Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Դեկտեմբեր 06,2001 00:00

«ԵՍ ԱՉՔՍ ՇԱՏ ԿՈՒՇՏ ՄԱՐԴ ԵՄ» Ասում է գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը, որը խիստ հպարտ է ռայկոմի 1-ին քարտուղարի իր անցյալով։ -Ժամանակ առ ժամանակ հրապարակվում են այնպիսի լուրեր, որոնք վկայում են, որ Դուք նախարարական գործունեությունը փորձում եք համատեղել գործարարությանը։ Վերջին լուրն էլ այն էր, թե պատրաստվում եք վաճառել գյուղատնտեսության նախարարության մի մասնաշենքը, որպեսզի հետո այն գնեք անձնապես։ – Այդպես չէ։ Այսօր շատ քիչ նախարարություններ կարող են գլուխ գովել, որ իրենց մոտ կա կենտրոնացված ջեռուցում։ Մենք կարողացել ենք դրան հասնել։ Եվ խնայելու համար էլեկտրաէներգիան, քանի որ գումարներ չկան ծախսերը փակելու համար տաքացնում ենք շենքի մի մասը։ Իսկ մյուս մասնաշենքը, որ շատ հին շենք է, չի տաքացվում եւ այն դատարկել ենք, աշխատակիցներին խտացրել ջեռուցվող հատվածում։ Երբ եղանակը տաքանա՝ մարդիկ անպայման կվերադառնան իրենց տեղը։ Վաճառելու հարց չի էլ կարող լինել։ Այդ շենքը պատկանում է պետական գույքի կառավարման նախարարությանը։ Եթե մի բան մերը չէ՝ ո՞նց կարող ենք վաճառել։ Ինձ թվում է, նման լուրերը վատ տեղեկացված լինելու հետեւանք են։ – Ինչպե՞ս եք վերաբերվում այն մեղադրանքներին, թե Ձեր պաշտոնավարման օրոք գյուղնախարարությունում աճել է կոռուպցիան, գյուղատնտեսական քոլեջներում պետպատվերով տեղերը գրեթե 100%-ով կրճատվել են՝ «կոռուպցիայի պահանջները չկատարելու պատճառով»։ – Լավ չէ, որ այս հարցի վերաբերյալ էլ տեղեկացված չեն։ Չիմացածը որպես փաստ ներկայացնելը տգիտություն է։ Կառավարությունն է որոշում պետպատվերով տեղերի բաշխումը եւ քանակը։ Այդ հարցը կառավարությունում ներկայացնում է գիտության եւ կրթության նախարարությունը։ Իրոք, պետպատվերով մեր տեղերն այս տարի կրճատել են, որի համար արտակարգ լուրջ պատերազմի պես մի բան է ընթացել մեր եւ կրթության նախարարության միջեւ։ Բայց տեղեր չհատկացվեցին, թեեւ գրավոր բազմիցս դիմել էինք, խնդրել, որ ավելացնեն։ Մյուս կողմից, ո՞նց կարող են պետպատվերով տեղերը պակասել, բայց կոռուպցիան՝ ավելանալ։ Սա անհեթեթ է։ Ընդհանրապես, պատգամավորների այդ մեղադրանքների մեջ այնքա՜ն անհեթեթություններ կան։ Եթե ուզում եք գյուղնախարարության մասին ճշմարիտ մեկնաբանություններ լսել՝ ֆերմերներից հարցրեք, ոչ թե իրենցից։ Միայն 2001-ին հանրապետություն ավելի շատ է ձրի սերմ մտել, քան նախորդ 10 տարիների ընթացքում։ Ինչ խոսք, կարող են եւ թերություններ լինել, բայց դրանք այն չեն, ինչ ասում են իրենք։ Գյուղնախարարությունն այսօր միակն է նախարարությունների մեջ, որտեղ գրեթե ամեն ինչ մասնավորեցված է։ Մեր համակարգում հիմնականում միայն մեր աշխատակազմը եւ գիտահետազոտական հիմնարկներն են, որոնց միջոցով մշակում ենք քաղաքականություն։ Նախ՝ ֆինանսական հոսքեր չկան մեր մոտ եւ նույնիսկ, եթե ուզենան էլ՝ չեն կարող չարաշահել։ Եվ երկրորդը, ես աչքս շատ կուշտ մարդ եմ եւ նման էժան բաների ետեւից չեմ գնում։ Անգամ վիրավորական է, որ ինձ նման փոքր բաների մեջ են կասկածում։ Ես նման բաների կարիքը չունեմ։ – Ունեւոր եք եղել մինչեւ նախարար դառնա՞լը։ – Այո, իհարկե։ – Եվս մի հարց կարիք ունի մեկնաբանության. արդյոք չի՞ խախտվում իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչը փորձում է մտնել քաղաքական դաշտ։ Խոսքը Ագրարային կուսակցության մասին է, որին Դուք, խախտելով օրենքը, տարածք եք տրամադրել գյուղնախարարության շենքում։ – Ես ոչ մի օրենք չեմ խախտել։ Ոչ մի տեղ ասված չէ, թե նախարարը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Գործադիր իշխանության ինձնից շատ ավելի հզոր ներկայացուցիչներ են զբաղվում քաղաքականությամբ։ Օրինակները Դուք գիտեք։ Ես կմատնանշեմ արտերկրի փորձը։ Այնպիսի հզոր մարդ, ինչպիսին Լուժկովն է, որին 24 ժամը չի հերիքում, ամենահզոր կուսակցություններից մեկի ղեկավարն է։ Հանրապետության նախագահ Մեհտիմիր Շամիեւը էլի ղեկավարում է կուսակցություն։ Այսինքն, համաշխարհային պրակտիկայում երբեք չի քննադատվում, երբ գործադիր ղեկավարը դառնում է քաղաքական կուսակցության առաջնորդներից մեկը։ Իսկ Ագրարային կուսակցությունը ժամանակավորապես է մեր շենքում՝ Դավիթ Վարդանյանի խնդրանքով։ Նրան դիմել էին տեղ հատկացնելու համար, պետական գույքի կառավարման նախարարն էլ խնդրեց մեզ այդ կուսակցությանը ժամանակավորապես տեղ տալ։ Մի սենյակ ենք տվել ընդամենը՝ ոչ մի օրենք չխախտելով։ … Այս բոլոր մեղադրանքները քաղաքական խաղեր են։ Հմայակի եւ իր խմբի ուզածը երկու բան է… – Նախ, որ իրենց հետ «կիսվե՞ք»։ – Եթե «կիսվելը» համագործակցության իմաստով են ասել՝ ես պատրաստ եմ։ Իրենց ուզածն ուրիշ բան է։ Նրանք կուզենային, որ այդ կուսակցության առաջնորդները լինեին իրենք։ Բայց բանն այն է, որ եթե Հմայակը կարող է այս կամ այն հարցում առաջնորդ լինել՝ գյուղատնտեսության մեջ նա չի՛ կարող առաջնորդ լինել, դա անհեթեթ է։ Գլուխ գովելու բան չէ, բայց ես գյուղատնտեսության մեջ շատ ճանաչված մարդ եմ։ Ինձ անընդհատ հիշեցնում են, որ ռայկոմի քարտուղար եմ եղել։ Շա՜տ կերազեին շատ-շատերը ռայկոմի քարտուղարներին այն ժամանակ գոնե բարեւ տային։ Այո՛, ես քարտուղար եմ եղել։ Եվ շա՛տ հպարտ եմ, որ ռայկոմի 1-ին քարտուղար եմ եղել։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Երբ որ Ագրարային կուսակցության առաջնորդը եւ ագրարային պետական քաղաքականության մշակողը (հանձին նախարարի)՝ նույն մարդն է, դրան միայն լավ կարելի է վերաբերվել։ – Այսպիսի մի ենթադրություն էլ կա, որ Դուք այս ձեւով հետապնդում եք քաղաքական նպատակներ։ Այսինքն, փորձում եք շահել ընտրազանգվածի 45%-ը կազմող գյուղացիության ձայները առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ – Այո՛։ – Դուք քաղաքական հավակնություննե՞ր ունեք։ – Այո՛, իհարկե։ Ինքս ինձ համար չունեմ քաղաքական հավակնություններ։ Բայց ես ուզում եմ, որ գյուղացիության շահերը անպայման ներկայացված լինեն օրենսդիր մարմնում։ Ինչպե՞ս կարող է քաղաքական կուսակցությունը չհետապնդել քաղաքական նպատակներ կամ չձգտել իշխանության։ – Դուք փորձելու եք իշխանությա՞ն անցնել։ – Մեր կուսակցությունն ուզում է տեղեր ունենալ Ազգային ժողովում, որպեսզի իր ներկայացուցիչների միջոցով առաջ մղի գյուղատնտեսության շահերը։ Հարցազրույցը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել