եւ օպերատոր յուրովի փորձեց շարունակել նախարարի միտքը։ Անհարմար բան ստացվեց։ Գլխավոր դատախազին մենք դիմեցինք՝ այսօր թողնում ենք ազատ շնչեք, մեզ ամենաքիչը այսօր նախագահ է հարկավոր։ Արամ Թամազյանը ազատ շունչ քաշելով հեռացավ։ Լրագրողների շարքերի միջոցով մեկ էլ նախարար Երվանդ Զախարյանը համարձակվեց անցնել. փորձառությունը նրան եւս հուշել էր, որ երբ նախագահն է վարում կառավարության նիստերը, նույնիսկ վարչապետին հարցեր չեն լինում, ուր մնաց պետեկամուտների նախարարին։ Մյուս նախարարները դուրս սահեցին այնպես, որ մեր աչքին չերեւան։ Ի վերջո, ժամանակավոր անդորր տիրեց, հետո՝ աղմուկ. նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները, կարծես թե, ներս տարան նախագահի վերարկուն։ Սպասում, հետո էլի աղմուկ, եւ նախագահը հայտնվեց լրագրողների շրջափակման մեջ։ Որեւէ արտառոց քաշքշուկ չեղավ, նախագահը բարեւեց ու անմիջապես էլ ցտեսություն ասաց, պատճառաբանելով, թե շուտով ինքը մամուլի ասուլիս է անելու եւ բոլորիս հրավիրելու է ասուլիսի, այն ժամանակ էլ, իր ասելով, կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ Այսքանը։ Ոնց եկել էր, այնպես էլ գնաց։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել