Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ

Դեկտեմբեր 06,2001 00:00

Վերականգնում-4 Ոչ մի տարի բյուջեով աղետի գոտուն հատկացումներ չեն արվում։ Դրա վերականգնման համար բաշխումներ կատարվում է սեփականաշնորհումից ստացված գումարներից։ Այս տարվա սեփականաշնորհման՝ մեկը մյուսի հետեւից տապալվելու (կամ պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնելու) հանգամանքից, պարզվում է, ՀՀ քաղաքաշինության նախարարն ու նախագահն էլ անհանգստություն ունեն։ Դրա համար էլ աղետի գոտու համար այլ՝ դրամաշնորհային աղբյուր են նախատեսում։ Վերջինը, նույնիսկ եթե ոչինչ չի ծախվում մեր երկրում, ըստ նախարար Դավիթ Լոքյանի, ծածկում է եկող տարվա ծախսը՝ 14 մլն դոլար։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ծախվո՞ւմ է։ Լավ, չշտապենք հաշվել «նիսյա» փողերը։ Համենայնդեպս, այսպիսով ՀՀ նախագահն էլ անուղղակիորեն ընդունել է, որ սեփականաշնորհման վրա պետք չէ առանձնապես հույս դնել։ Թե ինչքանով արժե հենց իր՝ նախագահի վրա հույս դնել, արդեն աղետի գոտու բնակիչները թող ասեն։ Չգիտես ում սիրողական հաշվարկի արդյունքում նախագահն էլ «քաշվեց»՝ հայտարարելով, որ 2001-ին աղետի գոտի հասկացություն չի լինի։ 2001-ը վերջացավ, հասկացությունն էլ կա, աղետի գոտին էլ։ Այնպես որ, ԱԺ-ն ընդունել է արդեն 2001-2003 թթ. աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը։ Երեւի 2003-ին էլ մինչեւ 2005թ. ծրագիրը կընդունվի։ Այս հոռետեսության համար ոչ մի հիմք չի տալիս պաշտոնական վիճակագրությունը։ «2002թ. համար պլանավորվածը 30%-ի չափով իրականացրել ենք»,- երեկ հայտարարեց Դավիթ Լոքյանը։ 814 բնակարան է ամրացվել նախատեսված 492-ի փոխարեն, 1084 ընտանիքի բնակարանի ձեռքբերման վկայագիր է տրվել։ Ոչ միայն կրթական, մշակութային եւ առողջապահական օբյեկտներ են լիուլի հանձնվում շահագործման, այլեւ շենքերի ջեռուցում են սկսել իրականացնել։ Ավելին, եկող տարի ամրացման ոչ ենթակա շենքերի արտաքին տեսքը, տանիքը որոշակի ստանդարտների բերելու համար 1 մլն 350 հազար դոլար կտրվի համատիրություններին։ Ի՜նչ լավ ուտելու փող կլինի, եթե, իհարկե, կարողանան համատիրություն գտնել, որ տան այդ փողը։ Վերականգնման աշխատանքները 30%-ի չափով ուժեղացրե՜լ են Գյումրիում եւ Վանաձորում։ Նույն տեմպը կորդեգրե՜ն նաեւ Սպիտակի համար եւ այլն։ Մի խոսքով, այնքա՜ն պայծառ է աղետի գոտուն սպասվող ապագան, մանավանդ որ, այստեղի 25 հազար դրամ միջին աշխատավարձի փոխարեն այնտեղ վերականգնմանը մասնակցող 5-6 հազար աշխատողները 40 հազար են ստանում։ Մի խոշոր հիմնախնդիր էլ կա աղետի գոտում եւ դրա լուծման համար մեզ՝ լրագրողներիս օգնության կանչեց քաղաքաշինության նախարարը։ Մարդիկ տնակներից չեն տեղափոխվում պատրաստի բնակարանները՝ կարծելով, որ այդ դեպքում իրենց անապահովության միավորը կնվազի եւ նպաստից կզրկվեն։ Պարզվում է՝ լրագրողները կարող են նրանց տեղ հասցնել կառավարության հայտարարությունը, որ միավորները այդ դեպքում չեն նվազի։ Մինչդեռ դա պարզ վարչարարության խնդիր է։ Եթե, իհարկե, մեջտեղում փող աշխատելու ցանկություն չլինի։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել