Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կալանավորումը՝ «27»-ին վերաբերող նրա հայտարար

Դեկտեմբեր 06,2001 00:00

Կուսակցությունն ու Մուշեղ Սաղաթելյանը համակարծիք են Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կալանավորումը՝ «27»-ին վերաբերող նրա հայտարարություններից հետո, ներքաղաքական դաշտում միայն սկզբնական շրջանում ցնցում առաջացրին: Արդեն մի քանի ամիս է, ինչ Մ.Սաղաթելյանը կալանքի տակ է ու, թեեւ տեղեկություններ եղան, որ նրան առաջադրված 5 մեղադրական հոդվածներից գոնե 2-ը հնարավոր է, որ կարճվի, այդուհանդերձ, գործի նախաքննությունն ընթանում է: Ամբողջ թափո՞վ, թե՞ տեղ-տեղ կանգառներով՝ կարող է միայն Մ.Սաղաթելյանի փաստաբանը վկայել: Միեւնույն ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե Մ.Սաղաթելյանի ճակատագիրը հուզում է ոչ այնքան քաղաքական այն ուժերին, որոնք հայտարարում են իրենց՝ «27»-ի բացահայտմանը հետամուտ լինելու մասին, կամ երկրապահներին, որի վարչության անդամն է Մ.Սաղաթելյանը, որքան՝ ԶԼՄ-ներին: Համենայն դեպս, թերեւս, ոչ ոք չի կարող հիշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում որեւէ քաղաքական գործիչ կամ ուժ հասարակությանը հիշեցրած լինի նախագահ Քոչարյանին եւ նախարար Սարգսյանին «27»-ի կազմակերպման մեջ մեղադրած Մ.Սաղաթելյանի գոյության եւ նրա կատարած քայլի կարեւորության մասին: Երբ այս հարցով դիմեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, հաշվի առնելով, որ Մ.Սաղաթելյանի կալանավորման նախապատմությունը կապված էր հենց այս կուսակցության գրասենյակում ոմն գործակալի հայտնության հետ, կուսակցության ներկայացուցիչը նկատեց, թե իրենք ուշադրությամբ հետեւում են Մ.Սաղաթելյանի գործով նախաքննության ընթացքին, թե պարբերական շփումներ են ունենում վերջինիս հարազատների հետ եւ այլն: Երբ հարցրինք, թե ինչո՞ւ «Հանրապետություն» կուսակցությունը գործնական աշխատանք չի տանում Մ.Սաղաթելյանի ազատ արձակման ուղղությամբ, ինչի մասին այդ կուսակցությունը խոստացել էր իր հայտարարությամբ, պարոն Սուրենյանցը պատասխանեց, թե «Հանրապետությունը» այսօր էլ հավատարիմ է իր՝ Մ.Սաղաթելյանին զորակցելու եւ շուտափույթ ազատ արձակելու հայտարարությանը: Ավելին, նրա խոսքերով, կուսակցությունն իր հստակ դիրքորոշումն է հայտնել Մ.Սաղաթելյանի արած հայտարարությունների առիթով եւ հայտնել, որ համամիտ է «27»-ի առնչությամբ նրա հայտնած տեսակետներին: Ինչ վերաբերում է ավելի գործնական քայլերին, Ս.Սուրենյանցն ասաց, թե հատկապես նախաքննության ավարտից հետո իրենք բավարար տեղեկատվություն կունենան, թե ինչ հիմնավորմամբ են իշխանությունները մեղադրանքներ առաջադրել Մ.Սաղաթելյանին, եւ հենց այդ փաստերից ելնելով ավելի գործնական քայլեր կձեռնարկվեն: Միաժամանակ կուսակցության ներկայացուցիչը նկատեց, թե այդ գործի օբյեկտիվ քննության վերաբերյալ կուսակցությունն առանձին պատրանքներ չունի: Ի վերջո, Ս.Սուրենյանցը կրկնեց կուսակցության այն հստակ տեսակետը, թե «27»-ը չի կարող բացահայտվել այն իշխանությունների օրոք, որոնց պաշտոնավարության ընթացքում այն տեղի է ունեցել: Նույնը վերաբերում է նաեւ Մ.Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործին, մանավանդ, որ դրա կարեւորագույն մասը վերաբերում է հենց «27»-ի կազմակերպիչներին: Այդուհանդերձ, կուսակցության քաղխորհրդի անդամը վստահեցրեց, թե Մ.Սաղաթելյանն ամենեւին էլ կուսակցության կողմից մոռացության չի մատնվել, եւ վերջինս առաջիկայում եւս նախանձախնդիր կլինի նրա ազատ արձակման խնդրում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել