Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Դեկտեմբեր 06,2001 00:00

ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա նիստը վերածվեց զավեշտի։ Դատական նիստի մասնակիցները կարծես մոռացան, թե որտեղ են գտնվում եւ ինչ գործով։ Խելոք երեւալու առանձնակի ճիգեր էր գործադրում ամբաստանյալ Կարեն Հունանյանը։ Մեկ այլ ամբաստանյալի՝ Համլետ Ստեփանյանի պաշտպանը, իր պաշտպանյալի գործողությունները փոխադրեց Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքի ժամանակաշրջան՝ Գիքորի դերում պատկերացնելով Համլետին, որին անհասկանալի «Բազազ Արտեմը» «էստի համեցեքի» դեր էր վերապահել։ Մեկ այլ պաշտպան մոռացել էր իր գործընկեր փաստաբանի ազգանունը, մեկ ուրիշն էլ՝ Նաիրի Հունանյանի պաշտպանը, մոռացկոտության կարճատեւ պոռթկումներ էր ունենում այն ժամանակ, երբ դիմում էր ամբաստանյալ Կ. Հունանյանին անունով։ Պաշտպանական կորպուսը երեկ մեկով նվազեց։ Ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը հայտարարեց, որ միջնորդություն է ուղարկել (թեեւ ինքը գտնվել է դատարանում եւ կարող էր միջնորդությունն այնտեղ անել), որը տեղ չի հասել։ Ըստ այդ միջնորդության, նա հրաժարվում է իր պաշտպանից՝ փաստաբան Արարատ Բագրատունուց, որը, նրա կարծիքով. «Լիարժեք չի ներկայացնում իր շահերը» եւ, որ իրեն մեկուսարան է այցելել 2-3 անգամ։ Հայաստանի փաստաբանների միության անդամ, պետպատվերով այս քրգործին ներգրավված պաշտպանը՝ Ա. Բագրատունին, ասաց, որ ինքը նրան տեսել է դատարանի դահլիճում եւ կարիք չկար նրան տեսնել մեկուսարանում, որ իր գործողությունները եղել են բաց եւ Բեջանովի հետ համաձայնեցված։ Սակայն պաշտպանը երկու անգամ իր խոսքում ակնարկեց, թե կհրապարակի որոշ փաստաբանական գաղտնիքներ։ Մի դեպքում էլ ասաց, թե հարցեր կան, որոնք առնչվում են փաստաբանական գաղտնիքի հետ։ Պաշտպանից ամբաստանյալ Բեջանովը հրաժարվեց ընդհանրապես, իսկ իրենց գործընկերոջը հարցեր տալու ժամանակ էլ պարզվեց, որ նրա դիրքորոշումը չեզոք է եղել, որ նա, փաստորեն, որեւէ կերպով «չի ուղղորդել» ցուցմունքներ տալու համար։ Դահլիճից հնչեց. «Բա դու ինչո՞վ ես օգնել»։ Դիտորդների կարծիքով, Ա. Բագրատունին մեկ սխալ թույլ տվեց, որը չէր բխում «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքից, որով նա պարտավոր է իր վստահորդի գաղտնիքները պահպանել։ Դատարանը հարգեց միջնորդությունը, եւ Բեջանովը պաշտպան չունի։ Յոթ ամբաստանյալներից պաշտպան չունի նաեւ ամբաստանյալ Կ. Հունանյանը։ Երեկվա դատաքննությունը շարունակվեց Նաիրի Հունանյանի հարցաքննությամբ, որը շարունակ հարցեր էր տալիս եղբորը՝ նրա նկատմամբ նախաքննական մարմնի գործադրած ճնշումների մասին։ Ի դեպ, մեր տպավորությամբ, կարծես, արդեն քրեական գործ էր հարուցվել նախաքննությունն իրականացնող մարմնի նկատմամբ եւ դահլիճում միակ տուժողներն էլ վանդակաճաղի ետեւում գտնվող ամբաստանյալներն էին։ Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը կոչ արեց խոսել ըստ էության, քանի որ գործն առնչվում է հոկտեմբերի 27-ի իրադարձություններին։ Հետաքրքիր է, որ ամբաստանյալ Ն. Հունանյանը մեղադրանքին մոտեցավ մի քանի հարցերի ժամանակ. «Պետությունը թուլացնելու, իշխանությունը զավթելու, ԱԺ շենքին վնաս տալու, վիրավորներին սպանելու նպատակ ունենալու» մասով։ Ինչին ամբաստանյալ եղբայրը պատասխանեց ժխտողական։ Փաստորեն ստացվում էր, որ ամբաստանյալ Կ. Հունանյանը ոչ մի նպատակ չի ունեցել ԱԺ մտնելու։ Այդ դեպքում չպատճառաբանվեց, թե ինչու են նրանք (եթե հավատանք ամբաստանյալին) ԱԺ մտել։ Ն. Հունանյանի հարցաքննությունն ավարտվեց 13։30-ին եւ հարցաքննության հնարավորություն ընձեռվեց պաշտպանական կողմին։ Կ. Հունանյանին հարցեր տվեցին պաշտպաններ Աղասի Աթաբեկյանը, Մարուսյա Չիլինգարյանը (Արարատ Բագրատունուց մինչ հրաժարվելը Բեջանովը չցանկացավ, որ իր պաշտպանը հարցեր տա), Կարո Աղաջանյանը, Բենիկ Մինասյանը։ Հետաքրքիր է, որ այս պաշտպանները տալիս էին նույն այն հարցերը, որը օրեր շարունակ հնչել է դատարանում։ Միակ նորույթն այն էր, որ «շնորհիվ» Բենիկ Մինասյանի՝ «պարզվեց», որ Կ. Հունանյանին մարմնի տարբեր մասերին հարվածել են ռետինե մահակներով։ Սակայն Բ. Մինասյանը չհարցրեց, թե մինչեւ ռետինե մահակների գործադրումը ամբաստանյալ Կ. Հունանյանն ի՞նչ էր անում ԱԺ-ում, երբ հանգուցյալ վարչապետի դիակին ավտոմատով հարվածներ էր հասցնում… Պաշտպանների հարցաքննությունից հետո սկսվեց մեղադրող Գագիկ Ավետիսյանի հարցաքննությունը։ Նա փորձում էր ճշտել, թե ինչ դիրքորոշում է ունեցել ամբաստանյալը Վազգեն Սարգսյանի, նրա կառավարության նկատմամբ։ Դա առիթ հանդիսացավ, որ ամբաստանյալը նորից գործադրի իր այն բառամթերքը, որը սկսվում է «բռնապետ» բառով եւ ավարտվում «կեղեքիչ», «ցեղասպան» բառերով։ Ի դեպ, ամբաստանյալն այլեւս սպառված է, քանի որ որեւէ էական հանգամանք ցանկություն չունի հայտնելու դատարանին։ Նա հաճախ ապավինում է՝ «Նաիրին այդ մասին արդեն ասել է» արտահայտությանը, որը նշանակում է, որ իր եղբոր ասածից բացի ավելացնելու ոչինչ չունի։ Որ եղբայրը նրա համար մնում է հեղինակություն, մեկ անգամ եւս հնչեց երեկ, երբ նա պատասխանելով պաշտպանական կողմի հարցերից մեկին՝ ասաց. «Ն. Հունանյանը անհատականություն է, եւ փաստերն ինքնին վկայում են նրա անհատականության անհատականությունը»։ Մեղադրողի այն հարցին, թե ինչն առիթ հանդիսացավ իշխանափոխության դիմելու համար, ամբաստանյալ Կ. Հունանյանը ամբարտավան տոնով պատասխանեց. «Ես սցենարիստ չեմ, որ սցենար գրեմ։ Բռնի իշխանափոխության չենք գնացել։ Բռնապետության դեմ ենք գնացել»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել