Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց

Դեկտեմբեր 06,2001 00:00

ԿՅԱՆՔԸ՝ ԲԱՆԱԿՈՒՄ Հայոց բանակի մասին բոլորս էլ որոշակի կարծիք ունենք: Սակայն, կարծում եմ, ավելորդ չի լինի, եթե արդեն ծառայածների պատմածների հիման վրա՝ բանակի մասին նաեւ իմ տպավորությունը ընթերցողին ներկայացնեմ: Հանրապետության ծայրամաս, օրինակ՝ Ղարաբաղ, Հորադիզ, չընկնելու համար պահանջվում է որոշակի գումար: Պատահում է նաեւ այնպես, որ բանակ տանելու համար էլ է գումար պահանջվում. դա այն դեպքում է լինում, երբ ուսանողը որոշում է տարկետում վերցնել եւ ինքնակամ մեկնել հայրենիքին ծառայելու, իսկ նրան ասում են. «Հասկանու՞մ ես՝ մինչեւ այսինչ օրը գործերդ դժվար թե դասավորվեն»: Ուսանողի հայրը գալիս է Զինկոմիսարիատ՝ պարզելու, թե ինչպես է ստացվում, որ անձնուրաց երեխան, թողնելով Պետական համալսարանը եւ կուրսեցի 48 գեղեցիկ աղջիկ, ցանկանում է հայրենիքին զոհաբերել իր երիտասարդ, անհոգ կյանքի երկու տարին, իսկ նրա հերոսական արարքը չեն գնահատում: Զայրացած «պապայից» պահանջում են 200 դոլար, եւ այնպես է ստացվում, որ ՀՀ ՊՆ-ն ընդառաջ գնաց երեխային: Հավաքակայանում, բժշկական հանձնաժողովից պրծնելուց հետո, մոտ 700 պատանի մի սենյակ են տարվում, որի չափսերը չեն գերազանցում, ասենք, դպրոցական բուֆետի չափսերը: Հավաքակայանի ռազմական ոստիկանները տեղացի աբորիգենների տպավորություն են թողնում ապագա զինվորների վրա, բիրտ ու դաժան վերաբերմունք ցուցաբերելով եւ այնպիսի հայհոյանքներով, որ պատանիներն իրենց կյանքում առաջին անգամ են լսում: Այս սարսափ-ֆիլմը՝ արդեն զորամասի սպաների կատարմամբ, նրանց հետապնդում է երկու տարի շարունակ: Զորամասում զինվորին որեւէ բան սովորեցնելու փոխարեն, սպան նրան խեղճացնում է, պարբերաբար զինվորի վրա ձեռք, ոտք, ճաշարանում՝ նաեւ շերեփ, ափսե բարձրացնելով: Իսկ պատճառը՞: Պատճառները ամենատարբեր ու անմեղ են. օրինակ, նորեկ զինվորը, որը դեռ ծանոթ չէ կարգուկանոնին եւ գլխարկով է մտնում ճաշարան, սպայի կողմից կարող է հայրական իրավունքից զրկվել: Եթե զինվորը իրեն թույլ տա պատասխանել սպային գոնե «Խի՞ ես խփում»-ով, լավագույն դեպքում եւս մեկ ապտակ կստանա եւ տասը օրով կուղարկվի «գուբախտ», քանի որ, ըստ զինվորական կանոնադրության. 1. Սպան միշտ ճիշտ է: 2. Եթե սպան ճիշտ չէ՝ նայիր առաջին կետը: Օրենքով, զինվորին, որոշակի ժամկետ ծառայելուց հետո, եթե նա ոչ մի օրենք չի խախտել, արձակուրդ է հասնում: Սակայն զինվորի հրամանատարը դրա համար էլ կարող է գումար պահանջել: Մեկ օրը միջինը կազմում է տասը դոլար: Նմանօրինակ բազմաթիվ իրական դեպքեր կարելի է թվարկել, բայց չէ՞ որ սպան մեր պատկերացման մեջ մի վեհ իմացություն է, իսկ կանոնադրությամբ՝ զինվորին խփելու համար սպան խստագույնս պատժվում է: Որոշ զորամասերում շատ բարդ է զինվորների սնվելու հարցը՝ սննդամթերքի վրա կարելի է առնետներ նկատել, ճաշատեսակներից բորշչը, օրինակ, պարունակում է ջուր, կաղամբի հսկայական կտորներ, մեկ-երկու կարտոֆիլ եւ ճանճ: Այն զինվորը, որը «գողական» չէ, ճնշվում է նաեւ զինծառայող «ընկերների» կողմից: Այս թեմայով մանրամասներ ներկայացնել չեմ կարող, քանի որ ծառայած տղերքը հրաժարվում են զինվորների մասին վատ բաներ պատմելուց: Երբ արդեն մոտավորապես ծանոթ ես բանակային կյանքին եւ փորձում ես բուհում քաղաքացիական պաշտպանություն դասավանդող գնդապետի հետ վիճել այս հարցի շուրջ, նա պատասխանում է, թե հայկական բանակը դեռ շատ երիտասարդ է, եւ այն, ինչ մենք հիմա ունենք, մեծ նվաճում է: Հասկանում եմ, թե ինչպիսի «վնո ւշկեքի» մեջ եմ գցում դեռ չծառայածներին եւ նրանց ծնողներին, բայց սա դառը իրականություն է, եւ բոլոր այն ռեպորտաժները, օրինակ, «Զինուժով», որտեղ զինվորներ են ելույթ ունենում, ասելով, թե «Չէինք էլ սպասում, որ բանակում այսքան լավ կլինի», նրանք գրեթե միշտ կոնֆետով խաբված են լինում: Համ էլ այդ պահին զինվորի կողքին զգոն շան պես սպան է կանգնած լինում: Մեկ «ծուռ խոսք», եւ զինվորը պոտենցիալ դիակ է: Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել