Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Վերջերս Կամերային երաժշտության տանը կայացավ Ստեփանակերտի պետական «Արցախի երեխաները» պարային անսամբլի

Դեկտեմբեր 06,2001 00:00

Արցախի երեխաների լուրջ հայտը Վերջերս Կամերային երաժշտության տանը կայացավ Ստեփանակերտի պետական «Արցախի երեխաները» պարային անսամբլի անդրանիկ համերգը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հարությունյանը խիստ պահպանել էր մի առանձնահատկություն։ Թեպետ ծրագրում զուտ հայկական պարեր էին, բայց ղեկավարի խոսքերով. «Տեսեք, նույն հայկական պարերը Զանգեզուրում չեն պարում այնպես, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրում, իսկ տարբեր շրջանների պարերը, բնականաբար, տարբերվում են։ Օրինակ, Սասունի պարերը՝ Լոռվա պարերից։ Իհարկե, հայերս պարում ենք «հայերեն», բայց բանը միայն ֆոլկլորի մեջ չէ, այլ ժողովրդական արվեստի ազգագրական ավանդույթների մեջ»։ Նկատենք, որ հենց «Քոչարին» (որն ընդգրկված էր անսամբլի ծրագրում)՝ այս ամենահայկական պարը, չափազանց տարածված լինելով, ունի բազում տարբերակներ, այսպես կոչված, բարբառներ, ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Եվ դրանցից ամեն մեկը յուրովի գեղեցիկ է։ Այդ երեկո ներկայացված բոլոր պարերն էլ անցել են պատմության խորդուբորդ ճանապարհներով։ Առանց չափազանցության, մինչ համերգի սկիզբը փոքրիկ արտիստներն էլ կտրել-անցել էին մեր պատմությանը նման խորդուբորդ ճանապարհ։ Պատմությունը այսպիսին է. հանրապետությունում տեղացած առատ ձյունը փակել էր որոշ ավտոճանապարհներ, այս դեպքում՝ Սիսիան-Գորիս ճանապարհը։ Սկսած այս հատվածից, թողնելով իրենց ավտոբուսը, որը դուրս էր եկել Ստեփանակերտից, ճանապարհի որոշ հատվածներ՝ ոտքով եւ պատահած փոխադրամիջոցներով, անսամբլը եկել-հասել էր Երեւան՝ համերգից մի քանի ժամ առաջ, զգեստները թողնելով իրենց ավտոբուսում։ Երեւանում էլ ցայտնոտի մեջ էին Սպիվակովի ֆոնդի աշխատակիցները, որոնք որպես «ողջույնի խոսք» ֆոնդի կրթաթոշակառուների ելույթները պատրաստելուց զատ, ձեռք էին բերել հայկական տարազներ փոքրիկ արտիստների համար։ Անակնկալ էր պատրաստել նաեւ «World vision» կազմակերպությունը։ Ֆոնդի եւ կազմակերպության նախագահները հավանաբար առաջնորդվել էին հույն դրամատուրգ Սոֆոկլեսի հետեւյալ իմաստուն մտքով. «Մի բան է՝ խոսել շատ, այլ է՝ խոսել գործով»։ Ավելին, համերգի հաջորդ օրը Սպիվակովի ֆոնդը ծրագիր էր կազմակերպել դեպի Հայաստանի պետական պատկերասրահ, կ/թ «Մոսկվա», իսկ «Կանազ» պարի անսամբլը՝ հրավիրել իրենց համերգին։ Նկատենք, որ «Արցախի երեխաների» համերգն անցավ ՀՀ առաջին տիկնոջ հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի, փոխնախարար Ալիս Ադամյանի, Արցախի մշակույթի նախարար Արմեն Սարգսյանի, երաժշտական դպրոցների տնօրենների, ժողովրդական արվեստի, ավելի ճիշտ՝ մանկական ժողովրդական արվեստի երկրպագուների ներկայությամբ։ Դահլիճում ներկա գտնվողներս համերգի ավարտին ակնկալում էինք պետական այրերից որեւէ մեկի, ավելի շուտ՝ պարոն Շառոյանի բարի գալուստի կամ անդրանիկ համերգի առիթով շնորհավորանքի խոսքեր՝ ուղղված փոքրիկ արցախցիներին, բայց, ըստ հավաստի տեղեկության, նա շտապում էր շատ ավելի կարեւոր միջոցառման եւ երեւի թե ճիշտ վարվեց, առաջնորդվելով ամերիկացի իր գրչակցի՝ Թոմաս Ֆուլերի ասույթով. «Որովայնը ատում է երկար քարոզները»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել