Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի

Դեկտեմբեր 07,2001 00:00

«ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ՝ ՁԵՌՔՆԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ ԴՐԱԾ» Հայաստանի 108 հազար քաղաքացիների «Ազգային միաբանությունը» դիմել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքին միանալու խնդրանքով, եւ նրանցից միայն 5697-ն էին հրաժարվել։ Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողներին ներկայացրեց տեղեկություններ աշնանն անցկացված այդ ստորագրահավաքի վերաբերյալ։ Եվ այսպես, միայն այս կուսակցության ջանքերով 102 հազար 303 մարդ է միացել Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացված ստորագրահավաքին, որն անց է կացվել Հայաստանի շուրջ 340 բնակավայրերում։ Փաստորեն, միայն 5,3%-ն է այլ կարծիքի եղել, իսկ 108 հազար քաղաքացիների 94,7%-ը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր վարչակազմը պետք է հեռացվեն իշխանությունից։ Հայտնի չէ, թե իրավական ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս ստորագրահավաքը, բայց թեկուզ հասարակական կարծիքը պարզելու իմաստով, սրանք շատ ավելի խոսուն ցուցանիշներ են, քան 1000 հոգու հարցումների վրա հիմնված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը միշտ անվիճելի առաջատար է անխտիր բոլոր ասպարեզներում։ Արտաշես Գեղամյանը նաեւ ներկայացրեց 5,3% կազմող քաղաքացիների չստորագրելու առավել հաճախ կրկնված հիմնավորումները. ա) թերահավատությունը ստորագրահավաքի արդյունավետության հանդեպ, բ) վախի զգացումը, որ կհետապնդվեն իշխանությունների կողմից, կենթարկվեն բռնությունների, կկորցնեն աշխատատեղը, գ) եռյակի պառակտման մասին լրատվամիջոցների բարձրացրած անհիմն աղմուկը, դ) ստորագրահավաքի դեմ տեղական իշխանությունների ձեռնարկած քայլերը, ե) առանձին մարդիկ ուղղակի սատարել են իշխանություններին։ Այս տվյալները պրն Գեղամյանը համեմեց նաեւ մինչեւ դեկտեմբերի 1-ն անցկացված ստորագրահավաքից առանձին պատկերներով ու նկարագրություններով. «Հարյուրավոր ընտանիքներ հայտնել են իրենց սատարանքն ու օրհնանքը ստորագրահավաքը նախաձեռնողներին։ Եղել են հաճախ կրկնվող դեպքեր, երբ մարդիկ ստորագրել են ձեռքներն Աստվածաշնչին դրած։ Ոգեւորում է նաեւ այն, որ ստորագրողների գերակշռող մասը կամ փորձել է հյուրասիրել, կամ հայցել են ներողամտություն, որ հնարավորություն չունեն հյուրասիրել մեր «այս հայրենանվեր» գործը կատարողներին»։ «Երկիրի» դաշնակցական թղթակիցը կեսկատակ հետաքրքրվեց, թե ձեռքները զենքի վրա դրված ստորագրողներ չե՞ն եղել։ Իսկ «Առավոտը» անմեղ հարց ուղղեց, թե Աստվածաշունչը ստորագրահավաքի թերթիկի հետ միասի՞ն էին տալիս քաղաքացիներին։ Բայց դեռ նախորդ ճեպազրույցի ընթացքում, երբ Գեղամյանը ցասումնալից մերժեց ձնագնդի խաղալու հրավերը, պիտի ըմբռնած լինեինք, որ նա շա՜տ լուրջ քաղաքական գործիչ է եւ երբե՛ք թույլ չի տա իր հետ կատակել։ Ուստի, այս անգամ էլ ի պատասխան ասաց. «Այն, ինչ կապված է Աստվածաշնչի հետ, երբե՛ք մի հեգնեք, թե չէ ձեզ օգնելը շատ դժվար կլինի»։ Դեռ բախտներս բերել է, որ նա հոգեւոր աստիճան չունի եւ չի կարողանա բանադրել, իսկ նզովքն էլ թերեւս բավականաչափ ազդեցիկ չի լինի «վերեւների» համար։ Սակայն դառնանք մեր ստորագրահավաքին։ Քոչարյանի պաշտոնանկման առումով իրավական հետեւանքներ կարող են ունենալ միայն այն ստորագրությունները, որոնց տերերն ԱԺ պատգամավորներ են։ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն մեկնաբանություններին, որ ԱԺ-ում այդ ստորագրահավաքը տապալվել է եւ, թերեւս, ի սկզբանե էլ դատապարտված նախաձեռնություն էր, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Ես երբեք չէի ասի, որ Ազգային ժողովում ստորագրահավաքը տապալվել է։ Փոքր-ինչ դանդաղել է՝ բոլորիս հասկանալի պատճառով»։ Ընդհատենք պրն Գեղամյանին, ներկայացնելու համար ՀԿԿ խմբակցության քարտուղար Խորեն Սարգսյանի պատասխանը մեր այն հարցին, թե արդյոք կոմունիստները միանալո՞ւ են պաշտոնանկման նախաձեռնությանը։ Նախորդ ճեպազրույցում խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը բացասաբար էր արտահայտվել այս ստորագրահավաքի վերաբերյալ։ Իսկ Խորեն Սարգսյանը ժամանակին ինքն էր նման ստորագրահավաք նախաձեռնել, ուստի նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտություն չկար։ «Ամենալավն այն կլինի, որ Կոմկուսի անունից ո՛չ ես խոսեմ, ո՛չ էլ խմբակցության ղեկավարը, քանի որ Կոմկուսի դիրքորոշումը որոշում է ՀԿԿ բյուրոն կամ պլենումը,- ի պատասխան ասաց Խորեն Սարգսյանը։- Ես կարող եմ ասել կուսակցական ներքեւի օղակների դիրքորոշումը, որոնք դա՛ են պահանջում։ Իսկ եթե սկզբնական կազմակերպությունները պահանջում են՝ կուսակցությունն այլ անելիք չի ունենալու, պետք է գնա այդ ստորագրահավաքին»։ Խորեն Սարգսյանը նաեւ հայտնեց, որ պաշտոնանկման նախաձեռնությանը միանալու հարցը քննարկվելու է ՀԿԿ բյուրոյի առաջիկա նիստում։ «Բնականաբար, այս բնակլիմայական պայմաններում նույն ակտիվությամբ հնարավոր չէ կազմակերպել ստորագրահավաք,- երեկ դարձյալ ասաց Արտաշես Գեղամյանը։- Տեմպերն իրոք դանդաղել են։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ ի սկզբանե դա դատապարտված էր տապալման. պետք է հիշեք, թե ինչպես ԱԺ մեծամասնությունը գիշերեց ՀՀՇ-ականի կարգավիճակում, արթնացավ լրիվ այլ կարգավիճակում։ Մեր հայկական իրականության մեջ նման փոփոխություններն ակնհայտ են եղել թե՛ նախկինում, թե՛ ներկայումս էլ անպայմանորեն կլինեն»։ Քանի որ հիշեցվեց 1998 թ. առնետավազքը, անհնար էր չհետաքրքրվել՝ փաստորեն եռյակն իր նախաձեռնությունների հաջողությունը պայմանավորում է մարդկային ստորին բնազդներո՞վ՝ անսկզբունքայնությամբ եւ միշտ ուժեղի կողմը թեքվելու հատկանիշներո՞վ։ «Եռյակն իր հաշվարկն արել էր մարդկային ողջամտության վրա։ Եվ յուրաքանչյուր պատգամավոր, որը կլսի այն բոլոր փաստարկները, որոնք առաջիկայում հնչելու են ԱԺ-ում 2002 թ. բյուջեն քննարկելիս, դրանից հետո, ամենայն հավանականությամբ, մասնակից չի ուզենա դառնալ Հայաստանի Հանրապետության կործանմանը։ Եվ դրանից ելնելով, համոզված ենք, որ առավել ողջամիտ պատգամավորներ անշո՛ւշտ կստորագրեն»,- Արտաշես Գեղամյանի այս պատասխանից դատելով՝ նա անուղղելի լավատեսական պատկերացումներ ունի իր խորհրդարանական գործընկերների ողջամտության եւ նրանց առաջմղիչ ուժերի մասին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել