Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես գնահատեց հայ կինոյի մասին պատմող հայերեն եւ ռուսերեն լեզուներով լույս տեսած կատալոգը կինոգետ

Դեկտեմբեր 06,2001 00:00

«ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԱՐՎԵՍՏԻ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» Այսպես գնահատեց հայ կինոյի մասին պատմող հայերեն եւ ռուսերեն լեզուներով լույս տեսած կատալոգը կինոգետ Դավիթ Մուրադյանը Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան հրատարակել է «Հայկական կինո։ 1924-1999» կատալոգը, որում ամբողջական եւ ամփոփ տեղեկություններ կան 75 տարվա պատմություն ունեցող հայ կինոյի մասին։ Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ կատալոգի, նաեւ դրա ինտերնետային էջի (որի հասցեն է www.arm-cinema.am) շնորհանդեսը։ Ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը ներկայացրեց կատալոգը, իսկ կինոգետ Միքայել Ստամբոլցյանը՝ ինտերնետային էջը։ Այն հսկայածավալ, անգնահատելի աշխատանքը, որ կատարել են կինոգետները՝ հայ կինոյի երախտավորների օժանդակությամբ, ներկաների բազմիցս հնչած շնորհակալական խոսքերին ու գնահատանքներին արժանացավ։ Կատալոգում ընդգրկված է հայ կինոյի 75-ամյա պատմության ընթացքում նկարահանված խաղարկային, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն ֆիլմերի ողջ ցանկը։ Վերնագրից, նկարահանման տարեթվից բացի, մեկիկ-մեկիկ նշված են ֆիլմի ստեղծման մեջ որեւէ լումա ունեցած մարդկանց անունները՝ սցենարիստ, ռեժիսոր, նկարիչ, օպերատոր, գլխավոր եւ էպիզոդիկ դերակատարներ։ Կատալոգի հեղինակները չեն մոռացել նաեւ մի քանի նախադասությամբ ներկայացնել, թե ինչի մասին է ֆիլմը։ Եվ այս առումով երիցս ճիշտ էին մեր անվանի կինոգործիչները՝ նկատելով, թե այս ֆիլմերից շատերը վաղուց արդեն գոյություն չունեն, սակայն կրկին վերակենդանացել են էնտուզիաստների շնորհիվ։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը տեղեկացրեց, որ կատալոգն արդեն հասցրել է նկատվել դրսում եւ անգամ պատվոգրի արժանանալ։ Ռուսաստանի Կինոգետների միությունը պարգեւատրել է Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիային՝ «Յուրօրինակ կինոգիտական աշխատանքի համար» մրցանակով։ Իսկ Վրաստանից ժամանած կինոգործիչ Գարրի Կունցեւը, որ երկար տարիներ աշխատել է Ս. Փարաջանովի հետ եւ անգամ գիրք է հրատարակել տաղանդավոր կինոռեժիսորի մասին, նկատեց, որ, ինչպես պատմությամբ, այնպես էլ՝ արվեստի եւ մշակույթի նկատմամբ մեր կառավարությունների անտարբերության առումով մեր երկու երկրների ճակատագրերը նույնն են։ Ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը կատալոգներից նվիրեց հայ կինոյի տարբեր ոլորտների երախտավորներին։ Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը հուզվել էր. «Շշմած եմ։ Էնտուզիաստների անուններ լսեցի ու մտածում եմ՝ մեր ժամանակներում ո՞ւմ է սա պետք։ Ինչքա՜ն լավ է, որ այսպիսին ենք նաեւ»։ Ու մինչ կինոգետ Սուրեն Հասմիկյանը կընդմիջեր, թե՝ «Դե, խելառ ենք, էլի, խելա՛ռ», պրն Միրզոյանը շարունակեց. «Մեր ժողովուրդը մի կողմից մուխտառ ժողովուրդ է, մյուս կողմից՝ հրաշք»։ Նա հիշեց մեր բոլոր մեծ կոմպոզիտորներին, որոնք նաեւ կինոյի համար էին երաժշտություն գրում, կինոյի հետ էին կապված՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Աշոտ Սաթյան եւ այլք։ Հայ կինոյի լեգենդար օպերատոր Ալբերտ Յավուրյանը համոզված էր, որ այս աշխատանքի գնահատականը մենք որքան էլ փորձենք տալ, չի ստացվի, այս գնահատականը եկող սերունդները կտան։ Նա առանձնահատուկ շնորհավորեց այս գործի հովանավորներին. «Ո՞վ է տեսել, որ հիմա կինոյի համար փող տան։ Տեսնես ովքե՞ր են այդ մարդիկ՝ լրտե՞ս, հետախո՞ւյզ, թե՞ Աստծո հրեշտակները»։ Բանից պարզվեց, որ այդ լրտես-հրեշտակները «Սորոսի» հիմնադրամն ու «IATP փոքր դրամաշնորհների ծրագիրն» են։ Կինոգետ Միքայել Ստամբոլցյանը թեեւ վիրավորված էր Կինեմատոգրաֆիստների միությունից (նախագահ՝ Սերգեյ Իսրայելյան), քանի որ «այդ ահռելի շենքում, ինչպիսին Կինոյի տունն է, այդպես էլ չգտնվեց մի փոքրիկ ազատ սենյակ, ինչպես «Գարունում» (ասոցիացիան այժմ սենյակ է զբաղեցնում «Գարուն» ամսագրի խմբագրության տարածքում), որտեղ կարելի կլիներ աշխատել», այնուամենայնիվ, կատալոգի մի օրինակ էլ նվիրեցին Կինեմատոգրաֆիստների միությանը։ «Հայկական կինո։ 1924-1999» կատալոգի եւ www.arm-cinema.am ինտերնետային էջի շնորհանդեսին անմիջապես հաջորդեց «Մասնավոր հայացք-2001» կինոփառատոն-սիմպոզիումի փակումը։ Փառատոնի վերջին օրը հայ հանդիսատեսի դատին հանձնվեցին լատվիացի եւ թուրք կինոգործիչների աշխատանքները։ Հետաքրքիրն այն է, որ թուրք կինոգործիչների նկարահանած ֆիլմը համշենահայերի մասին էր (այս ֆիլմը եւս 4 ֆիլմերի հետ արժանացավ «Լավագույն ազգային ֆիլմ» մրցանակին)։ Չնայած չնչին, անգամ զրոյական բյուջեին, «Մասնավոր հայացք-2001» փառատոնը կատարեց իր առաքելությունը՝ ներկայացնելով 5 արտասահմանյան երկրների եւ հայկական 55 անկախ կինոստուդիաներից 16-ի կինոարտադրանքը հայ արվեստասերներին։ Մնում է հուսալ, որ մի օր էլ կիրականանան փառատոնի հիմնական նպատակները, այդ թվում՝ քաղաքական, էթնիկական, կրոնական պատճառներով սեփական հայացքների ազատ արտահայտման սահմանափակումների վերացումը։ Իսկ «Մասնավոր հայացքին» մաղթենք, որ հաջորդ փառատոնի ժամանակ ֆինանսական խնդիրները պատճառ չդառնան ցանկացած երկրից ցանկացած քանակով կինոարտադրողներ հրավիրելուց հրաժարվելու։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել