Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ՄԻՇՏ ՄՏԱԾՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 06,2001 00:00

ՆԱ ՄԻՇՏ ՄՏԱԾՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՍԻՆ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում երեկ անդրադարձավ Մամուլի շենքի շուրջ աղմուկին. «Ըստ իս, այն ավելի շատ արհեստական է, հիմքեր չունի։ Մենք խստացումների չենք գնալու։ Ընդհակառա՛կն։ Կառավարությունն անընդհատ քննարկել է այն հարցերը, թե ինչով կարող ենք օգնել։ Բայց, ցավոք սրտի, ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ նմանվում են որոշ պատգամավորների, որոնք երբ կառավարությունը մի հարցում ցանկանում է փոփոխություններ կատարել, բայց լավ տարբերակը դեռ որոշված չէ՝ մեր մերժած տարբերակները վերցնում են ու դարձնելով օրենսդրական նախաձեռնություն՝ ուղարկում կառավարության քննարկմանը։ Այդպես էլ որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, իմանալով, որ կառավարությունը գնում է դրական քայլերի՝ մեր մերժած տարբերակները սկսում են քննարկել թերթերում։ Մենք ավելի շատ ենք մտածում իրենց օգնելու մասին, քան իրենք փորձում են ներկայացնել եւ ցուցադրել, թե իրենց ճնշման ներքո է կառավարությունը գնում այդ քայլերին»։ «Առավոտի» խնդրանքով, վարչապետն իր տեսակետը հայտնեց նաեւ «Հայմամուլի» սեփականաշնորհման վերաբերյալ. «Ըստ իս, հարկավոր էր նախկին դրվածքից հրաժարվել, քանի որ կա ազատ մամուլ, որը հարմարվել է շուկայական հարաբերություններին ու շատ լավ էլ գործում է։ Հարկավոր են արդեն մյուս բաղադրիչները. մամուլի արտադրանքի իրացումն էլ բերենք շուկայական հարաբերությունների եւ թողնենք ազատ մրցակցության դաշտում։ Թող կայացած մամուլը փորձի իրոք աշխատել եւ օգուտ քաղել իր բիզնեսից։ Մենք մամուլը դիտում ենք ոչ միայն որպես պրոպագանդայի միջոց, այլ նաեւ գործարարության տեսակներից մեկը, որի դիմաց ակնկալվում է շահույթ։ Իսկ շահույթի համար հարկավոր է ստեղծել հավասար դաշտ բոլորի համար, որպեսզի բնական ճանապարհով երեւա եւ ոչ թե որոշ սոցիոլոգիական հարցումներով պարզվի, թե որ թերթն ինչպիսի տարածում ունի, որքան է վաճառվում։ Թողնենք, որ շուկայի պայմաններում յուրաքանչյուրը եւ հասարակությունը զգա, թե ով ավելի շատ կարիք ունի այդ թերթն ընթերցելու։ Այսինքն, մենք գնում ենք այն ճանապարհով, որից չի տուժի մամուլը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել