Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդամենը

Դեկտեմբեր 07,2001 00:00

«ՕԳՈՍՏՈՍՆ»՝ ԸՆԴԴԵՄ ՊԵՆ-Ի Ընդամենը երկու օր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի հայցի քննարկումն՝ ընդդեմ ՀՀ պետեկամուտների նախարարության: Որ գործակալությունում կատարված ստուգումները, ի վերջո, հանգեցնելու էին դատական պրոցեսի, կանխատեսելի էր: Այսօր գործակալությունը տնտեսական դատարանում վիճարկում է ս.թ. մայիսի 23-ից մինչեւ հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում հիշյալ ՍՊԸ-ում կատարված ստուգումների արդյունքում ծնված՝ ՀՀ ՊԵՆ Օպերատիվ-հետախուզության վարչության 19.06.2001թ. թիվ ՍԱ-005208 ստուգման՝ 8 միլիոնանոց (դրամ) ակտը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել: Ու թեեւ գործակալության տնօրինությունը միայն վերջերս է դիմել դատարան, այդուհանդերձ ՊԵՆ-ի կազմած ակտն ապօրինի եւ անհիմն է համարել դեռեւս ս.թ. հունիսի 26-ին՝ այդ մասին համապատասխան գրությամբ բողոք ներկայացնելով ՊԵՆ-ին: Սակայն, ինչպես նման դեպքերում հաճախ է պատահում Հայաստանի տարածքում գործող տնտեսվարող «շարքային» սուբյեկտների հետ, այս մի դեպքում էլ Պետեկամուտների նախարարությունում փորձել էին գործը սառեցնել: Թե ինչու՝ մեր պետական գերատեսչությունները տարբեր պատճառաբանություններ, իհարկե, գտնում են: Կարեւորն այդ դեպքում այն է, թե տնտեսվարող սուբյեկտը որքանով է նախանձախնդիր իր առջեւ հարուցված խոչընդոտների հաղթահարման իմաստով: Այդ համատեքստում, «Օգոստոսը» պատվախնդրություն է ցուցաբերել ու համառել՝ ապացուցելով, որ գործակալությունն այնքան էլ «շարքային» տնտեսվարող չէ: Այսպես, դատարանին ուղղված իր դիմումում «Օգոստոսի» ղեկավարությունն ուշադրություն է հրավիրել ՊԵՆ-ի՝ ինչպես՝ գործակալությունում ստուգման ընթացքում թույլ տված օրինախախտումների, այնպես էլ՝ գործակալության բնականոն գործունեության դեմ հարուցված խոչընդոտների՝ բյուրոկրատական քաշքշուկների վրա: «Ստուգման ակտի դեմ ընկերության բողոքը ՊԵՆ-ում մուտքագրվել է հունիսի 26-ին, սակայն մինչ օրս բողոքը քննության չի առնվել: Խախտվել է դիմումը քննության առնելու եւ դրա վերաբերյալ որոշում ընդունելու 30-օրյա ժամկետը՝ սահմանված «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով»,- ասված է դատարանին ուղղված դիմումում: Ընդ որում, գործակալությունն ընդգծել է նաեւ, որ նշված ժամկետը կասեցնելու կամ երկարաձգելու դեպքեր օրենքով սահմանված չեն: ՊԵՆ-ն այն ժամանակ պատճառաբանել էր, թե «Օգոստոսի» ներկայացրած բողոքն անպատասխան է մնում, քանի որ ստուգման հիման վրա կազմված ակտի նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրգործ հարուցելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունը ակտի պարունակությունն ուսումնասիրել եւ նյութերը ՊԵՆ-ին վերադարձնելու մասին որոշում էր կայացրել դեռ սեպտեմբերի 5-ին՝ դրանց՝ օրենսդրության պահանջների խախտումներով եւ թերի պատրաստված լինելու պատճառաբանությամբ: Գործակալությունը դատարանին տեղյակ էր պահել նաեւ այդ հանգամանքի մասին՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազության կայացրած որոշման օրից եւս ավելի քան 30 օր է անցել, իսկ ՊԵՆ-ը շարունակել է անտեսել սահմանված ժամկետում «Օգոստոսի» բողոքին պատասխանելու՝ օրենքով սահմանված իր պարտավորությունը: Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵՆ-ը պարտավոր էր կամ արձագանքել գործակալության բողոքին, կամ՝ հակառակ դեպքում, դարձյալ օրենքի պահանջով, բողոքում բերված փաստարկները համարել ընդունված եւ չեղյալ համարել կազմված ակտը: Իսկ գործակալությունն իր բողոքում բերել էր ակտն անօրինական համարելու մի քանի փաստարկ, որոնց հիման վրա նաեւ որոշակի մեղադրանք էր ներկայացրել ՊԵՆ-ին: Դրանք մասնավորապես վերաբերում են գործակալությունում ստուգումներ անցկացրած ՊԵՆ աշխատակիցների՝ իրենց իրավասության շրջանակներից դուրս գործողություններ ծավալելու եւ «Հարկերի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքների բազմակի խախտումների փաստերին: Ինչեւէ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում, դատավոր պարոն Մաթեւոսյանի նախագահությամբ տեղի ունեցած առաջին նիստից «Օգոստոս» գործակալության ղեկավարությունն առայժմ դժգոհություններ չունի: Նրա գնահատմամբ, առայժմ ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակներում: Դատական հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել