Լրահոս
Օրվա լրահոսը

Բեն Լադենից փոխհատուցում չի ակնկալվում

Դեկտեմբեր 06,2001 00:00

Բեն Լադենից փոխհատուցում չի ակնկալվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավիրած ասուլիսը երկու պատճառ ուներ։ Դրանցից մեկը, ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի, 13 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժն էր, որի առիթով էլ հիմնադրամը յուրաքանչյուր տարի ամփոփում է աղետի գոտում իրականացրած իր ծրագրերը։ Իսկ երկրորդը՝ աշխարհի տարբեր երկրներում ընթացող հեռուստամարաթոնների արդյունքների հրապարակումն էր։ Նա տեղեկացրեց, որ Գյումրիում ֆրանսահայ անանուն բարերարի ֆինանսավորմամբ կառուցվում է թիվ 19 միջնակարգ դպրոցի մեկ մասնաշենքը, թիվ 32 դպրոցը։ Դեկտեմբերի 6-ին անցկացվել է շինարարական մրցույթ թիվ 29 դպրոցի համար։ Նույն ամսին շահագործման կհանձնվի նաեւ Գյումրիի Աբովյան փողոցի թիվ 121 դպրոցի շենքը։ Իսկ Լոռու մարզում կառուցվել է Սպիտակի մշակույթի պալատը։ Շուտով շահագործման կհանձնվի Ծաղկաբեր գյուղի մանկապարտեզը։ Սպիտակում կառուցվում են նաեւ երեք բնակելի շենքեր՝ Հայաստանի մի քանի տասնյակ ընկերությունների եւ ձեռնարկությունների ֆինանսավորմամբ, մեկ բնակելի շենք «Եռանկյունի» թաղամասում, թիվ 1 դպրոցի 3-րդ մասնաշենքը, Տաշիրի պոլիկլինիկան եւ Արջովիտ գյուղի միջնակարգ դպրոցի շենքը։ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը հայտարարեց նաեւ, որ մինչ սփյուռքահայ համայնքներում անցկացվում են ազգային տուրքի մարաթոններ, Լեռնային Ղարաբաղում սկսվել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու երրորդ՝ «Դաշբուլաղ-Բալուջան» (9,7 կմ) հատվածի շինարարությունը, որը «Կիչան-Դաշբուլաղ» հատվածի շարունակությունն է՝ դեպի Ստեփանակերտ։ Նրա հավաստմամբ՝ մեկ տարի հետո նոր հատվածը կհանձնվի շահագործման եւ կմնա եւս 129 կմ։ Նոյեմբերի 8-11-ը Ֆրանսիայում անցկացված հեռախոսամարաթոնին մասնակցած 8200 ֆրանսահայերը տվել էին 3,5 մլն ֆրանկի, գերմանահայ ընտանիքները՝ 20 հազար գերմանական մարկի, կանադահայերը՝ 30 հազար կանադական դոլարի խոստում։ Թեեւ ԱՄՆ Արեւմտյան Ափում նոյեմբերի 1-ին սկսված հեռախոսամարաթոնը շարունակվելու է մինչեւ 2002թ. հունվարի 6-ը, սակայն արդեն հավաքվել է 300 հազար ԱՄՆ դոլարի խոստում։ Բացի այդ, արգենտինահայ համայնքը ավտոմայրուղու ծրագրին հատկացրել է 45 հազար ԱՄՆ դոլար։ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը ԱՄՆ Արեւմտյան Ափում նախատեսված հեռախոսամարաթոնի հետաձգումը կապեց սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների հետ (վերջիններս ստանձնել էին Շեխերի կամրջի շինարարության ծախսերը)։ Նա կես կատակ-կես լուրջ հաշվեց նաեւ, որ բեն Լադենի կողմից հիմնադրամին հասցված վնասը կազմում է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար՝ ամենեւին չակնկալելով վերջինիս կողմից վնասի փոխհատուցում։ Տեր-Ղեւոնդյանը հերքեց լուրերն այն մասին, թե իբր հիմնադրամի խողովակներով հնարավոր է հարյուրավոր մլն դոլարների մուտքը Հայաստան, հիշեցնելով, որ «կարեւորը սփյուռքահայերի կարողության չափը չէ, այլ նրանց նվիրատվություններ կատարելու հնարավորությունները»։ Նա նաեւ նկատեց, որ երբեմն 10-20 դոլարի չափով կատարված նվիրատվությունների ստանալն ավելի մեծ ծախսերի հետ է կապված, սակայն դրանց մեջ եւս խորը փիլիսոփայություն տեսավ՝ համազգային մասնակցություն ապահովելու առումով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել